Սարկաւագական Ձեռնադրութիւն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մէջ 26.12.2016

Ս․ Ստեփանոսի տօնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ տեղի ունեցաւ սարկաւագական ձեռնադրութիւն

       Դեկտեմբերի 26-ին Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ շուքով նշեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի յիշատակութեան օրը, որը նաեւ Եկեղեցու անդաստանում ծառայող սարկաւագների տօնն է:

  Բերկրառատ օրուայ կապակցութեամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցուեց սուրբ եւ անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը: Պատարագի սրբազան արարողութեանը՝ համահունչ Հայ Եկեղեցու բարի ու գեղեցիկ աւանդութեանը, կատարուեց նաեւ սարկաւագական ձեռնադրութիւն:

      Նախօրդ օրը՝ դեկտեմբերի 25-ի երեկոյեան, յատուկ արարողու-թեամբ Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի առջեւ տեղի էր ունեցել դպրութեան, ուրարակրութեան եւ կիսասարկաւագութեան աստի-ճանների տվչութեան արարողու-թիւնը:

     Գեւորգեան հոգեւոր ճեմարանի 11 ու Քահանայից պատրաստութեան Բ լսարանի 5 սաներ ստացել էին դպրութեան, ճեմարանի Դ լսարանի 14 սաներ ուրարակրութեան եւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի Է լսարանի 27 ու Քահանայից պատրաստութեան Գ լսարանի 4 սաներ կիսասարկաւագութեան աստիճան:

     Ս․ Ստեփանոսի տօնի առիթով, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մուշեղ Սրբազանի ձեռամբ սարկաւագական ձեռնադրութեան արժանացան նախօրէին կիսասարկաւագութիւն ստացած Գեւորգեան հոգեւոր ճեմարանի եւ Քահանայից պատրաստութեան լսարանի 31 սաներ:

   Սրբազան Հայրը Ձեռնադրութեան Ս. խորհրդից յետոյ նորաթուխ սարկաւագներին եւ ներկաներին փոխանցեց օրուայ պատգամը` ընդգծելով. «Այսօր, սիրելի՛ հաւատացեալներ, ամէնքս մէկտեղուել ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ աղօթակից լինելու եւ խնդրելու առաջին նահատակ եւ առաջին սարկաւագ Ս. Ստեփանոս վկայի բարեխօսութիւնը բոլոր այն սարկաւագների համար, ովքեր իրենց ծառայական կերպի մէջ են Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու բոլոր խորաններում՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնից սկսեալ մինչեւ հեռաւոր թեմերի եկեղեցիները:

      Եւ այսօր, սիրելինե՛ր, ձեր ու մեր աղօթքների շնորհիւ, երբ միաձայն ասում էինք՝ «արժանի են», այս Ս. Սեղանի վրայ կանգնած 31 կիսասարկաւագներն արժանացան սարկաւագական ձեռնադրութեան: Այս օրը ուրախալի է ոչ միայն նրանց համար, նրանց, ում դէմքին ամբողջ արարողութեան ընթացքին կարող էիք տեսնել երկիւղ, բայց միաժամանակ՝ ամուր հաւատք, պատրաստակամութիւն, ուժ եւ կորով՝ տանելու համար այն լուծը, որ ուրարի ձեւով ձեռնադրող եպիսկոոպոսի կողմից դրուեց նրանց ուսին:

․․․մենք՝ որպէս Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանութիւն, աղօթող ենք ձեզ համար: Վստահ եմ, որ այստեղ ներկայ իւրաքանչիւր ոք աղօթող է ձեզ համար: Եւ խնդրում ենք Տիրոջից, որ բարեխօսութեամբ Ս. Ստեփանոսի, որ լի էր շնորհներով եւ հոգով, այդ շնորհներն ու հոգին փոխանցի ձեզ», – ասաց Մուշեղ Սրբազանը:

     Ձեռնադրիչ Սրբազանը վերջում պատգամեց երիտասարդ սպասաւորներին նախանձախնդիր եւ անկոտրում լինել իրենց հոգեւոր առաքելութեան մէջ, որտեղ էլ որ ապագայում կոչուեն ծառայութեան։

      Շնորհաւորելով Հայոց Հայրապետին, Մայր Աթոռի լուսարապետին, հոգեւոր-կրթական հաստատութիւնների վերատեսչին, ճեմարանի տեսչին, Քահանայից պատրաստման լսարանի տեսչին, միաբաններին եւ հաւատաւոր ուխտաւորներին առատ հունձքի առիթով՝ Մուշեղ Սրբազանը մաղթեց, որ Ս. Ստեփանոսի շնորհներն անպակաս լինեն ամէնքից:

   Ս. Պատարագի աւարտին եկեղեցականաց դասը եւ ներկայ բարեպաշտ ժողովուրդը հնարաւորութիւն ունեցան համբուրելու եւ երկրպագելու տօնի առիթով Մայր Տաճարի աւանդատուն-թանգարանից դուրս բերուած Ս. Ստեփանոսի մասունքով Աջը եւ ստանալու նրանից բխող օրհնութիւնը:

   Հաւարտ Պատարագի սրբազան արարողութեան, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն ընդունեց Մայր Աթոռի բոլոր սարկաւագներին ու նորընծաներին` ուղեկցութեամբ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանի, Գեւորգեան հոգեւոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումեանի եւ Մայր Աթոռի փոխլուսարարապետ Արժանապատիւ Տ. Յովհաննէս քահանայ Քեսաբլեանի:

    Սարկաւագաց դասը Նորին Սրբութեանը ողջունեց «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղով, ապա միասնական Տէրունական աղօթքից յետոյ Հայոց Հովուապետը իր հայրապետական պատգամը փոխանցեց նրանց:

     «Բերկրալի ու ցնծալի օր է այսօր Մայր Աթոռում. մեր սուրբ հայրերի իմաստուն տնօրինութեամբ հաս-տատուած կարգի համաձայն, որն այլեւս աւանդութիւն է Հայոց Եկեղեցու համար, ամէն տարի՝ Ս. Ստեփանոսի տօնին, կատարւում է սարկաւագական ձեռնադրութիւն: Ուրախութեամբ ենք ամէնքս մշտապէս սպասում այս օրուան՝ ներշնչուելու եւ գօտեպնդուելու հաւատքի նուիրեալի անձի օրինակով, կեանքով ու գործով, ցնծութիւն ապրելու՝ տեսնելով, որ նոր սպասաւորներով են համալրւում մեր եկեղեցականաց շարքերը: Ահա այս ուրախութեամբ են այսօր համակուած Մեր, ողջ միաբանութեան եւ հաւատացելոց հոգիները», – նշեց Նորին Սրբութիւնը՝ յոյս յայտնելով, որ նորընծաների հայեացքի առջեւ առկայ է Ստեփանոս սարկաւագի լուսաւոր կերպարը եւ իրենք ներշնչւում են սրբի արիութեամբ, առ Տէրն ունեցած անմանացորդ սիրով ու յանձնառութեան ոգով:

      «Ս. Ստեփանոսը պատրաստ եղաւ ի սէր Քրիստոսի առաջին նահատակը եւ մարտիրոսը դառնալ եւ հարթեց նահատակութեան ու մարտիրոսութեան ճանապարհը, քաջութեան անօրինակ դրսեւորումով նահատակութեան յաղթական ուղին նախանշեց իր անձով ու կեանքով: Այսօր մենք ոգեշնչւում ենք իր նահատակութեան յանձնառու ոգով…

     Ներկայ կեանքի հարուցած խնդիրների ու դժուարութիւնների, բարոյական արժէքների յետընթացի կամ անկման իրողութեան առջեւ չափազանց կարեւոր է յանձնառութեան այդ բարձր ոգին՝ անպայմանաւոր սիրով լծուելու Տիրոջ խօսքի քարոզչութեանը. ոչ միայն բառերով, այլեւ սեփական կեանքի օրինակով վկայել եւ ճշմարտել Աւետարանի պատգամներն ու տէրունաւանդ պատուիրանները», – ընդգծեց Ամենայն Հայոց Հայրապետը։

    Վերջում, իր օրհնութիւնները բաշխելով սարկաւագներին, Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց, որ ներշնչուեն Ս. Ստեփանոսի բարի օրինակով եւ աշխատեն ամենայն ջանք ի գործ դնել եւ նմանուել վերջինիս վեհանձն ու փառաւոր կերպարին, նպաստեն Հայ Եկեղեցու փառքին ու պայծառութեանը:

     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ունի 128 միաբան սարկաւագ, իսկ Գեւորգեան հոգեւոր ճեմարանում ուսանում են արդէն 41 սարկաւագներ:

26 Դեկտ. 2016