Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՅ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հանրապետութեան օրուայ առիթով ողջոյն ենք յղում համայն մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփիւռս եւ բերում Հայրապետական Մեր օրհնութիւնն ու բարեմաղթանքները:
Այսօր ոգեկոչում ենք Առաջին Հանրապետութեան հաստատման յիշատակները, որոնք մատուցում են մեզ հայրենասիրութեան, հաւատքի, միասնականութեան ոգով յաղթանակելու օրինակը: Նուիրական այս օրը մեր հայեացքն ուղղում ենք դէպի Սարդարապատի յուշահամալիր, որը պանծացումն է մեր ժողովրդի ազատատենչ ու հերոսական մաքառումի, մայիսեան հերոսամարտերում հայոց բանակի, աշխարհազօրի եւ զինուորեալ հոգեւորականների անձնուրաց պայքարի գնով ձեռք բերուած փառաւոր յաղթանակի։ Այսօր նաեւ մեր խոնարհումն ենք բերում երջանկայիշատակ Գեւորգ Է Հայոց Հայրապետին, ով իր աննկուն կեցուածքով, խրոխտ խօսքով զօրացրեց ոգին հայոց քաջերի եւ անուրանալի վաստակ ունեցաւ յաղթանակների կերտման լուսաւոր գործում։ Մայիսեան հերոսամարտերում գերագոյն ջանքերով պաշտպանելով հայրենիքը՝ մեր ժողովուրդը երկարատեւ դադարից յետոյ վերականգնեց ազգային պետականութիւնը, որին նուիրեց իր բոլոր ուժերը, իր զաւակների կեանքը՝ իրագործելու վաղնջական իր բնօրրանում ազատ ապրելու իրաւունքը եւ խաղաղ զարգանալու տեսլականը:
Սիրելիներ, մեր պարտքն է այդ վառ տեսլականով ջանքեր ներդնել՝ յանուն հզօր հայրենիքի, մեր ժողովրդի բարօր ու ապահով կեանքի եւ ազգային մեր նուիրական իղձերի իրականացման։ Վստահ ենք, որ բազում դժնդակ օրեր յաղթահարած մեր ժողովուրդը հայրենասէր ոգով, միաբան ջանքերով կը յաղթահարի նաեւ մեր ազգի ու երկրի առջեւ ծառացած ներկայ մարտահրաւէրները՝ բարձր պահած անկախ պետականութեան դրօշը, հաւատարիմ` քրիստոնէական արժէքներին, մեր հայրերի առ Աստուած սրբազան հաւատքին:
Աղօթում ենք եւ հայցում, որ Ամենակալ Տէրը Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքոյ խաղաղութեան մէջ պահի ու պահպանի աշխարհը համայն, հայրենի մեր երկիրը եւ զօրակից լինի մեր ժողովրդին՝ նորանոր յաջողութիւններ արձանագրելու ազգային ու հայրենական մեր անդաստանում։
Աստծոյ ողորմութիւնն ու շնորհները թող մեզ հետ լինեն եւ բոլորի` այսօր եւ միշտ. ամէն: