Մօր ձեռքերը (Պարոյր Սեւակ)

        ՄՕՐ ՁԵՌՔԵՐԸ

Այս ձեռքերը` մօ՜ր ձեռքերը,
Հինաւուրց ու նոր ձեռքերը…
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակուելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով ,
Երազանքո՜վ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լոյսը մինչեւ լոյս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնուել,
Նրա արդար կաթով սնուել:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռութեա՜մբ,
Համբերութեա՜մբ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզուած սիւն են դարձել այս ձեռքերը,
Որ չփլուի իր տան սիւնը`
Որդին կռուից դառնայ տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Մինչեւ տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը` ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած…
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը`
Նուրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:

…Եկէք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լուացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
ա’յս ձեռքերը`
Թող որ ճաթած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պէս
խաս ձեռքերը…

      Պարոյր Սեւակ