Gedenkfeier im Petersdom (Vatikan) für die Opfer des Völkermords an den Armeniern

Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով ի Վատիկան 

12-10

12-5

12-412-712-212-6

12-3

12-1

12-912-8

Ամենայն Հայոց Կաթողիկոսը
Վատիկանի մէջ մասնակցեցաւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ
տարելիցի առիթով մատուցուած Սուրբ Պատարագին

         Ապրիլի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում մասնակցեց Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցուած Ս. Պատարագին:
Սրբազան արարողութեան ընթացքում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հայրերից սուրբ Ս. Գրիգոր Նարեկացին Կաթոլիկ Եկեղեցու կողմից հռչակուեց «Եկեղեցու վարդապետ»:

      Պատարագի ավարտին հայկական ծեսով կատարուեց հոգեհանգստեան արարողութիւն` Մեծ Եղեռնի նահատակների համար, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խօսքն ուղղեց Ֆրանցիսկոս Պապին եւ ներկայ հաւատավոր ժողովրդին:

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՕՍՔԸ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՒ
ՀՌՈՄԻ ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՍԻ ՏԱՃԱՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՈՒԱԾ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔԻՆ
(12 ապրիլ, 2015 թ., Սուրբ Պետրոսի տաճար, Հռոմ)

       Ձերդ Սրբութիւն, սիրեցեալ եղբայր ի Քրիստոս,

      Աստուծոյ ողորմած կամքով վերստին այցելել ենք Հռոմ: Եկել ենք Հայաս-տանի Հանրապետութեան Նախագահ Տիար Սերժ Սարգսեանի, Մեր հոգեւոր եղբօր՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, Հայ Եկեղեցւոյ եպիսկոպոսաց դասի եւ աշխարհասփիւռ հաւատաւոր Մեր զաւակներու ներկայացուցիչներու հետ՝ Սուրբ Յարութեան խնդութիւնը մեր հոգում, Քրիստոսաւանդ սիրով եղբայրական Մեր ողջոյնն ու բարեմաղթանքները բերելու Ձերդ Սրբութեանը եւ մեր աղօթքներով մասնակից լինելու Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առթիւ Ձեր կողմից մատուցուած Սրբազան Պատարագին Սուրբ Պետրոսի տաճարում:

   Մեր քոյր Եկեղեցիների բարեկամութիւնը վկայող սրբազան այս արարողութեան ընթացքին, ի գոհունակութիւն Մեզ եւ մեր ժողովրդի, Հայ Եկեղեցու հայրերից սուրբ Գրիգոր Նարեկացին Ձերդ Սրբութեան կողմից հռչակուեց Կաթոլիկ Եկեղեցու սահմանումով՝ «Վարդապետ Եկեղեցու»: Աղօթուսոյց եւ տիեզերալոյս սուրբ Նարեկացին 10-րդ դարում մարդկային բոլոր սերունդների ապաշխարութեան եւ խոստովանութեան աղերսը՝ որպէս «Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ», երկինք բուրվառեց: Սուրբ վանականը, հայոց համար պաշտելի իր «շնչաւոր մատեանով» Քրիստոսաշնորհ փրկութեան ուղին ցոյց տուեց «մեղաւորներին ու արդարներին, վեհերին ու փոքրերին, բարիներին ու եղեռնագործներին» (Բան Գ), դէպի Աստուած առաջնորդելով բոլոր ժամանակների հաւատացեալներին։

    Նարեկացի ծնած մեր ժողովուրդը քրիստոնէական հաւատքի եւ ազգային ինքնութեան համար իր պատմութեան ընթացքում բազում արհաւիրքներ է տեսել, փորձութիւնների դիմակայել: Մէկ դար առաջ Օսմանեան Թուրքիայում մեր ժողովրդի հանդէպ իրագործուեց ցեղասպանութեան ահռելի ոճիրը:

        Կանխամտածուած ծրագրով, աննկարագրելի դաժանութեամբ սպանուեցին մէկ եւ կէս միլիոն հայեր: Հինաւուրց մեր ժողովուրդը արմատախիլ արուեց իր նուիրական բնօրրանից՝ պատմական հայրենիքից եւ տարագիր սփռուեց տարբեր երկրներում: Աւերուեց, ոչնչացուեց, բռնազաւթուեց քրիստոնէական մեր դարաւոր ժառանգութիւնը: Ոչինչ, սակայն, ոչ տառապանք, ոչ հալածանք, ոչ անգամ մահ՝ չսասանեց մեր ժողովրդին եւ չհեռացրեց իր սուրբ հաւատքից: Ազգովի նահատակութեան հոգեւոր սխրանքի ողջ մեծութիւնն է այսօր պատկերւում մեր առջեւ, որը դրսեւորեց մեր ժողովուրդը՝ կրկին հռչակելով դեռեւս 5-րդ դարում սահմանած իր ինքնութեան բանաձեւը, որ քրիստոնէութիւնն ունենք ոչ իբրեւ հանդերձ, այլ իբրեւ մաշկի գոյն (Եղիշէ պատմիչ):

        Աստուծոյ գթառատ ողորմութեամբ մեր ժողովուրդը ուղղել է եղեռնահար մէջքը, նոր կեանք վերընձիւղել սփիւռքի համայնքներում եւ Հայաստանի արեւելեան հատուածում վերականգնուած պետականութեան հովանու ներքոյ: Վերելքի իր ուղին մեր ժողովուրդը կերտել է՝ դիմակայելով բազում զրկանքների ու դժուարութիւնների: Այսօր էլ մեր ժողովուրդը ապրում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացուող շրջափակման մէջ, պայքարում Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի ազատ կեանքի համար եւ արդարութեան յաղթանակի հաւատով շարունակում ջանքերը յանուն իր իրաւունքների, Հայոց Ցեղասպանութեան համընդհանուր ճանաչման եւ իր արդար պահանջատիրութեան:

       Ժամանակին մարդկութիւնը չկարողացաւ կանխել Հայոց Ցեղասպանու-թիւնը, վերացնել դրա հետեւանքները եւ ականատեսը եղաւ Հոլոքոստի, Կ’ամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի եւ այլ ցեղասպանութիւնների: Այսօր էլ հակամարտութիւնների, պատերազմների, ահաբեկչութիւնների պատճառով մարդիկ ու ազգեր նեղութեան ու կարօտութեան մէջ են, հալածւում ու իրենց կեանքով են վճարում հաւատքի համար: Մենք հաւատացած ենք, որ Հայոց Ցեղասպանութեան համընդհանուր ճանաչումը՝ որպէս արդարութեան իրագործման եւ իրաւունքների հաստատման ազդեցիկ օրինակ, կը նպաստի ապահով ու արդար աշխարհի կերտմանը: Այս իմաստով Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը հրաւէր է աշխարհին անտարբեր չգտնուելու մարդկային տառապանքի ու նորօրեայ նահատակութիւնների հանդէպ եւ գործադրելու առաւել ջանքեր՝ դադարեցնելու եւ կանխելու համար մարդկութեան դէմ գործուող ոճիրները: Սա է այն պտուղը, որ պիտի աճի նահատակութեան արմատից:

      Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով մատուցուած այս Սրբազան Պատարագին, մեր նահատակների նուիրական յիշատակի առջեւ Մենք երախտագէտ զգացումով ենք անդրադառնում, որ Ձերդ Սրբութեան երանաշնորհ նախորդներից Բենեդիկտոս 15-րդ Պապը բողոքի ձայն բարձրացրեց՝ ընդդէմ հայերի ցեղասպանութեան, իսկ սուրբ Յովհաննէս Պօղոս Բ Պապը Մեզ հետ համատեղ յայտարարութեամբ 2001 թուականին ճանաչել եւ դատապարտել է Հայոց Ցեղասպանութիւնը: Այս առումով կարեւոր նշանակութիւն ունի նաեւ Վատիկանի արխիւներում պահուող փաստաթղթերի հրապարակումը: Մեր ժողովուրդը շնորհակալութեամբ է յիշում բոլոր նրանց, ովքեր ոչ միայն բարձրաձայնեցին Հայոց Ցեղասպանութեան մասին եւ դատապարտեցին, այլ նաեւ մարդասիրական առաքելութիւններ իրականացրեցին՝ խնամելով որբերին, ապաստան տալով վերապրածներին, օգնելով յաղթահարել բազմատեսակ դժուարութիւնները:

      Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ապրիլի 23-ին՝ աղօթական մասնակցութեամբ քոյր Եկեղեցիների, այդ թւում՝ Ձերդ Սրբութեան ներկայացուցիչների, բարձրաստիճան հիւրերի ու աշխարհասփիւռ մեր ժողովրդի բազմահազար զաւակների, սրբադասուելու են վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց մարտիրոսութեան պսակն ընդունած մեր բիւրաւոր նահատակները: Երկնային զօրքերին միացած սուրբ նահատակների բարեխօսուխօսութիւնն ենք հայցելու, որ Աստուածային խաղաղութիւնը հեղուի մարդկային կեանքին եւ աշխարհում տեղ չգտնեն ցեղասպանութեան ողբերգութիւնները;

       Սիրեցեալ եղբայր ի Քրիստոս, միանգամայն կիսում ենք Ձեր միտքը, որ նահատակութիւնը յարանուանական տարբերութիւններ չի ճանաչում: Արդարեւ, նահատակները միաւորում են մեզ որպէս զաւակներ ու ծառաներ մէկ Տիրոջ Յիսուս Քրիստոսի՝ համախմբուելու ու միասնական ջանքեր գործադրելու՝ յանուն աշխարհում սիրոյ, արդարութեան, խաղաղութեան հաստատման եւ քաղաքակրթութիւնների ու կրօնների երկխօսութեան՝ որին կոչում է մեզ սուրբգրական պատգամը. «Հոգ տարէք միմեանց սիրոյ եւ բարի գործերի յորդորելով» (Եբր. 10.24):

       Թող Սուրբ Պետրոսի սրբազան այս տաճարում մեր սրտերից երկինք բարձրացող աղօթքն ու հայցը լսելի լինի Երկնաւոր մեր Հօրը՝ օրհնելու եւ ճշմարիտ ուղիներով առաջնորդելու բոլոր ջանքերը, որ գործադրւում են յանուն երկրի վրայ խաղաղութեան եւ մարդկութեան ապահով ու բարօր կեանքի: Աղօթում ենք Ձերդ Սրբութեան առողջութեան, Կաթոլիկ Եկեղեցու պայծառութեան համար եւ Աստծոյ հովանին ու բարիքները հայցում ամէնքիս Սբ. Գրիգոր Նարեկացի տիեզերալոյս վարդապետի սրտաբուխ խօսքով.

Իսկ Դո՛ւ, առ ամենայն հնարս զօրաւոր,
Մատո՛ ինձ ոգի փրկութեան,
Աջ պաշտպանութեան,
ձեռն այցելութեան,
Հրաման բարութեան,
լոյս ողորմութեան,
Բան նորոգութեան,
պատճառ քաւութեան,
Գաւազան կենաց օգնութեան:
Զի դու ես յոյս ապաւինութեան, Տէր Յիսուս Քրիստոս,
Օրհնեա՜լ ընդ Հօր, Հոգւովդ Սրբով
յաւիտեանս յաւիտենից: Ամէն: (Բան ԾԹ)