Հանրապետական մաղթանք Արցախի խաղաղութեան

 5430bՀանրապետական մաղթանք
Արցախի խաղաղութեան համար

Ապրիլի 14-ին, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ ԱՅ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում կատարուեց Հանրապետական մաղթանք Արցախի ապահովութեան եւ խաղաղութեան համար:

Արարողութեանը ներկայ էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը, ԼՂՀ վարչապետ Արա Յարությունեանը, ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ կառավարութեան անդամներ, ՊԲ հրամանատարական կազմը, զինծառայողներ, երիտասարդներ եւ տարեցնէր:

Մաղթանքի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը փոխանցեց ներկայ բարեպաշտ արցախցիներին:

5465aՆ.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ԽOՍՔԸ ՇՈՒՇԻԻ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Եւ զխորհուրդն զոր խորհիք խափանէ Տէր,
զի Աստուած ընդ մեզ է » (Ժամագիրք):

Մեծարգոյ Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան,

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, քաջարի, յաղթող ժողովուրդ.

Այսօր Արցախի օրհնեալ հողում, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենախրկիչ եկեղեցում գոհաբանական աղօթք բարձրացրեցինք առ Աստուած, որ յաղթանակով պսակեց հայրենեաց պաշտպան մեր զաւակների պայքարը Արցախ ներխուժած թշնամու դէմ` խափանելով մեր ժողովրդի ազատ ապրելու իրաւունքին բռնանալու դաւադիր խորհուրդները:

Այս դժուարին օրերին, երբ լարուածութիւնն ու պատերազմի սպառնալիքը դեռ չի փարատուել, Մենք մեր հոգեւոր եղբօր` Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի հետ ցանկացանք այցելել Արցախի մեր ժողովրդին, Հայրապետական Մեր օրհնութիւնը եւ գնահատանքը բերել ձեզ, որ առ Աստուած հաւատքով ու արի ոգով հաստատուն կանգնած էք հայրենի հողին, անձնուիրաբար պաշտպանում էք հայրենիքի սահմանները: Արդարեւ, չկայ աւելի մեծ շնորհ ու մխիթարութիւն Հայրապետիս համար, քան լինել հարազատ ժողովրդի կողքին իր պայքարի այս նուիրական պահին, քաջալերել նրան իր հաւատարմութիւնը պահելու հայրենիքին, քրիստոնէական իր հոգուն, ազգի իղձերին ու լուսաւոր գալիքի տեսիլքին: Ազգը գոյութիւն ունի այնքան ժամանակ, քանի դեռ տեսիլք ունի եւ պայքարում է յանուն դրա իրագործման: Ասուածի լաւագոյն ապացոյցը Արցախի հանրապետութիւնն է, որը ոչ այլ ինչ է, եթէ ոչ մեր ժողովրդի ազատ ապրելու դարաւոր երազանքի մարմնացումը:

5366cՄեր հոգին լի է արդար հպարտութեամբ, քանզի մեր բանակի սահմանապահ միաւորումները, ինչպէս եւ` Արցախի մեր ժողովուրդը աներկիւղ դիմակայեցին ադրբեջանական զօրքերի յարձակմանը, ետ մղեցին սպառազինութեամբ գերազանցող հակառակորդին, որի մէջքին անսքօղ կանգնած է ցեղասպան Թուրքիան: Առաջին իսկ օրից դրսեւորուեց մեր բանակի մարտունակութիւնն ու քաջարի ոգին, մեր զինուոր զաւակները ցուցաբերեցին հերոսութեան բացառիկ օրինակներ: Նրանցից ոմանք իրենց ծաղկուն կեանքը, պայծառ երազները նուիրեցին հայրենիքին, մեզ` ապրողներիս, գալիք սերունդներին:

Սիրելիներ, հայրենեաց սիրոյ ոգին Արցախից տարածուելով այսօր համախմբում եւ միաւորում է մեր ողջ ժողովրդին ի սփիւռս աշխարհի: Հայաստանից, աշխարհի բոլոր կողմերից կամաւորնէր են ժամանում Արցախ, շարունակւում են հանգանակութիւնները ի խնդիր հրետանակոծուած մեր բնակավայրերի վերակառուցման, տուժած մեր զաւակների աջակցութեան, մեր բանակի զօրացման եւ սահմանների պաշտպանութեան: Անկախ հեռաւորութիւնից ամէն հայորդի իր նիւթական, թէ բարոյական սատարումով, մեր ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ջանքերով շտապում է լինել Արցախի կողքին, Արցախի զինուոր: Առ հայրենին սիրոյ, յանձնառութեան ու զոհողութեան այս ոգին է զօրաւոր այն ուժը, որ մեր ժողովրդին դարձնում է աննկուն ամէն տեսակ փորձութիւնների առաջ: Այս ոգին ինքնաբուխ է, մարդկային որեւէ ջանք ի զօրու չէ նման ոգեւորութիւն ստեղծել: Միայն հաւատքից ծնուած նուիրումը կարող է այսպիսի ներշնչում առաջացնել հոգիների մէջ: Այս ոգին մեր ժողովրդի ինքնութեան նկարագիրն է, դիմագիծը, որի շնորհիւ դարերի հողմերին յանդիման գոյատեւել է, գտել վերածնուելու ուժ եւ ստեղծելու, արարելու եռանդ:

Անկախութեան 25 տարիներին մենք ականատես ենք Արցախի իրական վերածննդին: Ականատես ենք, թէ ինչպէս Արցախի հայութիւնը իր աշխատանքով ու վաստակով շէնացնում է հայրենի երկիրը, կառուցում է իր ազատ նոր կեանքը, բարձրացնում է իր եկեղեցիները, իր դարաւոր սրբավայրերը, ապրում քրիստոնէական արժէքներով, մարտնչում խաղաղութեան ու արդարութեան համար:5235d

Արդար է մեր պայքարը, սիրելիներ: Մեր ժողովուրդը զէնք է բարձրացնում իր հայրենիքի, իր ազատ եւ խաղաղ կեանքի համար: Այս գիտակցութեամբ են հայ մայրերը պատերազմ ճանապարհում իրենց որդիներին, կինը` ամուսնուն, քոյրը` եղբօրը: Աստծոյ ողորմութեամբ մենք 25-ամեայ ազատութեան սերունդ ունենք այսօր, երիդասարդութիւն, ովքեր անձնուիրումով միանում են մեր ժողովրդի ազատ ապրելու իրաւունքի պաշտպանութեան պայքարին, մեր ժողովրդի խաղաղ ու բարօր կեանք կերտելու ջանքերին: Ազատ ապրելու իր արդարութիւնը Արցախը եւ նրա հետ մեր ողջ ժողովուրդը պիտի շարունակի պաշտպանել մինչեւ յաղթական աւարտ, մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան միջազգային ճանաչում: Եւ թող Աստուած շուտով արժանացնի այդ օրուան` նայելով մեր ժողովրդի հաւատքին, նուիրումին, ազգաշէն ու հայրենանուէր գործերին, քանզի ինչպէս սաղմոսերգուն է ասում, «Արդար է Տէրը, արդարութիւն է սիրում, ճշմարտութեանն է նայում երեսը նրա» (Սղմ. 10. 8):

Արդարութիւն եւ Ճշմարտութիւն է Արցախի ազատութիւնը: Արդարութիւն եւ Ճշմարտութիւն է Արցախի յաղթանակը:

5205eԱրդ, ամուր ու անսասան մնանք հաւատքի մէջ. հաւատքի մէջ, որ Աստուած մեզ հետ է: Պահպանենք մեր միաբանութիւնը, պահենք մեր զգօնութիւնը: Սիրենք միմեանց, մեր ուժը մեր եղբայրութեան ու միասնութեան մէջ է: Մեր յոյսը նախ մենք ենք եւ մեր Աստուած: Ամէնքս` ի զոհողութիւն ի սեր հայրենիքի, զոհողութիւն` ի սեր հայ ընտանիքների, զոհողութիւն` ի սեր մեր անկախութեան եւ ամենակարեւորը` զոհողութիւն ի սեր Աստծոյ: Այսպէս կարող պիտի լինենք պաշտպանել եւ միջազգային ճանաչման առաջնորդել Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու արդար իրաւունքը:

Վերստին Մեր գնահատանքը եւ օրհնութիւնն ենք բերում ձեզ, սիրելի բարեպաշտ զաւակներ, Հայոց բանակի քաջ մարտիկներ, մեր զօրակցութիւնը` Արցախի բարեխնամ իշխանութիւններին` ի գլուխ Նախագահ Տիար Բակոյ Սահակեանի, մեր խրախոյսն ու քաջալերանքը` մեր Եկեղեցու բարեջան սպասաւորներին, սիրելի առաջնորդ Պարգեւ Սրբազանին: Տոկունութիւն եւ յաղթութիւն ձեզ, քաջ արցախցիներ:

Ի խորոց սրտի Հայրապետիս աղօթքն է, որ Բարերար Աստուած շուտափոյթ ապաքինում պարգեւի վիրաւոր մեր զաւակներին, երկնային լուսեղէն հարկերում ընդունի հոգիները մարտերում զոհուած մեր զինուորների եւ խաղաղ բնակիչների, ոգու արիութիւն եւ սփոփանք շնորհի նրանց ընտանիքներին եւ հարազատներին: Թող Ամենակարողն Աստուած խաղաղութիւն պարգեւի Արցախ աշխարհին եւ համայն մեր ժողովրդին ի սփիւռս աշխարհի եւ օրհնի հայրենաշեն ջանքերը ազգիս, որ միշտ «հայրենեաց շողա արեւէ:

Թող Տիրոջ խաղաղութիւնը, ողորմութիւնն ու շնորհները լինեն մեզ հետ եւ համայն աշխարհի, այսօր եւ միշտ. ամէն: