Ի ՏԷՐ ՆՆՋԵՑ Տ. ՄԵՍՐՈՊ ԱՐՔ. ԳՐԻԳՈՐԵԱՆ

Կատարուեցաւ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորեանի
յուղարկաւորութեան արարողութիւնը

         Յունուարի 30-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցաւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագոյն միաբաններից Գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորեանի յուղարկաւորութեան արարողութիւնը:

      Արարողութենէն առաջ, Ս. Գայանէ վանքին մէջ, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեցաւ Եկեղեցական կարգը: Այս վշտալի առիթով խօսեցաւ Ամենայն Հայոց Հայրապետը` մասնաւորապէս անդրադառնալով հանգուցեալ Մեսրոպ Սրբազանի լուսաւոր կերպարին եւ Եկեղեցւոյ անդաստանին մէջ իր արդիւնաւոր ու բազմամեայ ծառայութեանը:

   Նորին Սրբութիւնը ընդգծեց, որ Մեսրոպ Սրբազանին ճանչցած է որպէս էջմիածնասէր, նուիրեալ եկեղեցականի, ով մշտապէս նախանձախնդրօրէն հանդէս է եկել ի պաշտպանութիւն Մայր Աթոռի շահերի եւ մինչեւ կեանքի վերջին ակնթարթն ապրել է այդ գիտակցութեամբ, նոյն նուիրումով իր ծառայութիւնը բերելով Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցիին:

    Վեհափառ Հայրապետն անդրադարձաւ նաեւ միջեկեղեցական ասպարէզի մէջ Սրբազան Հօր գործունէութեանը եւ գիտակրթական բեղուն կեանքին:

  Ամենայն Հայոց Կաթողիկոսը, յաւելելով, որ վաստակաշատ Մեսրոպ արքեպիսկոպոսի վախճանը մեծ ցաւ է եւ կորուստ Հայ Եկեղեցու համար, Բարձրեալին հայցեց երկնքի լուսաւոր օթեւաններում ընդունել հանգուցեալ Իր ծառայի հոգին:

  Վեհափառ Հայրապետը նաեւ իր պատգամը փոխանցեց երիտասարդ միաբաններին` ճանաչել Սրբազան Հօրն իր թողած հարուստ վաստակով, ոգեշնչուել նրա կերպարով եւ իրենց հոգիներում կրել եկեղեցանուիրումի եւ էջմիածնասիրութեան նոյն ոգին:

     Եկեղեցւոյ կարգի աւարտին, նախագահութեամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանի, կատարուեցաւ հանգուցեալ Սրբազանի թաղման կարգը: Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորեանի աճիւնն ամփոփուեցաւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը:

* * *

HayKreutz2

ՄԱՀԱԶԴ

Ի Տէր ննջեց

Տ. Մեսրոպ Արք. ԳՐԻԳՈՐԵԱՆԸ

           Խոր ցաւով տեղեկացնում ենք, որ յունուարի 14-ի երեկոյեան, կեանքի 85-րդ տարում, Աւստրիայում վախճանուել է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նուիրեալ սպասաւոր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագոյն միաբաններից Գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորեանը:

     Բազմավաստակ Մեսրոպ Սրբազանի վախճանը մեծ կորուստ է Հայոց Եկեղեցու համար։

     Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մայր Աթոռի ողջ միաբանութիւնը սգում են հոգելոյս Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորեանի մահը եւ աղօթում նրա հոգու հանգստութեան համար։

                Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

* * *

Տ. Մեսրոպ Արք. Գրիգորեանի Յուղարկաւորութիւնը
տեղի կ’ունենայ Յունուարի 30-ին

            Յունուարի 30-ին Ս. Գայանէ վանք կը բերուի Աւստրիոյ մէջ Յունուարի 14-ին վախճանուած` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Մեսրոպ Արք. Գրիգորեանի աճիւնը:

     Ժամը 11:00-ին կը կատարուի եկեղեցական կարգը, ապա յուղարկաւորութեան արարողութիւնը:

     Մեսրոպ Սրբազանի մարմինը կ՝ամփոփուի Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը:

 ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորեանը (աւազանի անունը՝ Գեւորգ) ծնուել է 1932 թ. հոկտեմբերի 25-ին, Սիրիայի Հալէպ քաղաքում:

1939-46 թթ. նախնական կրթութիւնը ստացել է տեղի Հայկազեան հայկական վարժարանում:

1946-47 թթ. սովորել է Հալեպի Բէթէլ վարժարանում:

1947 թ.` վարժարանն աւարտելուց յետոյ, ընդունուել է Անթիլիասի դպրեվանք:

1952 թ. ձեռամբ Գերաշնորհ Տ. Դերենիկ եպիսկոպոս Փոլադեանի ձեռնադրուել է սարկաւագ:

1952 թ. համապարփակ ուսումնասիրութիւն է գրել Ստեփանոս արքեպիսկոպոս Սիւնեցու մասին, որը  հրատարակուել է 1958 թ.Բէյրութում:

1953 թ. յունիսին աւարտել է դպրեվանքը եւ յուլիսին ձեռամբ Գերաշնորհ Տ. Դերենիկ եպիսկոպոս Փոլադեանի ձեռնադրուել կուսակրօն քահանայ` ստանալով Մեսրոպ անունը:

1953-1956 թթ. դպրեվանքում դասաւանդել է Հայոց պատմութիւն, Գրաբար եւ Մատենագրութիւն առարկաները, միաժամանակ պաշտօնավարել է որպէս գրադարանի փոխտնօրէն, Ձեռագրատան գլխաւոր պատասխանատու եւ տպարանի տեսուչ:

1956 թ. պաշտպանել է վարդապետական թեզ «Կիլիկիոյ կաթողիկոսութեան` Անթիլիասի ձեռագրերի ընդարձակ նկարագրութիւնները» թեմայով եւ Աստուածածնի վերափոխման տօնին վարդապետական աստիճան է ստացել` ձեռամբ Գերաշնորհ Տ. Խադ արքեպիսկոպոս Աջապահեանի:

1956-57 թթ., 10 այլ միաբանների հետ կողմնորոշուելով ի նպաստ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան, եղել է Անկախ Միաբանութեան դպրեվանքի տեսուչ: Տեսչութեան ընթացքում, ուսանողների հետ Բիքուայայից հեռացուել է, ապա հաստատուել Բէյթ Մերի գիւղում` հայ ազգայինների հովանաւորութեամբ մէկ տարի եւս շարունակելով դպրեվանքի դասերը եւ տեսչութիւնը:

1957-1958 թթ. Բէյրութի Հովակիմեան-Մանուկեան երկրորդական վարժարանում դասաւանդել է Կրօն, Գրաբար եւ Մատենագրութիւն, միաժամանակ հովուութիւն անել։

1957-58 թթ. «Սփիւռք» շաբաթաթերթի հիմնադիրներից եւ հրատարակիչներից է եղել:

1959 թ. Գալուստ Կյուլպենկեան հիմնադրամի մրցանակ-կրթաթոշակով մեկնել է Անգլիայի Դարհըմ (Durham) համալսարան` հետեւելու Արեւելագիտութեան եւ աստուածաբանութեան դասընթացներին:

1959 թ. ամռանը մեկնել է Վիեննա, ծանօթացել հայ համայնքին, այնուհետեւ, 1959-61 թթ. ուսման տարիներին, եղել է Վիեննայի այցելու հոգեւոր հովիւ:

1961 թ. աւարտել է համալսարանի արեւելագիտութեան բաժինը եւ սկսել աշխատանքը «Հայ ժողովրդի մասնակցութիւնը Օսմանեան հանրային կեանքին Արեւելեան Անատոլիայի եւ Սիրիայի մէջ 1860-1908 թթ.» դոկտորական թեզի վրայ:

1962 թ. յունուարից Ն․Ս․Օ․Տ․Տ․ Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակուել է Վիեննայի հոգեւոր հովիւ:

1964 թ. յունիսին ստացել է արեւելագիտութեան դոկտորի գիտական աստիճան: Նոյն թուականի յուլիսին կազմակերպել է Վիեննայի Ս. Հռիփսիմէ եկեղեցու հիմնօրհնէքը:

1964 թ. Սրբազանը ակտիւօրէն գործակցել է կարդինալ Ֆրանց Կեօնիգի կողմից հիմնադրուած «Պրոյ Օրիենտէ» կազմակերպութեան հետ։ Նոյն թուականին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` ձեռամբ Վազգէն Ա Կաթողիկոսի, ստացել է ծայրագոյն վարդապետի աստիճան:

1964-74 թթ. եղել է Մայր Աթոռի պաշտօնական ներկայացուցիչը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդում:

1964-78 թթ. միաժամանակ հովուել է Յունաստանի հայ համայնքին:

1969 թ. պաշտօնապէս նշանակուել է «Պրոյ Օրիենտէի» աստուածաբանական խորհրդատու եւ Մայր Աթոռի ներկայացուցիչ: 1970 թ. «Պրոյ Օրիենտէի» խորհրդատուական մարմնի հետ կազմակերպել է Հին Արեւելեան Ուղղափառ եւ Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների միջեւ անպաշտօն երկխօսութիւն։

1979 թ. Սրբազան Հայրը նշանակուել եւ 1980 թ. յունուարին հայրապետական կոնդակով հաստատուել է որպէս Կենտրոնական Եւրոպայի եւ Շուէդիայի հայրապետական պատուիրակ:

1980 թ. Վազգէն Ա Հայրապետի կողմից նշանակուել է Հայ Եկեղեցու կանոնադրութեան մշակման յանձնախմբի անդամ:

1986 թ. սեպտեմբերի 21-ին, ձեռամբ երջանկայիշատակ Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրուել է եպիսկոպոս:

1992 թ. 60-ամեակի առթիւ ստացել է արքութեան պատիւ:

2002 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 70-ամեակի առթիւ պարգեւատրուել է Հայ Եկեղեցու «Ս. Ներսէս Շնորհալի» շքանշանով:

2003 թ. հոկտեմբերի 5-ին քահանայական ձեռնադրութեան 50-ամեակի առթիւ պարգեւատրուել է Հայ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշանով:

1981 թուականից Վիեննայի Համասարանի Բիւզանդագիտութեան բաժնում Մեսրոպ Սրբազանը դասաւանդել է «Հայ ժողովրդի քաղաքական պատմութիւն» եւ գրաբար, դասախօսութուններ կարդացել «Հայ միջնադարեան մատենագրութեան», «Քրիստոսաբանական վէճեր Բիւզանդական կայսրութեան մէջ» թեմաներով: 1986 թ. Վիեննայի համալսարանը Սրբազան Հօրը շնորհել է  պրոֆէսորի կոչում:

Սրբազան Հայրը հեղինակ է մի շարք գրքերի, առանձին ուսումնասիրութիւնների եւ յօդուածների («Ստեփանոս արքեպիսկոպոս Սիւնեցի» ուսումնասիրութիւնը, «Հայ ժողովրդի մասնակցութիւնը Օսմանեան հանրային կեանքին Արեւելեան Անատոլիայի եւ Սիրիայի մէջ 1860-1908թթ.» դոկտորական աշխատանքը, գերմաներէնով «Ֆրանց Վերֆել եւ Կոմիտաս» գիրքը եւ «Հայ Եկեղեցին» ուսումնասիրութիւնը, «Հրատարակիչ Վանանդեցիները» եւ «Սեբէոս պատմիչի գրքի վերականգնման մասին» ուսումնասիրութիւնները, 6 հատոր Կրօնի դասագիրք):

Տեղեկատուական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցի
15 Յունուար 2017