Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պատգամը Մեր Տէր Յիսուս Քրիստոսի Սուրբ Յարութեան Տօնի Առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ
ՄԵՐ ՏԷՐ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ
ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Դու ես Քրիստոս․ կեանք եւ յարութիւն ազգի մարդկան» (Շարական)

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Քրիստոսի Հրաշափառ Յարութիւնը մեր Սուրբ Եկեղեցու երանաշնորհ հայրերը սքանչելի օրհներգութեամբ են փառաբանել գեղեցկահիւս աղօթքներում ու շարականներում՝ բերելով մեր ժողովրդին կեանքի անսպառ յոյսի և փրկութեան աւետիսը. «Դու ես, Քրիստոս, մարդկային ազգի կեանքն ու յարութիւնը»։

Մեր Տէր Յիսուս Քրիստոս Իր երկրային կեանքի ընթացքում բազում անգամներ յայտնեց Իր չարչարանքների և Յարութեան մասին, որի իմաստը նոյնիսկ առաքեալները յստակութեամբ չէին ըմբռնում։ Քրիստոսի խաչելութիւնից յետոյ նրանք յուսահատ փակուել էին վերնատան մէջ և տարակուսում էին հաւատալ Փրկչի Յարութեան մասին իւղաբեր կանանց աւետիսին։ Սակայն Յարուցեալ Քրիստոսի հետ հանդիպումից յետոյ տխրութիւնը վերափոխուեց Տիրոջ հետ միասնութեան երանութեան։ Տիրոջ խաչելութեան և մահուան յարուցած ցաւը փոխակերպուեց Փրկչի յաղթութեան բերկրանքի, վշտի մռայլ գիշերը՝ յարութեան տիեզերանորոգ արշալոյսի։ Եւ քրիստոնէութեան լոյսն ու վարդապետութիւնը յաղթականօրէն տարածուեցին ողջ աշխարհում՝ մարդկութեան կեանքն ուղղորդելով դէպի փրկութիւն ու յաւիտենութիւն։

Քրիստոսի Յարութեան բերկրալի աւետիսը առանձնակի յուսառատութեամբ ու մխիթարութեամբ է արձագանքում մտահոգիչ մեր ժամանակներում, երբ մարդկութիւնը կրում է վիշտ ու տառապանք, զրկանք ու կորուստներ, վերապրում համընդհանուր տագնապ ու ճգնաժամ։ Այս տարուայ զատկական կենսանորոգ տօնակատարութիւնը ողջ աշխարհում բազում հաւատացեալներ անցկացնում են մէկուսի, շատեր՝ հեռու իրենց սիրելիներից ու մտերիմներից։ Համավարակի ներկայ բարդ պայմաններում նաև մեր եկեղեցիներում առանց հաւատացեալների ենք կատարում սրբազան արարողութիւնները, բայց վստահ ենք, որ դուք, սիրելիներ, հոգով, մտքով ու ձեր աղօթքներով մեզ հետ էք, և միասնաբար ու միասիրտ ենք նշում սքանչելախորհուրդ այս տօնը։ Քրիստոսի Յարութիւնը մարդկային գոյութեան նորոգումն է և յաւիտենութեան պարգևը բոլորիս։ «Ես եկայ, որպէսզի կեանք ունենան և առաւել ևս ունենան»,- ասում է Տէրը (Յովհ․ 10․10): Քրիստոսի պարգևած կեանքը մեր առօրէական դժուարութիւններից ու հոգսերից վեր նոր իրականութիւն է, ուր Աստծոյ կամքն է տնօրինուում, ուր Տիրոջ պատուիրաններն ու պատգամները արդիւնաւորուում են երկնահաճոյ իրագործումներով, և կեանքի խաւարը վերածուում է այգաբացի։

Աշխարհով մէկ տարածուած համավարակը մարտահրաւէր է՝ ուղղուած մարդկութեանը, բայց յատկապէս՝ մարդկայնութեանը։ Հաւատում ենք, որ մարդկութիւնը կյաղթահարի համավարակի այս ծանր կացութիւնը և դրանով պայմանաւորուած բոլոր դժուարութիւնները սոցիալական, տնտեսական, կրթական, հասարակական ոլորտներում։ Սակայն առաւել էական է, որ անշրջելի յաղթանակ արձանագրուի անմարդկային բոլոր դրսևորումների, նիւթապաշտութեան, աղքատութեան, անհաւասարութեան, ռազմատենչութեան, պատերազմների և այլ չարիքների դէմ։ Մարդկութեան մէջ եղել են և այսօր էլ կան մարդասիրութեան, համերաշխութեան, ժողովուրդների իրաւունքների պաշտպանութեան, յանուն բարիքի համատեղ գործելու բազում վկայութիւններ, որոնք լուսաւոր ուղենիշ են աշխարհի նոր ընթացքի համար։ Մարդկութիւնը պէտք է գիտակցի՝ առաջընթացի ու երջանկութեան երաշխիքը Աստծով ապրուած կեանքն է, որ դառնում է օրհնութեան, ուժի ու զօրութեան աղբիւր։

Աստծոյ ողորմութեամբ այս փորձութեանն էլ աշխարհը կդիմագրաուի։ Սակայն կենսականօրէն կարևոր է այդ յաղթահարման հետ դառնալ աւելի ուժեղ, միասնական ու համախմբուած, հոգեպէս զօրացած՝ Աստծուն մշտապէս ունենալով մեզ առաջնորդ ու ապաւէն։ «Ա՛յս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին` մեր հաւատը»,- ասում է առաքեալը (Ա Յովհ․ 5․4): Այո՛, սիրելիներ, Յարութեան հաւատքով, մեր կեանքում Փրկչի ներկայութեան գիտակցութեամբ մենք ի զօրու կլինենք լուծման առաջնորդելու մեր ժողովրդի առջև յառնած խնդիրները և կերտելու այն լուսաւոր ապագան, որ երազում ենք բոլորս։ Քաջ գիտենք, որ դուք աշխարհում ամենուր դիմակայում էք առկայ նեղութիւններին ու դժուարութիւններին։ Բոլոր հանգամանքներում, սակայն, մեր պատրաստակամութիւնն ու յանձնառութիւնը պիտի դրսևորուի՝ հոգ տանելու նաև մեր հայրենիքի և մեր քոյրերի ու եղբայրների հանդէպ։ Վերստին կոչ ենք յղում ի հայրենիս և ի սփիւռս մեր ժողովրդի զաւակներին՝ համավարակի դժուարին իրավիճակը յաղթահարելու, հիւանդների ապաքինման միջոցներն ու խնամքը հոգալու, խիստ նեղութեան մէջ յայտնուած հայորդիներին օգնութեան ձեռք մեկնելու գործում հնարաւոր զօրակցութիւն բերելու հայրենի իշխանութիւններին և ընծայաբերումներ կատարելու պետութեան կողմից այս նպատակով բացուած յատուկ հաշուեհամարին։ Մեր Եկեղեցին այս օրերին աշխարհասփիւռ իր թեմերով աւելիով իր ջանքերն է ներդնում՝ օժանդակութիւն ցուցաբերելու կարիքաւորներին, հոգևոր խնամք և մխիթարութիւն մատուցելու մեր ժողովրդի զաւակներին հայրենիքում և համայն աշխարհում։ Բարեպաշտ զաւակներ Մեր, Տէրունապատուէր սիրով ու հոգատարութեամբ շաղախենք մեր կեանքն ու գործը, ամուր պահենք համազգային միասնութիւնն ու համերաշխութիւնը՝ որպէս Քրիստոսով յաղթանակած, Քրիստոսին հաւատարիմ յարուցեալ ժողովուրդ։ Ապրենք յարութեան հաւատով, Քրիստոսի պատուիրանների իրագործման նախանձախնդրութեամբ՝ նոր յաղթանակներով ու պայծառ երազներով կերտելու մեր բարօր, շէն ու հզօր հայրենիքը և նրա լուսաւոր գալիքը։ 

Այս մաղթանքով Քրիստոսի հրաշափառ Յարութեան քաջալերող աւետիսն ենք բերում Մեր հոգևոր եղբայրներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին, Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանին, քոյր Եկեղեցիների հոգևոր Պետերին և մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին՝ հայցելով Երկնաւոր մեր Տիրոջ օգնականութիւնն ու պահպանութիւնը: Հայրապետական օրհնութեամբ ողջունում ենք Հայաստանի Հանրապետութեան նախագահ տիար Արմէն Սարգսեանին և Հայաստանի Հանրապետութեան վարչապետ տիար Նիկոլ Փաշինեանին, Արցախի Հանրապետութեան նախագահ տիար Բակօ Սահակեանին, հայոց պետական աւագանուն՝ մաղթելով ուժ ու կորով դժուարին իրավիճակները յաղթահարելու և հայրենի պետութիւնը առաջընթացի ու բարօրութեան ուղիներով առաջնորդելու։ Հայրապետական Մեր սէրն ու օրհնութիւնն ենք բերում հաւատաւոր մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփիւռս, ի մասնաւորի՝ Մեր բարձր գնահատանքը ստեղծուած ծանր պայմաններում իրենց երախտարժան ծառայութիւնը մատուցող բժիշկներին, մեր յաղթական բանակի քաջարի զինուորներին ու սպաներին, ոստիկաններին, ուսուցիչներին, գովարժան սպասաւորութիւն իրականացնող բոլոր նուիրեալ անձանց:

Աղօթք ենք բարձրացնում առ Փրկիչ մեր Տէրը, որ Յարութեան Իր լուսեղէն շնորհները տարածեալ պահի համայն մարդկութեան, հայրենի մեր երկրի, աշխարհասփիւռ մեր ողջ ժողովրդի վրայ, ազատի փորձութիւններից և պարգևի խաղաղութիւն և երկնահեղ անսպառ օրհնութիւն։ Թող Քրիստոսի Յարութեան և կեանքի յաղթանակի բարի աւետիսը մշտահունչ լինի մեր սրտերում ու հոգիներում։ Եւ միասնաբար, Քրիստոսով քաջալեր ու զօրացած, փորձութիւնները յաղթահարելով և մեր նոր կեանքը կերտելով՝ միշտ փառաբանենք Ամենակալն Աստծուն Իր անսահման սիրով մեզ պարգևած փրկութեան և յաւիտենական կեանքի անգին շնորհների համար։

Մնացէք Տիրոջ սիրոյ, շնորհի և օրհնութեան ներքոյ այժմ և միշտ և հաւիտեանս․ ամէն։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի: