Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. հանդիպեցաւ Գերմանիոյ նախկին նախագահ Եօհակիմ Գաուկի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեցաւ
Գերմանիոյ նախկին նախագահ Եօհակիմ Գաուկի հետ

      Հոկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Եւրոպայում Ռեֆորմացիայի 500-ամեայ յոբելեանի յիշատակութեան միջոցառումների շրջանակներում, պաշտօնական ընդունելութեամբ հանդիպեցաւ Գերմանիոյ Դաշնային Հանրապետութեան նախկին նախագահ պրն. Եօհակիմ Գաուկի հետ:

       Նորին Սրբութեանն ուղեկցում էին Գերմանիոյ հայոց թեմի առաջնորդ, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիար-քութեան պատրիարքական տեղապահ Գերշն. Տ. Գարեգին Արք. Բեքչեանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերշն. Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդեանը եւ Գերմանիոյ հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Սերովբէ վարդապետ Իսախանեանը:

   Վեհափառ Հայրապետն իր ուրախութիւնը յայտնեց Գերմանիոյ Բունդեսթագում Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործում իր կարեւոր ներդրումը բերած Գերմանիոյ նախկին նախագահի հետ հանդիպման առիթով:

        Նորին Սրբութիւնը տիար Գաուկին նաեւ ներկայացրեց անկախութիւնից յետոյ ժողովրդի հոգեւոր վերազարթօնքի ու Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ձեռքբերումների համառօտ պատկերը, ինչպէս նաեւ Հայոց Եկեղեցու ծաւալած գործունէութիւնը միջեկեղեցական ու միջկրօնական ոլորտում:

     Զրոյցի ընթացքում ընդգծուեց քրիստոնէական արժէքների հոգեւոր ու մշակութային կարեւորութիւնը եւ դրանց հանդէպ հաւատարմութիւնը հասարակութիւնների կեանքից ներս: