Միջազգային Աստուածաբանական Հանդիպում Աչանէի մէջ (2020)

Արեւելեան Ուղղափառ եւ Կաթոլիկ եկեղեցիների երկխօսութեան
Միջազգային Աստուածաբանական համատեղ յանձնախմբի
հերթական 17-րդ հանդիպումը Աչանէում

       Յունուարի 26-ից փետրուարի 1-ը Լիբանանի Աչանէ բնակավայրում՝ Անտիոքի  Ասորի Ուղղափառ Եկեղեցու պատրիարքարանում, տեղի ունեցաւ Արեւելեան Ուղղափառ եւ Կաթոլիկ եկեղեցիների երկխօսութեան Միջազգային Աստուածաբանական համատեղ յանձնախմբի հերթական 17-րդ հանդիպումը։  Երկխօսութեան 17-րդ նիստի նիւթն էր «Եկեղեցու Ս․ Խորհուրդների աստուածաբանութեան հիմունքները»։

        Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից յանձնախմբի աշխատանքներին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ, պաշտօնապէս մասնակցում են Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ եւ Վատիկանում Սուրբ Էջմիածնի պաշտօնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների պատասխանատու Հոգեշնորհ Տ․ Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմից՝ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Աշքարեանը եւ Հոգեշնորհ Տ. Պօղոս վարդապետ Տինքճեանը։

    Նիստի մէկշաբաթեայ աշխատանքների շրջանակում յանձնախմբի անդամները հանդիպումներ ունեցան Անտիոքի Ասորի Ուղղափառ եկեղեցու պետ Նորին Սրբութիւն Իգնատիոս Եփրեմ Բ-ի (յունուարի 27-ին) եւ Ասորի Կաթոլիկ եկեղեցու պատրիարք Նորին Ամենապատուութիւն Իգնատիոս Իւսեֆ Գ Իւնանի (յունուարի 28-ին) հետ։ Յունուարի 30-ին յանձնախմբի հինգ անդամներ պաշտօնական հանդիպում ունեցան նաեւ Լիբանանի Հանրապետութեան Նախագահ Նորին Գերազանցութիւն Միշել Աունի հետ։ Պաշտօնական հանդիպմանը ներկայ էր նաեւ Մայր Աթոռի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը։

      Յանձնախումբը յաջորդ՝ 18-րդ նիստի համար որոշեց հանդիպել Վատիկանում՝ 2021 թ․ յունուարի 24-30 ժամանակահատուածում՝ քննարկելու համար երկու եկեղեցական ընտանիքներում Ս․ Մարիամ Աստուածածնի տեղին ու դերին առնչուող աստուածաբանական հարցերն ու խնդիրները։