Նորին Սրբութեան շնորհակալական նամակը Պունտէսթակի Նախագահին

KarekinVehap

Ամենայն Հայոց Կաթողիկոսը
շնորհակալական նամակ է յղել Գերմանիայի Բունդեսթագի նախագահին

     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է յղել Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին եւ իր գնահատանքն ու երախտագիտութիւնը յայտնել յունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունման կապակցութեամբ:

bundestag1       Իր նամակում Նորին Սրբութիւնը, բարձրօրէն արժեւորելով պատմական արդարութեան վերականգնմանն ի նպաստ Գերմանիայի քաղաքական ու հասարակական գործիչների եւ ողջ ժողովրդի արտայայտած բարի կամքը, մասնաւորապէս ընդգծել է. «Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ու դատապարտմանն ուղղուած այս բանաձեւը կարեւոր քայլ է ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ 20-րդ դարասկզբին գործուած եղեռնագործութեան պատմական իրողութիւնը վերստին փաստելու, այլեւ կանխարգելելու այդօրինակ ոճիրների կրկնութիւնը պատմութեան մէջ: Կայացուած որոշումը մեծ վկայութիւն է եւ հրաւէր համայն աշխարհին` ընդվզելու եւ մերժելու երկրագնդի տարբեր անկիւններում մարդկութեան դէմ գործուած յանցանքների առնչութեամբ դրսեւորուող ժխտողական քաղաքականութիւնը:

      Ի դէմս Ձեզ, Մեր օրհնութիւնն ու գնահատանքն ենք յղում Գերմանիայի Բունդեսթագի անդամներին եւ բարեսէր ողջ ժողովրդին` մաղթելով անկոտրում կամք եւ նախանձախնդրութիւն մարդկային համընդհանուր արժէքների եւ իրաւունքների պաշտպանութեան աստուածահաճոյ առաքելութեան մէջ»:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատուական համակարգ Յունիս 3, 2016