Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ
Մայր Եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ
քահանայական ձեռնադրութիւն
Նոյեմբերի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցում կատարուեց քահանայական ձեռնադրութիւն: Հընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագի, ձեռամբ ԵՊՀ Աստուածաբանութեան ֆակուլտետի դեկան ու Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշաւան եպիսկոպոս Ժամկոչեանի, քահանայական ձեռնադրութեան եւ օծման արժանացան թուով 11 սարկաւագներ:
Պատարագի սրբազան արարողութեան ընթացքում Անուշաւան Սրբազանը քահանայութեան կոչեց նորընծաներին` Սրբալոյս Միւռոնով օծելով քահանանների ճակատներն ու ձեռքերը եւ շնորհելով նրանց նոր հոգեւոր անուններ: Իշխան սարկաւագ Գեւորգեանը վերակոչուեց Տ. Տրդատ քահանայ, Աւետիք սարկաւագ Նահապետեանը` Տ. Տիրան քահանայ, Սասուն սարկաւագ Աշուղբաբեանը` Տ. Ներսէս քահանայ, Վաչագան սարկաւագ Դոխոլեանը` Տ. Յուսիկ քահանայ, Հմայակ սարկաւագ Կարապետեանը` Տ. Արամ քահանայ, Տիգրան սարկաւագ Սիմոնեանը` Տ. Արտավազդ քահանայ, Նարեկ սարկաւագ Յակոբեանը` Տ. Սեպուհ քահանայ, Սեւակ սարկաւագ Յակոբեանը` Տ. Տիգրան քահանայ, Գեւորգ սարկաւագ Գեւորգեանը` Տ. Մաղաքիայ քահանայ, Արշակ սարկաւագ Յակոբեանը` Տ. Արտաշէս քահանայ եւ Բենիկ սարկաւագ Յովհաննիսեանը` Տ. Յովհան քահանայ:
Ձեռնադրութեան աւարտին նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնութիւնը փոխանցեցին ներկաներին: Այնուհետեւ ձեռնադրող Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայութեան կարեւորութեանը, մասնաւորաբար ասաց. ««Կօշիկներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետեւ այն վայրը, ուր կանգնած ես, սուրբ էէ (Ելք Գ 5): Աստուածային այս կանչն է, որ մեզ բոլորիս, իրարից տարբեր ժամանակներում բերել է այս սրբազան վայրը: Դարեր առաջ աստուածային այս բառերը լսեց Մովսէս մարգարեն, ով փորձում էր մօտենալ անկէզ մորենուն: Այս խօսքերն այսօր աստուածադիր Սուրբ Սեղանից եւ նրա վրայ ճառագող Լուսաւորչի կանթեղից Ձեզ է ուղղուած: Նայեցէք այդ լոյսին հովուի աչքերով, ինչպէս Մովսէսն էր նայում անկէզ մորենուն եւ այնտեղից կը լսէք այդ ձայնը. «հանեցէք ձեր կօշիկները ձեր ոտքերից, որ մինչեւ այսօր քայլել են այս աշխարհի փոշիների մէջ, մաքրուէք այս աշխարհի տիղմից, որովհետեւ այն տեղը, որտեղ դուք կանգնած էք, որտեղ ուխտել էք հաւատարմութիւն եւ խոնարհութիւն, որտեղից մխիթարութիւն եւ սուրբ հաղորդութիւն պիտի բաշխէք մեր հաւատաւոր ժողովրդին. Սուրբ երկիր է, սուրբ հող է»»:
Անդարադառնալով քահանայական պատասխանատու առաքելութեանը` Անուշաւան եպիսկոպոսն ընդգծեց. «Աստուածային խօսքի մշակներ լինելը լոկ խօսքով չի սահմանափակւում: Այն իր մէջ որքան ուրախութիւն ու քաղցրութիւն, այնքան էլ դառնութիւն եւ դժուարութիւն ունի: Քրիստոսի առաքեալ դառնալը միայն այս պահի կատարուածով եւ օծում ստանալով չի սահմանափակւում: Դուք ձեր ողջ կեանքի ծառայութեան ընթացքում պէտք է ձգտէք դառնալ նուիրեալ քարոզիչն ու մշակը, խոնարհ սպասաւորը մեր Եկեղեցու եւ արժանանանք` արտաքին եւ ներքին ընդվզումներից վշտացած ու մոլորուած ժողովրդի իրական առաքեալի կոչմանը»:
Այնուհետեւ, դիմելով նորաօծ քահանայ հայրերին, Սրբազանն իր բարեմաղթանքները փոխանցեց նրանց. «Սիրելի քահանայ հայրէր, ցանկանում եմ, որ լինէք միշտ կանաչ, եղէք միշտ ջրառատ եւ այնպէս եղէք, որ երբ մարդիկ ձեզ նայեն, ձեր խօսքերի միջից ձե՛զ չտեսնեն, այլ տեսնեն Քրիստոսին, տեսնեն Լուսաւորիչին, տեսնեն Մեսրոպ Մաշտոցին, տեսնեն այն սուրբերին եւ հերոսներին, ովքեր իրենց կեանքը մատաղ արեցին, որպէսզի ազգի կեանքը միշտ փառաւոր մնա, եւ դուք լինէք «մշակներ առանց ամօթիէ, լինէք տաճար Աստուծոյ եւ ունենաք այնպիսի ծառայութիւն, որ մեր Մայր Աթոռը իր հոգեւոր ճառագայթումը առաւել ուժեղացնի մեր ողջ ժողովրդի կեանքում յաւիտեանս»:
Վերջում Սրբազան Հայրը եւս մէկ անգամ աղօթք վերառաքեց առ Աստուած` խնդրելով երկնաւոր Տիրոջից, որ եօթնարփեան շնորհներով լցնի նորաօծ միւռոնաբոյր քահանայ հայրերին, մայր Եկեղեցին եւ Հայրենիքը:
Ապա Մայր Աթոռի միաբանները եւ ներկայ հոգեւորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան, շնորհաւորեցին քահանաներին եւ համբուրեցին վերջիններիս միւռոնաբոյր ճակատներն ու ձեռքերը` ստանալով անդրանիկ «Ողջոյն»-ը:
Նորաօծ 11 քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրեայ պատրաստութեան եւ աղօթքի շրջան, որից յետոյ ծառայութեան կը կոչուեն Հայ Եկեղեցու տարբեր կառոյցներում եւ թեմերում: