Հայրապետական Մաղթանք Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գահակալութեան 20-րդ Տարեդարձի Առիթով

Հայրապետական Մաղթանք
Ամենայն Հայոց Կաթողիկոսի
Գահակալութեան 20-րդ Տարեդարձի Առիթով

            Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշուեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալութեան 20-րդ տարեդարձը: Սուրբ Գայանէ վանքում մատուցուած Սուրբ Պատարագի արարողութեանը ներկայ էր Մայր Աթոռի միաբանութիւնը, հայաստանեան թեմերի առաջնորդները, առաջնորդական տեղապահները, Մայր Աթոռի բարերարներ, ՀԵՀԵՄ Ատենապետաց ժողովի մասնակիցները ու բազում ուխտաւոր հայորդիներ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը:

             Իր քարոզում անդրադառնալով օրուայ խորհրդին՝ Մուշեղ Սրբազանն ի մասնաւորի խօսեց մարդ արարածի հանդէպ Աստծոյ առատապարգեւ սիրոյ եւ Յիսուս Քրիստոսի միջոցով ողորմութեան եւ բոլոր շնորհներ բաշխման մասին:

            «Մեր հայազն պատմութիւնն էլ վկայութիւնն է, որ Աստուած ընտրեց մեր ազգին, առատօրէն շնորհներ տուեց, որպէսզի լինենք սուրբ եւ անարատ։  Աստուած Իր սիրո՛վ մեզ ընդունեց որպէս Իր որդեգիրներ: Մենք էլ Նրա հանդէպ դարերի մեր հաւատարմութեամբ հաւատքը դարձրեցինք մաշկի գոյն, լսեցինք եւ կեանքի կոչեցինք իւրաքանչիւր խօսք, ապրեցինք եւ հաւատարիմ մնացինք բոլոր պատուիրանններին: Մեզ ոչինչ չշեղեց Աստծուց ուղենշուած մեր ճանապարհից, եւ մեզ չպիտի սասանեն մեր հայրերի ուղղափառ հաւատքից ո՛չ հուր, ո՛չ սուր, եւ ո՛չ էլ որեւէ արհաւիրք:

          Եւ հաւատում ենք, որ Արածանիի մկրտութեան եւ դրոշմի սրբազան խորհուրդներով հայերս արժանացանք Աստծոյ բոլոր շնորհներին, որն աստուածային պարգեւն է՝ տրուած մեզ՝ իմացական արարածներիս, մեր յաւիտենական փրկութեան համար։ Իսկ փրկութիւնը Քրիստոսով է, կեանքը Քրիստոս է, որ մարմին առաւ մեզանից իւրաքանչիւրի փրկութեան համար: Ամէնքս շնորհ ստացանք Տիրոջից, շնորհ սերմանուեց մեր հոգիների մէջ եւ աստուածապարգեւ կեանքի ընթացքին մեզանից է կախուած՝ կը չորանայ արդեօք, թէ կը պտղաբերի», – ասաց Մուշեղ եպիսկոպոսը:

              Պատարագիչ Սրբազանը հաստատեց նաեւ, որ առաքելահաստատ Հայոց Եկեղեցին մշտապէս հաւատաւոր հայ ժողովրդի կողքին է եղել հոգեփրկչական իր առաքելութեամբ՝ կերտելով փառահեղ պատմութիւն, ստեղծելով աստուածախօս մշակոյթ, կրթելով հայրենասէր սերունդ եւ աշխարհին ներկայացրել քրիստոնեայ հային: Եկեղեցին խրատել, յորդորել եւ ուսուցանել է Աւետարանի ճշմարտութիւնները, որպէս հոգատար մայր՝ խնամել եւ ոչինչ չի խնայել իր զաւակի փրկութեան համար:

          Մուշեղ եպիսկոպոսը փաստեց, որ այսօր էլ շարունակւում է Եկեղեցու ազգապահպան ու հայրենակերտ առաքելութիւնը եւ երկու տասնամեակ է, ինչ կրկին բարգաւաճում ու առաջընթաց են ապրում Հայոց Եկեղեցու հոգեւոր-կրթական հաստատութիւնները, գործողների կողքին կառուցւում են նորերը եւ նոր աստիճանի է բարձրանում հոգեւոր եւ հայեցի կրթութեան մակարդակը:

           Այնուհետեւ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալութեան 20-րդ տարեդարձին՝ Մուշեղ Սրբազանն ընդգծեց. «Սրբազան հիմնադիրներից՝ Սուրբ Թադէոս եւ Բարդուղիմէոս առաքեալներից ու երկրորդ լուսաւորիչ Սուրբ Գրիգորից  սկսեալ, Մայր Աթոռը նոյնացուել է իր գահակալների հետ: Ամենայն Հայոց կաթողիկոսները կերտել են տուեալ ժամանակի եկեղեցական դարաշրջանն իրենց իւրայատուկ վաստակով եւ գործունէութեամբ: Տարբեր չէ պարագան նաեւ մեր օրերում, երբ արդէն երկու տասնամեակ Աստծուց մեզ հովուելու է կոչուած ազգընտիր Հայրապետը Հայոց՝ յանձին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ով գահակալութեան այս քսան բեղուն տարիներին մշտապէս հաւատարիմ մնաց իր ուխտին եւ  իր տեսիլքին, որի բարեբեր արդիւնքները տեսնում ենք այսօր։

              Ներկայ ժամանակներում եկեղեցական կեանքը ձեւաւորւում, ուղղութիւն եւ առաջնորդութիւն է ստանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Սրբազնագոյն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովուապետութեան ներքոյ, եւ մենք այսօր տօնում ենք մեր սիրելի Հայրապետի գահակալութեան 20-րդ տարեդարձը:

              Վեհափառ Տէր, փառք ենք տալիս Աստծուն, որ Դուք ընտրեալ յաջորդը Լուսաւորչի, արժանաւոր շարունակողը եղաք երջանկայիշատակ մեր հայրապետների առաքելութեան: Անցնող 20 տարուայ ընթացքում մենք տեսնում ենք, թէ ինչպեբս Ձեր իմաստութեամբ, տեսլականով ու անձանձրոյթ աշխատանքով իրականանում են այն բոլոր սքանչելի ծրագրերը, որոնց շնորհիւ քրիստոնէացած հայ ոգին աւելի է տոգորում հայոց ինքնութիւնը եւ պահպանւում  հայ ժողովրդի կեանքից ներս»:

          Սրբազան Հայրը, ներկայ ժողովրդի եւ Մայր Աթոռի միաբանութեան անունից  շնորհաւորելով եւ շնորհակալութիւն յայտնելով Նորին Սրբութեանն անցնող 20 տարուայ ընթացքին արձանագրուած բազում իրագործումների համար, մաղթեց, որ Տէրն ամուր եւ զօրաւոր պահի Նորին Սրբութեանը՝ նոյն ոգով շարունակելու առաջնորդել Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, քարոզելու «զԲանն Աստուծոյ»:

        Հաւարտ Ս. Պատարագի, Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ եւ Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի հանդիսապետութեամբ, կատարուեց Հայրապետական մաղթանք:

             Արարողութեան ընթացքում հոգեւոր դասը եւ ներկայ ժողովուրդն աղօթք բարձրացրեցին առ Աստուած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանութեան ու շէնացման եւ Սուրբ Լուսաւորչի Աթոռի 132-րդ գահակալ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արեւշատութեան եւ արդիւնաշատ հովուապետութեան համար: