Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շուեյցարիայի Ազգային խորհրդի պատուիրակութեանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
Շուեյցարիայի Ազգային խորհրդի պատուիրակութեանը

       Փետրուարի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շուեյցարիայի Համադաշնութեան Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բիւմանի գլխաւորած պատուիրակութեանը:

     Վեհափառ Հայրապետը, գոհունակութեամբ հաստատելով, որ հայ-շուեյցարական յարաբերութիւնները միշտ բարեկամական են եղել, ողջունեց պատուիրակութեան` երկու երկրների միջեւ համագործակցութեան առաւել զօրացմանն ուղղուած առաքելութիւնը: Նորին Սրբութիւնը գնահատանքով անդրադարձաւ այն կարեւոր զօրակցութեանը, որ Շուեյցարիան բերում է մեր երկրին` նպաստելով ինչպէս առկայ մարտահրաւէրների յաղթահարմանը, այնպէս եւ տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը:

      Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Շուեյցարիան, որտեղ գտնւում է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ), կարեւոր նշանակութիւն ունի նաեւ միջեկեղեցական կեանքում: Նորին Սրբութիւնը նշեց, որ Հայոց Եկեղեցին, անդամակցելով ԵՀԽ-ին, մասնակից է էկումենիկ շարժմանն այն համոզումով, որ կրօնական երկխօսութիւնը հիմնական դերակատարութիւն ունի ժողովուրդների միջեւ համերաշխութեան եւ խաղաղութեան հաստատման գործում: Վեհափառ Հայրապետը խօսեց Քոյր Եկեղեցիների հետ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու ջերմ կապերի եւ միջկրօնական յարաբերութիւնների մասին:

       Այս կապակցութեամբ Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց, որ Շուեյցարիան, հաւատարիմ իր դաւանած արժէքներին, միշտ մնա արդարութեան ջատագով եւ բարձրաձայնելով ճշմարտութիւնը` նպաստի ժողովուրդների միջեւ խաղաղութեան վերականգնմանը:

 Զրոյցի ընթացքում Շուեյցարիայի Համադաշնութեան Ազգային խորհրդի նախագահը շնորհակալու-թիւն յայտնեց ամենայն հայոց հոգեւոր կենտրոն այցելելու եւ Վեհափառ Հայրապետին հանդիպելու առիթով:

Պրն. Դոմինիկ դը Բիւմանը խօսեց հաւատքի կարեւորութեան մասին մարդկային կեանքում` տեղեկութիւններ փոխանցելով Շուեյցարիայի տարբեր կանտոններում Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնների վերաբերեալ առկայ մօտեցումների մասին:

     Ազգային խորհրդի նախագահը Նորին Սրբութեանը նաեւ ներկայացրեց Շուեյցարիայի կողմից իրականացուող միջազգային մարդասիրական եւ խաղաղասիրական գործունէութիւնը: Պրն. Դոմինիկ դը Բիւմանն անդրադարձաւ նաեւ Շուեյցարիայ-Հայաստան համագործակցութեանը` հաւաստիացնելով, որ Շուեյցարիան պիտի շարունակի իր զօրակցութիւնը բերել Հայաստանին:

     Հանդիպմանը խօսուեց ղարաբաղեան հակամարտութեան եւ դրա խաղաղ կարգաւորմանն ուղղուած Հայ Եկեղեցու ջանքերի մասին:

       Նորին Սրբութիւնը հիւրերին ներկայացրեց նաեւ Եկեղեցու հոգեւոր եւ սոցիալական առաքելութիւնը հայ ժողովրդի կեանքում, անդրադարձաւ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրաւէրներին:

     Վերջում Նորին Սրբութիւն Գարեգին Բ Կաթողիկոսը արդիւնաւոր առաքելութիւն մաղթեց պրն. Դոմինիկ դը Բիւմանի գլխաւորած պատուիրակութեանը` ի նպաստ երկու երկրների բարեկամութեան զօրացման եւ համագործակցութեան:

    Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը եւ Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը: