Սուրբ Ստեփանոսի տօնին կատարուեցաւ սարկաւագական ձեռնադրութիւն (25.12.2021)

Սուրբ Ստեփանոսի տօնին կատարուեցաւ
սարկաւագական ձեռնադրութիւն

   Դեկտեմբերի 25-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օրը, որը նաեւ Եկեղեցու անդաստանում ծառայող սարկաւագների տոնն է:  

    Բեկրառատ տոնի առիթով Արմաւիրի թեմի Սուրբ Աստուածածին եկեղեցում (ք. Էջմիածին),  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէն Գերաշնորհ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի ձեռամբ սարկաւագական ձեռնադրութեան արժանացան Գեւորգեան հոգեւոր ճեմարանի Է լսարանի 19 սաներ:

    Սուրբ Պատարագի ընթացքում` ձեռնադրութեան սուրբ խորհրդի աւարտին, Սրբազան Հայրը Սուրբ Ստեփանոսի մասունքակիր Աջով օրհնեց նորընծաներին, այնուհետեւ անդրադարձաւ սրբի վարքին ու քրիստոնէական եկեղեցու նահատակներին` ի մասնաւորի նշելով. «…Այդ նահատակների շնորհիւ է, որ մենք այսօր կանք իբրեւ քրիստոնեաներ, մեր Եկեղեցին կայ, որովհետեւ, ինչպէս Տէրտուղեանոսն էր ասում, Եկեղեցու հիմքը մեր մարտիրոսների արիւնն է: Ճիշտ այնպէս, ինչպէս մէկ տարի առաջ Արցախի, Հայաստանի սուրբ հողի համար նահատակուած հազարաւոր մեր որդիներն ու քոյրերը, մեր զաւակներն ու դուստրերը նահատակուեցին պահպանելու համար հայրենի հողը եւ հաւատքը: Նշանակում է` մենք պարտականութիւն ունենք իրենց հանդէպ: Պիտի խոնարհուենք նրանց սուրբ յիշատակի առջեւ, որ ապրենք մաքուր ու ճշմարիտ կեանքով եւ հեռու մնանք սատանայական բոլոր խաբէութիւններից»:

   Դիմելով նորաձեռնադրեալ սարկաւագներին` Վազգէն եպիսկոպոսը յորդորեց. «Այստեղ տեղին է, սիրելի սարկաւագնե՛ր, Աւետարանից յիշել մեր Տիրոջ պատգամը, որն ասում է. «Եթէ մէկն ուզում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գա իմ հետեւից (Մատթէոս 16:24)»: Ես հաւատում եմ, որ դուք լսել էք հէնց այս պատգամը, վերցրել էք ձեր խաչը ու եկել էք Քրիստոսի ետեւից: Կամաւորութեան սկզբունքով դուք էք ընտրել այս ծառայութիւնը: Ձեր յետագայ ամբողջ ծառայութեան ընթացքում ինքներդ էք կերտելու այդ ճանապարհը խաչի, որով դուք շարժուելու էք: Իսկ այդ ճանապարհը, որով քայլելու էք պիտի լինի աղօթքով, խոնարհումով, ծառայասիրութեամբ եւ նուիրումով: Դուք պէտք է լինէք սիրով լեցուն հանդէպ հաւատացեալ ժողովուրդը եւ ընդհանրապէս մարդկութիւնը: Այդ մեծ սերն է, որ ձեր մէջ պիտի հաստատի խաղաղութիւնը, աստուածային այն ուժն ու զօրութիւնը, որ ողջ ծառայութեան ընթացքում ձեզ առաջնորդելու է:  Եղէք ողորմած, ներողամիտ, եղէք միշտ մարդկանց հասկացող»:

   Քարոզի ընթացքում  պատարագիչ Սրբազանը նաեւ իր խորին երախտագիտութիւնը յայտնեց սարկաւագների ծնողներին` իրենց զաւակներին Քրիստոսի եկեղեցուն ընծայաբերելու համար:

   Վերջում Սրբազան Հայրն իր շնորհաւորանքներն ուղղեց Մայր Աթոռի կրթական հաստատութիւնների տեսչութեանը եւ միաբանութեանը Սուրբ Ստեփանոսի տոնի եւ սարկաւագական ձեռնադրութեան առիթով: