Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի յայտարարութիւնը (Սեպտ. 2014)

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ENJԵԿԵՂԵՑԱԿԱՆ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ
ՀԱՆԴԷՍ ԵԿԱՒ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՄԲ

    Սեպտեմբերի 18-21-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը, որին մասնակցում էին Երուսաղէմի եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութիւնների ներկայացուցիչները, Հայրապետական պատուիրակութիւնների, Հայաստանի եւ Սփիւռքի թեմերի առաջնորդներն ու աշխարհական պատուիրակները, Հայ Եկեղեցու տարբեր կառոյցներում պաշտօնավարող եպիսկոպոսները, Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամները:

       Ժողովի աւարտին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ 150 ներկայացուցիչները հանդէս եկան յայտարարութեամբ, որում ասւում է.
«Փառք եւ գոհութիւն ենք յայտնում մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսին, որ սեպտեմբերի 18-21-ն առիթն ունեցանք Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նուիրապետական Աթոռներից, թեմերից, հայրապետական պատուիրակութիւններից համախմբուելու հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ատենապետութեամբ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանեանի եւ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքութեան ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշեանի, մասնակցելու Եկեղեցական-ներկայացուցչական Է ժողովին:

       Մեծապէս կարեւորելով եկեղեցական-ներկայացուցչական ժողովների դերը Հայոց Եկեղեցու վարչակազմակերպական կեանքի կանոնակարգման, Հայոց Եկեղեցու եւ հայ հաւատացեալների առջեւ ծառացած բազում մարտահրաւէրների քննարկման, լուծումների առաջադրման եւ յաղթահարման գործում` գոհունակութեամբ ենք արձանագրում անցնող տարիների ընթացքում ժողովի կողմից իրականացուած աշխատանքները, մասնաւորապէս Հայոց Եկեղեցու թեմական ուղենշային կանոնադրութեան փաստաթղթի մշակման, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրութեան պատրաստութեան եւ տարբեր ժողովական կառոյցների համակարգման, եկեղեցական կեանքում առկայ խնդիրների վերհանման ուղղութեամբ: Արձանագրելի է, որ եկեղեցական, ազգային եւ հայրենի մեր կեանքի դրական զարգացումների ու ձեռքբերումների կողքին լուծումներ պահանջող շատ հրամայականներ ու մարտահրաւէրներ ունենք նաեւ, որոնք պիտի յաղթահարենք միասնական կամքով եւ յանձնառութեամբ:

         Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի ոգեկոչման շեմին ենք, երբ մեր Եկեղեցին պիտի կատարի Հայոց ցեղասպանութեան նահատակների սրբադասումը: Պատմական այս հանգրուանում միասնական ոգով արդարութեան մեր ձայնը պիտի շարունակենք հնչեցնել ի լուր աշխարհի, որպէսզի նորանոր պետութիւններ, մասնաւորապէս Թուրքիայի Հանրապետութիւնը, եւ ազգեր ճանաչեն եւ դատապարտեն 20-րդ դարում տեղի ունեցած առաջին Ցեղասպանութիւնը` դրանով իսկ կանխարգելելով նման ոճրագործութիւնների կրկնութիւնը մարդկութեան կեանքում: Մեր ժողովրդի պատմութեան այս տարեթիւը պէտք է աշխարհասփիւռ հայորդիներիս համար առիթ դառնայ միասնութեան` անկախ մեր անձնական հայեացքներից ու կարգավիճակից` մեր հայեացքը նորովի յառելու Հայրենիքին, այն զօրացնելու եւ նրանով զօրանալու, եւ ծաղկեցնելու հայոց կեանքը հանուր աշխարհում:

      Ուրախութեամբ ենք հաստատում, որ տարէցտարի հոգեւոր կեանքի աշխուժութիւն է նկատւում Հայրենիքում եւ աշխարհասփիւռ մեր համայնքներում, յուսադրող է յատկապէս նոր սերնդի գործուն մասնակցութիւնը եկեղեցական տարբեր կառոյցներում: Միեւնոյն ժամանակ անհանգստութեամբ եւ մտահոգութեամբ ենք արձանագրում առկայ մարտահրաւէրների եւ խնդիրների մասին` կարեւորելով յատկապէս հայկական ինքնութեան եւ նկարագրի պահպանութիւնը, մայրենի լեզուի իմացութեան խթանումը, ազգային-հոգեւոր արժեհամակարգի կենսագործումը եւ հայորդիների լիարժէք մասնակցութիւնն ազգային-եկեղեցական կեանքին:
Գոհունակութեամբ ենք անդրադառնում, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի պիտի ունենայ Միւռոնօրհնութեան սրբազան արարողութիւն: Վստահ ենք, որ ազգային-եկեղեցական կեանքի կարեւոր այս իրադարձութիւնն իր համախմբող խորհրդով վերստին նոր խանդավառութիւն ու ոգի պիտի հաղորդի աշխարհասփիւռ մեր ժողովրդին:

       Այսօր համայն հայութեան ուշադրութիւնը կրկին սեւեռուած է Արցախ աշխարհի սահմանների եւ սահմանամերձ բնակավայրերի վրայ, ուր շարունակւում է լարուած մնալ իրավիճակը: Ցաւօք, վերջին շրջանում Հայրենիքի պաշտպանութեան համար նաեւ հայորդիներ զոհուեցին` իրենց անձնազոհութեամբ փաստելով հայ զինուորի քաջարի, յաղթական եւ աննկուն ոգին: Խոնարհում ենք բերում նրանց լոյս յիշատակի առջեւ, աղօթում նրանց հոգիների խաղաղութեան համար եւ մեր զօրակցութիւնը յայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին այն հաստատ համոզմամբ, որ իմացեալ մահով նրանք յաւէրժացան եւ իրենց կեանքը զոհեցին յանուն Հայրենիքի եւ նրա գալիք պայծառ օրուայ: Մեր քաջալերութիւնն ենք բերում հայրենի սահմանները պաշտպանող մեր զինուորներին` մաղթելով նրանց զօրաւոր կամք եւ խաղաղ ծառայութիւն: Մեր զօրակցութիւնն ենք յայտնում նաեւ հայրենի իշխանութիւններին` Ղարաբաղեան հակամարտութիւնը, հակառակ Ադրբեջանի կողմից պարբերաբար կազմակերպուող սադրիչ գործողութիւնների, բացառապէս խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու ձգտման մէջ:

         Այսօր, ամէնքիս շարունակում է անհանգստացնել Սիրիայում ու Իրաքում տիրող պատերազմական իրավիճակը եւ հայութեան ծանր կացութիւնը Մերձաւոր Արեւելքի երկրներում: Խորին ցաւ յայտնելով հակամարտութեան հետեւանքով Սիրիայի եւ Իրաքի ժողովուրդների կրած կորուստների եւ պատճառուած աւերածութիւնների համար` մենք, որպէս աշխարհասփիւռ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու ներկայացուցիչներ, պիտի շարունակենք հնարաւոր աջակցութիւնը ցուցաբերել Սիրիայի եւ Իրաքի ժողովրդին, մեր քոյրերին եւ եղբայրներին` յաղթահարելու դժուարին պայմանները:

       Մտահոգուած ենք նաեւ Ուկրաինայում տիրող ծանր կացութեամբ եւ աղօթում ենք փոխըմբռնման ոգով խնդրի շուտափոյթ յանգուցալուծման համար: Աղօթում ենք, որ Աստծու օգնականութեամբ եւ միջազգային հանրութեան գործուն ջանքերով օր առաջ Մերձաւոր Արեւելքում հաստատուի խաղաղութիւնն ու համերաշխութիւնը, Սիրիայում, Իրաքում եւ Ուկրաինայում հակամարտութեան մէջ յայտնուած մեր համայնքները հաւատով եւ լաւատեսութեամբ յաղթահարեն առկայ խնդիրներն ու դժուարութիւնները:

          Դարերի բազում դժուարութիւնները վերապրած Միածնաէջ Ս. Տաճարում մասնակցութեամբ Ս. Պատարագին ՀՀ Անկախութեան տօնին ամէնքս մեր ծառայանուիրումի ուխտն ենք վերանորոգում հանդէպ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը` աստուածային նախախնամական զօրակցութեամբ ազգային-եկեղեցական անդաստանում աւելի արդիւնաւորելու մեր անսակարկ սպասաւորութիւնն ու առաքելութիւնը: Կոչ ենք ուղղում նաեւ մեր ժողովրդի բոլոր զաւակներին` գործուն մասնակցութիւն բերել հայրենի մեր երկրի շէնացման սրբազան գործին, համախմբուել մեր Ս. Եկեղեցու սրբազան հաւատքի շուրջ, պահպանել ու շէնացնել հայ կեանքն ու ինքնութիւնը Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում` ամէնուր:

       Թող խաղաղութեան Աստուած լինի հովանաւոր եւ զօրավիգ մեր ու աշխարհի բոլոր ժողովուրդներին այսօր, միշտ եւ յաւիտեանս»: