Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց ՀՀ-ում Ռուս Եկեղեցւոյ Համայնքներու Կառավարչին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց
ՀՀ-ում Ռուս Եկեղեցւոյ Համայնքներու Կառավարչին

        Փետրուարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի եւ Ալանիայի Գերաշնորհ Լէոնիդ եպիսկոպոսին եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Իւան Վոլինկինին:

         Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախութիւնն արտայայտեց Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Պատրիարք Կիրիլ Ա-ի եւ Ս. Սինոդի որոշմամբ Վլադիկովկասի եւ Ալանիայի Լէոնիդ եպիսկոպոսին ՀՀ-ում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ նշանակելու կապակցութեամբ:

     Անդրադառնալով երկու ժողովուրդների` փոխադարձ յարգանքով ու համագործակցութեամբ յատկանշուած բազմադարեայ յարաբերութիւններին` Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ ընդգծեց, որ Ռուս Եկեղեցու կողմից բարձրաստիճան եկեղեցականի նշանակումը իւրայատուկ վկայութիւնն է առկայ ջերմ բարեկամութեան:         

        Ամենայն Հայոց Հայրապետը վստահութիւն յայտնեց, որ այդ քայլը աւելիով կը նպաստի Հայաստանեայց Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջեւ առկայ սերտ կապերի եւ գործակցութեան զօրացմանն ու ամրապնդմանը: 

       Իր հերթին Լէոնիդ եպիսկոպոսը երախտիքի խօսք յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելութեան համար` կիսուելով նաեւ Հայաստան եւ Մայր Աթոռ կատարած իր այս առաջին այցի տպաւորութիւններով: Լէոնիդ Սրբազանը եւս կարեւորեց բարեկամական սերտ գործակցութիւնը երկու Եկեղեցիների ու ժողովուրդների միջեւ՝ վստահեցնելով Նորին Սրբութեանը, որ իր ծառայութեամբ անելու է ամէնը `նպաստելու փոխայարաբերութիւնների զարգացմանը:
    Վերջում Վեհափառ Հայրապետն իր եղբայրական ողջոյններն ու սէրը փոխանցեց Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Պատրիարքին, իսկ Գերաշնորհ Լէոնիդ եպիսկոպոսին մաղթեց բեղուն ծառայութիւն Հայաստանում:   

   Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը: