Համբարձման տօնը Սուրբ Էջմիածնի մէջ

Hambar1 Hambar3 Hambar2 Hambar4  Hambar7 Hambar5 

Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնը`
Սուրբ Էջմիածնի ուխտի օր

Hambar6

Մայիսի 5-ին` մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Ս. Յարութեան քառասուներորդ օրը, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Համբարձման բերկրառատ տօնը, որի ընթացքում տօնախմբւում է նաեւ Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի` 1441 թ.-ին Սսից Սուրբ Էջմիածին փոխադրութեան պատմական յիշատակը: Տօնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ հռչակուել է նաեւ իբրեւ Սուրբ Էջմիածնի ուխտի օր:

Այս առիթով Մայր Աթոռ էին ժամանել հայաստանեան թեմերի առաջնորդները եւ բազում ուխտաւորներ:

Տէրունական օրուայ կապակցութեամբ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետութեամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցուեց Ս. եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Հայաստանի Աստուածաշնչային ընկերութեան գլխաւոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսեանը:

Իր քարոզում Սրբազան Հայրն արդրադարձաւ Համբարձման տօնի պատգամին` նշելով. «Յարութիւնից քառասուն օրեր անց Քրիստոս հաւաքեց իր աշակերտներին եւ բարձրացաւ Ձիթենեաց լեռը` երկինք համբարձուելու եւ Հայր Աստծու աջ կողմը նստելու: Համբարձման տօնը, որ մենք տօնում ենք այսօր, մեզ ամէն տարի յիշեցնում է, որ պարտաւոր ենք հետեւել Քրիստոսի օրինակին, կատարել Աստծու բոլոր պատուիրանները, ապրել այնպիսի կեանքով, որպէսզի երբ ժամանակը գա, կարողանանք համբարձուել, բարձրանալ եւ նստել Աստծու աջ կողմում»:

Խօսելով Տիրոջ կողմից Համբարձման ժամանակ աշխակերտներին տրուած պատուիրանի մասին. այն է` քարոզել փրկութեան Աւետարանը` Եզնիկ արքեպիսկոպոսը ներկայացրեց Հայաստանում Ս. Թադէոս եւ Ս. Բարդուղիմէոս առաքեալների կողմից իրականացրած քարոզչութիւնը եւ Հայոց Եկեղեցու հիմնադրումը:

«Ս. Թադէոս եւ Ս. Բարդուղիմէոս առաքեալները հաստատեցին Հայ Եկեղեցին, որով հայ ժողովուրդը դարձաւ Աստծու ընտրեալ նոր ժողովուրդը: Անշուշտ, մենք հասկանում ենք, որ բոլոր քրիստոնեաներն են Աստծու ժողովուրդ, սակայն ամէն մի Եկեղեցի` ազգային, թէ տեղական, իր ամբողջութեան մէջ Աստծու Եկեղեցին է: Եւ այն վաւերական եկեղեցի է մնում այնքան ժամանակ, ինչքան որ ինքն իրեն զգում է Քրիստոսի համաշխարհային Եկեղեցու անբաժան մասնիկը: Եւ մեր ժողովուրդը երկու հազար տարի շարունակ ապրեց քրիստոնէական կեանքով ու արժէքներով: Մեր ժողովուրդը միշտ յիշեց Համբարձման տօնը եւ զգաց, որ ինքը միշտ պէտք է համբարձուի», – նշեց պատարագիչ Սրբազանը:

Այս կապակցութեամբ Եզնիկ արքեպիսկոպոսը, անդրադարձ կատարելով վերջին օրերին Ադրբերջանի կողմից սանձազերծուած ռազմական գործողութիւններին, խօսեց նաեւ հայրենեաց պաշտպանութեան համար իրենց կեանքն ընծայած զինուորների մասին:

«Նրանք բռնեցին այն ճանապարհը, որ տանում է առ Աստուած, նրանք բռնեցին այն ճանապարհը, որ տանում է սրբացման ուղիով, եւ մենք՝ Հայ Եկեղեցին եւ հայ ժողովուրդը, այսօր այնպիսի անհատներ ձեռք բերեցինք, որոնց անունը միշտ պիտի գրուի մեր Եկեղեցու պատմութեան մէջ, որովհետեւ պաշտպանելով հայոց հողը՝ մենք պաշտպանում ենք Քրիստոսի անունը: Աստուած է, որ Հայրենիք հասկացութիւնը տուել է մարդկութեանը, եւ հայրենիքի պահպանութիւնը այն պարտադիր գրաւականն է, որ ամէն մի ազգի դարձնում է ազգ…», – ընդգծեց Սրբազանը:

Պատարագիչ Սրբազանը նաեւ իր խորհրդածութիւնները ներկայացրեց Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի փոխադրութեան յիշատակի առիթով: Այս կապակցութեամբ նա մասնաւորապէս նշեց. «Դժուարին օրեր էին Կիլիկիայում, եւ հայ ժողովուրդը, որ այնտեղ երեք հարիւր տարի երկրի տէրն էր, կորցնում էր իր իշխանութիւնը, նաեւ վտանգուած էր Հայոց Աթոռը` ոչ միայն քաղաքական, այլեւ միջկրօնական յարաբերութիւնների իմաստով, երբ Արեւմուտքը ինչ-ինչ խոստումներով պարտադրում էր մեզ մոռանալ Հայոց Եկեղեցու աւանդոյթները: Եւ Հայ Եկեղեցու վարդապետները ոտքի կանգնեցին եւ ասացին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Աթոռը պիտի տեղափոխուի եւ յաւիտեանս վերահստատուի այնտեղ, որտեղ Քրիստոս Ինքը ցոյց տուեց, թէ այդտեղ պիտի կառուցէք Իմ Եկեղեցին: …Այդ օրուանից Աստծոյ օրհնութիւնը Ամենայն Հայոց Հայրապետների միջոցով, Ամենայն Հայոց Հայրապետների ձեռքով օրհնուած Միւռոնի միջոցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարածւում է ամբողջ աշխարհով մէկ` այնտեղ, որտեղ կայ հայ հաւատացեալ»:

Պատարագի աւարտին, նախագահութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց Հայրապետական մաղթանք:

Արարողութեան ընթացքում հոգեւոր դասը եւ ներկայ ժողովուրդը աղօթեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անսասանութեան ու շէնացման եւ Լուսաւորչի Աթոռի 132-րդ գահակալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արեւշատութեան համար: