Հայրապետական Սուրբ Պատարագ Ժնեւի Սուրբ Յակոբ եկեղեցւոյ 50-ամեակի առիթով

Հայրապետական Սուրբ Պատարագ
Ժնեւի Սուրբ Յակոբ եկեղեցու 50-ամեակի առիթով

        Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Ժնեւ (Շուեյցարիայ):

      Օդանաւակայանում Վեհափառ Հայրապետին դիմաւորեցին Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ եւ Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը, Շուեյցարիայի Համադաշնութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Անդրանիկ Յովհաննիսեանը, Շուեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան վարդապետ Ալճանեանը եւ Ժնեւի Սուրբ Յակոբ եկեղեցու վարչութեան ատենապետ Վիգէն Վարձպետը:

    Նոյն օրը Գարեգին Երկրորդ Հայրապետը պատուիրակութեան ուղեկցութեամբ ներկայ գտնուեց Կարմիր Խաչի եւ Ժնեւեան Կարմիր Խաչի ջանքերով կազմակերպուած Շուեյցարիայի Կարմիր Խաչի 2019 թ. բարեգործական հանդէսին: Այս տարի «Պայծառացրէք մեր տարէցների կեանքը» նշանաբանի ներքոյ անցկացուած հանդէսի ընթացքում հաւաքագրուած միջոցները նպատակաուղղուելու են նաեւ Հայաստանում կարիքաւոր տարէցների եւ հաշմանդամութիւն ունեցող անձանց խնամքին:

        Հոկտեմբերի 13-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Ժնեւի Սուրբ Յակոբ հայկական եկեղեցում` ազդարարելով եկեղեցու կառուցման 50-ամեակին նուիրուած միջոցառումների մեկնարկը եւ իր բարձր ներկայութեամբ խանդավառութիւն հաղորդելով հայ համայնքին: Այս առիթով եկեղեցում էին հաւաքուել շուեյցարահայ համայնքի բազում ներկայացուցիչներ:

       Հայրապետական պատարագը սկսուեց հանդիսաւոր թափօրով, որի ընթացքում ժողովուրդն արժանացաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնութեանը: Որպէս առընթերականեր Վեհափառ Հայրապետին սպասաւորեցին Խաժակ արքեպիսկոպոսը եւ Գուսան վարդապետը:

       Պատարագի սրբազան արարողութեանը ներկայ էին Շուեյցարիայի քաղաքային իշխանութեան ներկայացուցիչներ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Յակոբեանը, Շուեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Անդրանիկ Յովհաննիսեանը, Շուեյցարիայի տարբեր համայնքների վարչութիւնների անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, ուխտաւոր հայորդիներ, ինչպէս նաեւ Շամբեզիի Ուղղափառ եկեղեցուց Հայր Ռադի Բուշին, Կաթոլիկ եկեղեցու թեմից կանտոնի հովուական խնամքի խորհրդի նախագահ Քաթրին Ռիդլիգերը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գլխաւոր քարտուղարի ներկայացուցիչներ Հայր Իոան Սոկան եւ դոկտ. Անի Ղազարեանը, Սօսայ-Թղուանէ բողոքական համայնքի ներկայացուցիչներ Ռոլանդ Վեբերը եւ Վերոնիկ Շոպֆեր-Օրելին եւ Ժնեւի հրէական համայնքի գլխաւոր րաբբի դոկտ. Իսահակ Դայեանը:

           Սուրբ Պատարագի ընթացքում, իբրեւ բնաբան ընտրելով Ա. Տիմ. Գ 15-ի` «կենդանի Աստծոյ եկեղեցին է՝ սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան» խօսքը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամը բերեց ներկայ ժողովրդին:

    «Փառք ենք վերառաքում Բարձրեալին, որ շնորհն է պարգեւել հովուապետական այց կատարելու Շուեյցարիայ, հանդիպելու ձեզ այս գեղատեսիլ վայրում՝ Լեմանի լճի ափին, եւ մեր Սուրբ Եկեղեցու հաւատաւոր զաւակներիդ հետ միասին տօնախմբելու Սուրբ Յակոբ եկեղեցու 50-ամեակը: Շուեյցարիայի օրհնեալ հողում քսաներորդ դարասկզբից մեր ժողովրդի զաւակներ ապրել են մշտապէս վառ պահելով հայրենիքի հանդէպ սէրը եւ հայ քրիստոնէական իրենց ինքնութիւնը, որի վկայութիւնն ու պսակն է 1969 թ. երջանկայիշատակ Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ եւ լուսահոգի Յակոբ Թօփալեան ազնուահոգի բարերարի ջանքերով կառուցուած այս գեղեցիկ եկեղեցին։ Աղօթքով ենք յիշում հանգուցեալ բարերարին եւ ի պայծառութիւն եկեղեցու իրենց ջանքերը ներդրած բոլոր երախտաւորներին: Եկեղեցու յոբելեանը մեծ իրադարձութիւն է ամէնքիս համար: Ուրախալի այս առիթով բերում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնութիւնն ու շնորհաւորանքները եւ համայն հայութեան նուիրական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լոյսն ու օրհնութիւնը», – նշեց Վեհափառ Հայրապետը:

        Նորին Սրբութիւնն իր քարոզում անդրադարձաւ տաճարի խորհրդին եւ առաքելութեանը իւրաքանչիւր հաւատացեալի կեանքում: «Սուրբ է Տիրոջ տաճարը, որտեղ երկնառաք բարիքներով լիանում են հաւատացեալների հոգիները, բաւականանում մխիթարութեամբ, սփոփւում աստուածային ողորմութեամբ, առատանում Սուրբ Հոգու շնորհներով: Սուրբ Պօղոս առաքեալը հէնց այս նուիրական ու տէրունաւանդ առաքելութիւնն է շեշտում՝ կենդանի Աստծոյ Եկեղեցին բնորոշելով իբրեւ ճշմարտութեան հաստատում եւ սիւն։ Հաւատացեալներիս համար Եկեղեցին դէպի Աստուած եւ փրկութիւն առաջնորդող տապան է, որ այս կեանքի ալեկոծութիւնների, անհանգստութիւնների ու տագնապների միջից իր հարկի ներքոյ ապաստանածներին սնում է հոգեւոր կերակուրով, մատռուակում Տիրոջ կենաց խօսքը եւ ապահով հասցնում դէպի փրկութեան խաղաղ նաւահանգիստը:

          Քրիստոսի պարգեւած ճշմարտութեան հաւատքով զօրացած` աշխարհով մէկ եկեղեցիներ հիմնեցինք՝ հնչեց աղօթքը, հնչեց հայ լեզուն ու խօսքը, վառ մնաց ջահը աստուածսիրութեան ու եկեղեցասիրութեան: Մենք մարդկային պատմութեան անդաստանում թողեցինք առ Քրիստոս հաւատքով կերտուած ազգային կեանքի, արժանայիշատակ գործերի վառ վկայութիւնները եւ աստուածպաշտութեան հաստատուն ու ճշմարիտ մե՛ր՝ հայկական սիւները՝ հոգեւոր եւ ազգային անգին գանձերը, որոնցից մէկը Սուրբ Յակոբ անունը կրող այս եկեղեցին է», – ասաց Նորին Սրբութիւնը։

         Վեհափառ Հայրապետը խօսեց նաեւ Շուեյցարիայի հայութեան կեանքում Սուրբ Յակոբ եկեղեցու կէսդարեայ ծառայութեան մասին: «Գոհունակութիւն է Մեզ համար անդրադառնալ, որ կէս դար Սուրբ Յակոբ եկեղեցին հոգեւոր սպասաւորների եւ նրանց լծակից աշխարհականների գովելի ծառայութեամբ հոգեւոր խնամք է մատուցել Շուեյցարիայում հաստատուած հայորդիներին, զօրացրել ու առաջնորդել դէպի Աստուած, բաշխել Սուրբ Հոգու պարգեւները եւ ամուր պահել ազգային ինքնութիւնը: Համայնքային կեանքում ծագած դժուարութիւններն ու անհամաձայնութիւնները ձեր հայրերը եւ դուք յաղթահարել էք ազգային միասնութեան գիտակցութեամբ եւ առ մեր Սուրբ Եկեղեցին սիրոյ ու հաւատարմութեան ոգով: Մենք քաջալեր ու յուսավառ ենք ձեր հաւատաւոր բարի ընթացքով ու աստուածահաճոյ գործերով: Ձեր ձեռքբերումները դուք ծառայեցնում էք ոչ միայն շուեյցարահայ համայնքի բարգաւաճմանը, այլեւ մեր Սուրբ Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորմանը, մեր անկախ հայրենիքի, ազատ Արցախի զօրացմանը: Քրիստոնէական արժէքներին հաւատարմութեամբ դուք նաեւ Շուեյցարիայի բարի ու վստահելի քաղաքացիներն էք, մասնակից աւանդաշատ այս երկրի հասարակական կեանքի առաջընթացին: Շուեյցարիայի Կարմիր խաչի կողմից կազմակերպուած երեկուայ հանդէսը ի նպաստ կարիքի մէջ գտնուող մեր հայրենակիցների, վառ վկայութիւնն էր այն կարեւոր աւանդի, որ հայ համայնքն ունի հաչս Շուեյցարիայի իշխանութիւնների եւ հասարակութեան: Այս առիթով բերում ենք ձեզ ամէնքիդ մեր բարձր գնահատանքն ու օրհնութիւնը:

         Սիրելի բարեպաշտ զաւակներ Մեր, գոհունակութիւն է հայոց Հայրապետիս համար, որ դուք ձեր բաժին լոյսն էք յաւելում Սուրբ Էջմիածնի Լուսաւորչահաստատ մշտավառ կանթեղին, որ դարերի խորքից մինչեւ այսօր լուսաւորում է ազգիս փրկութեան ճանապարհը: Հայրապետական Մեր յորդորն է ձեզ, որ ձեր հայրերի օրինակով, սիրոյ եւ միաբանութեան ոգով մեր Սուրբ Եկեղեցու հովանու ներքոյ շարունակէք կենդանի պահել ազգային-եկեղեցական ձեր կեանքը` երիտասարդ սերնդին կրթելով եւ դաստիարակելով ազգասիրութեան ոգով: Նոյն նախանձախնդրութեամբ զօրեղ պահէք եկեղեցասիրութեան եւ հայրենանուիրումի ձեր ոգին, ձեր հաւատքը եւ միշտ Աստծոյ կամքի համաձայն ընթանալու վճռականութիւնը, ինչպէս Սուրբ Գիրքն է պատուիրում՝ «բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու եւ Աստծու գիտութեամբ աճելու համար» (Կող. Ա 9-10)», – ընդգծեց Հայոց Հայրապետը:

        Յոբելեանական այս ուրախ առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհաւորանքներն ու գնահատանքը բերեց Շուեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան վարդապետ Ալճանեանին, Սուրբ Յակոբ եկեղեցու վարչութեան ատենապետին եւ անդամներին ու հայ համայնքի հաւատաւոր բոլոր անդամներին` մաղթելով ուժ եւ կորով եկեղեցաշէն ու ազգանուէր գործերում, որպէսզի նուիրումով ու ջերմեռանդութեամբ կարեւոր մասնակցութիւն բերեն ինչպէս համայնքային կեանքի զօրացմանը, այնպէս էլ Շուեյցարիայի բարգաւաճմանը:

         Վեհափառ Հայրապետը հայցեց, որ Բարին Աստուած Իր ամենախնամ Աջի հովանու ներքոյ պահպանի աշխարհը խաղաղութեան մէջ, բարօր ու ապահով պահի Շուեյցարիայում ապրող իր հաւատաւոր զաւակներին` շնորհազարդելով ու լիացնելով Իր առատ պարգեւներով: Նորին Սրբութիւնն աղօթքով մաղթեց, որ Տիրոջ օրհնութեամբ սիրոյ եւ խաղաղութեան մէջ շէնանայ Հայաստան եւ Արցախ հայրենի մեր երկիրը եւ աշխարհասփիւռ մեր ողջ ժողովուրդը:
Ի յիշատակ յոբելեանական այս առիթով հայրապետական այցելութեան` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Յակոբ եկեղեցուն ընծայեց մարմարէ խաչքար:

     Հաւարտ Ս. Պատարագի եկեղեցու հանդիսութիւնների սրահում, մասնակցութեամբ այս առիթով հաւաքուած ժողովրդի, տեղի ունեցաւ ընդունելութիւն, որի ընթացքում Նորին Սրբութեանը բարիգալստեան խօսքով ողջունեց Ժնեւի Սուրբ Յակոբ եկեղեցու վարչութեան ատենապետ Վիգէն Վարձպետը:

        Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնութիւնն ու պատգամը բերեց հաւատաւոր ժողովրդին` մասնաւորապէս պատգամելով աշխոյժ պահելու համայնքի ազգային-եկեղեցական կեանքը, զօրացնելու հայրենիքը եւ զօրանալու հայրենիքով, սերնդեսերունդ փոխանցելու նախնեաց աւանդած սրբազան ժառանգութիւնն ու արժէքները: Նորին Սրբութիւնն ընդգծեց, որ հզօր հայրենիքն է սփիւռքի կենսունակութեան աղբիւրը եւ յուսալի երաշխիքը:

         Ընդունելութեան ընթացքում իր ուրախութիւնն Ժնեւ այցի եւ հայ համայնքի հետ հանդիպման առիթով յայտնեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Յակոբեանը: Վերջինս իր շնորհաւորանքները բերեց շուեյցարահայ համայնքին` անդրադառնալով նաեւ Հայոց Եկեղեցու հայապահպան կարեւոր առաքելութեանը:

         ՀՀ դեսպան Անդրանիկ Յովհաննիսեանն իր հերթին համայնքին փոխանցեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանի շնորհաւորական ուղերձը եկեղեցու յիսնամեակի առիթով:

       Վերջում տեղի ունեցաւ աջահամբոյրի արարողութիւնը, որի ժամանակ ներկաները հնարաւորութիւն ունեցան անձամբ մօտենալու Հայոց Հայրապետին եւ ստանալու նրա օրհնութիւնն ու հայրական յորդորները:

          Երկօրեայ այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ ու քննարկումներ ունեցաւ թեմի թեմական եւ ծխական մարմինների պատասխանատուների եւ անդամների հետ եւ իր թելադրութիւնները կատարեց թեմական եւ համայնքային կեանքի առաւել զօրացման եւ արդիւնաւորման համար: