Գերագոյն Հոգեւոր Խորհուրդն Աւարտեց Իր Աշխատանքները

Գերագոյն Հոգեւոր Խորհուրդն Աւարտեց Իր Աշխատանքները

          Մարտի 12-ից 14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը ընդլայնուած կազմով:

       Ժողովի նիստերն ատենապետեցին Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը, ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը եւ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը:

      Եռօրեայ ժողովի օրակարգում ընդգրկուած էին Եկեղեցու վարչական, կազմակերպայ-իրաւական, կանոնական, կարգապահական, սոցիալական եւ Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորմանն առնչուած այլ հարցեր:

      Ժողովի սկզբում անդրադարձ կատարուեց մարտի 8-ին վախճանուած Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք երջանկայիշատակ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆեանի վերջին օծման եւ յուղարկաւորութեան արարողութիւններին: Տեղեկացուեց, որ առաջիկայ օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատուիրակութիւնը կը մեկնի Ստամբուլ մասնակցելու Մեսրոպ Պատրիարքի յուղարկաւորութեանը եւ սգացեալ ժողովրդին փոխանցելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի վշտակցութեան խօսքը: Պատուիրակութեան կազմում ընդգրկուած են Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ  արքեպիսկոպոս Չուլջեանը եւ Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը:

      Ազգային-Եկեղեցական ժողովի (ԱԵԺ) գումարման կազմակերպչական աշխատանքների ընթացքի մասին զեկոյցով հանդէս եկաւ ԱԵԺ կազմակերպիչ յանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը` հանգամանօրէն ներկայացնելով ԱԵԺ կազմակերպիչ յանձնախմբի, ինչպէս նաեւ օրակարգի հարցերի նախապատրաստման նպատակով ստեղծուած եօթ յանձնախմբերի աշխատանքների ընթացքը:

        ԳՀԽ անդամները լսեցին նաեւ Մայր Տաճարի վերանորոգութեան ընթացքի մասին զեկոյցը: Տաճարի վերանորոգութեան նախագծի ճարտարապետ Ամիրան Բադիշեանը եւ Մայր Աթոռի գլխաւոր ճարտարապետ Արա Վարդանեանն անհրաժեշտ լուսաբանութիւնները տուեցին տաճարի ամրակայման եւ վերանորոգութեան, նաեւ հընթացս աշխատանքների ծագող նոր խնդիրների մասին: Տեղեկացուեց, որ տաճարի ներքին աշխատանքները ծրագրւում է աւարտել 2020 թուականին: 

       Նկատի ունենալով Ազգային-Եկեղեցական ժողովի նախապատրաստական աշխատանքների ծաւալը եւ ժամանակատարութիւնը, ինչպէս նաեւ Մայր Տաճարի վերանորոգման ընթացքը` Գերագոյն հոգեւոր խորհուրդը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխաւորութեամբ որոշեց Ազգային-Եկեղեցական ժողով գումարել 2020 թ. նոյեմբերի 1-8-ը:

      Մայր Տաճարի նորոգութեան պատճառով նպատակայարմար նկատուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալութեան 20-ամեակին նուիրուած հանդիսութիւնները եւս անցկացնել առաջիկայ տարի:

    Ժողովի ընթացքում անդրադարձ կատարուեց Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւններին, տեղեկացուեց ՀՀ վարչապետի հրամանով ստեղծուած աշխատանքային խմբի մասին, որի նպատակն է առաւել զօրացնել եկեղեցի-պետութիւն գործակցութիւնը ի նպաստ երկրի հզօրացման: Գոհունակութեամբ լսելով զեկոյցը` ԳՀԽ անդամները կարեւորեցին պետութեան հետ գործակցութիւնը եւ յաջողութիւններ մաղթեցին նորակազմ աշխատանքային խմբի աշխատանքներին:

    Գերագոյն հոգեւոր խորհուրդը զեկոյց լսեց Հայոց Եկեղեցու գործառնութիւնների բարելաւման ծրագրի ընթացքի վերաբերեալ, որը համակարգւում է «Դաւիդեան» հիմնադրամի նախագահ եւ բարեգործ Ասոյ Դաւիդեանի կողմից: Տեղեկութիւններ տրուեցին կատարուած աշխատանքի եւ առաջիկայ անելիքների մասին։ Վերջում Վեհափառ Հայրապետը Գերագոյն հոգեւոր խորհրդի անունից գնահատանք յայտնեց համակարգող խմբին իրենց ջանադիր ծառայութեան համար։

     Կոմիտաս Վարդապետի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակներին նուիրուած միջոցառումների ծրագիր-առաջարկ ներկայացրեց յոբելեաններին նուիրուած միջոցառումների կազմակերպման յանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Անուշաւան եպիսկոպոս Ժամկոչեանը: Քննարկումների արդիւնքում Գերագոյն հոգեւոր խորհուրդը որոշեց տարուայ կտրուածքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ թեմերում կազմակերպել յիշատակի արարողութիւններ եւ հոգեւոր-մշակութային, գիտակրթական, գեղարուեստական, ճանաչողական միջոցառումներ:

      2019 թուականը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակուել է որպէս Ընտանիքի տարի: Այս շրջանակներում ժողովականները անդրադարձ կատարեցին հայ ընտանիքի առջեւ ծառացած արդի խնդիրների յաղթահարման գործում Հայոց Եկեղեցու հովուական առաքելութեանը հայրենիքում եւ սփիւռքում` որդեգրելով Մայր Աթոռի եւ թեմերի կողմից իրականացուելիք մի շարք հոգեւոր, սոցիալական, գիտայ-ճանաչողական, հովուական, քարոզչական ծրագրեր:

       Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներին ներկայացուեց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2018 թուականի գործունէութեան տեղեկագիրը: Ժողովականները քննութեան առան նաեւ Մայր Աթոռի գործունէութեան ֆինանսական հաշուետուութիւնը եւ Վերստուգիչ յանձնախմբի տարեկան զեկոյցը:

    Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովն աւարտուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան խօսքով եւ «Պահպանիչ» աղօթքով: