Յաղթանակի ու Խաղաղութեան Տօն եւ Շուշիի Ազատագրման Օր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց
«Յաղթանակ» զբոսայգու յուշահամալիր

       Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Յաղթանակի ու խաղաղութեան տօնի եւ Շուշիի ազատագրման օրուայ առիթով, մայիսի 9-ին, ուղեկցութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների, այցելեց «Յաղթանակ» զբոսայգու յուշահամալիր:

         Անյայտ զինուորի յուշարձանին ծաղկեպսակներ զետեղելուց յետոյ Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանը, պետական այրերը, ՀՀ-ում հաւատարմագրուած դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարներ ու հասարակական գործիչներ յարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախեան հերոսամարտում զոհուածների անմահ յիշտատակին:

       Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առ Աստուած աղօթեց նրանց հոգիների հանգստութեան համար:

      Վերջում Նորին Սրբութիւնը յաղթական եռատօնի կապակցութեամբ իր շնորհաւորանքներն ու հայրապետական բարեմաղթանքները բերեց նաեւ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:

armenian3

ՇՆՈՐՀԱՒՈՐ ՏՕՆԴ՝ ՇՈՒՇԻ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ.
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՅԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ, ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԵՒ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՕՐԵՐՈՒ ԱՌԻԹՈՎ

       Յաղթանակի եւ խաղաղութեան տօնի, Շուշիի ազատագրման եւ Արցախի Պաշտպանութեան բանակի օրերի առիթով Հայրապետական Մեր օրնութիւնն ու շնորհաւորանքն ենք յղում համայն մեր ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ եւ ի Սփիւռս։

      Նուիրական է այս օրը մեր ժողովրդի համար, որ հերոսաբար իր աւանդն է բերել Հայրենական մեծ պատերազմի յաղթանակի կերտմանը՝ յանուն աշխարհում խաղաղութեան եւ ժողովուրդների ազատ ու առաջադէմ կեանքի։ Հայրենանուէր նոյն ոգով մեր ժողովուրդն ազատագրեց Շուշին՝ յաղթական նոր էջ յաւելելով ազգային մեր պատմութեան մէջ։ Այսօր մենք հանդիսաւորապէս նշում ենք նաեւ Պաշտպանութեան բանակի օրը, որն աննկուն ու քաջաբար պահպանում է Արցախի անվտանգութիւնն ու խաղաղութիւնը։

        Գոհութիւն Տիրոջը, որ մեր ժողովրդի զաւակները լի են վճռականութեամբ ու նախանձախնդրութեամբ հայրենիքի սահմանները պաշտպանելու եւ նորանոր իրագործումներով կերտելու լուսաւոր ու պայծառ գալիքը ազգի եւ հայրենեաց:

     Սուրբ Էջմիածնի կամարների ներքոյ Մեր աղօթքն ենք վերառաքում առ Բարձրեալ Տէրը, որ խաղաղ լինի հայոց երկինքը եւ անվտանգ ու անխռով ապրի մեր ողջ ժողովուրդը։ Թող Տէրը ամուր պահի հայրենի մեր պետականութիւնը, օրհնի եւ զօրակից լինի մեր ժողովրդին այսօր եւ յաւիտեանս. ամէն:

Օրհնութեամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ.
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ