Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-ամեակի առիթով

ՇՆՈՐՀԱՒՈՐ
ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ 25-ԱՄԵԱԿ

21. September 2016

Tag der Unabhängigkeit der Republik Armenien

Arm22Anniv25 Jahre Unabhängigkeit in Armenien

Հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան
անկախութեան 25-ամեակի առիթով

         Սեպտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-ամեակի առիթով, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցում կատարուեց Հանրապետական մաղթանք` հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի:

          Արարողութեանը ներկայ էին նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակեանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբաններ, պետական այրեր, Մայր Աթոռի բարերարներ ու հասարակական գործիչներ:

      Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը մայր եկեղեցի մուտք գործեցին եկեղեցականների թափօրի ուղեկցութեամբ եւ իրենց խոնարհումը բերեցին ամպհովանու ներքոյ ամփոփուած հայոց հաւատի հայր Ս. Գրիգոր Լուսաւորչի մասունքներին: Ապա օրհնելով ներկայ հաւատաւոր ժողովրդին` 14 եպիսկոպոսների ուղեկցութեամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը բարձրացան Սուրբ Խորան, ուր սկսուեց Հանրապետական մաղթանքը` Հայաստանի Հանրապետութեան անսասանութեան ու պայծառութեան  եւ նրա ժողովրդի խաղաղ ու բարօր կեանքի համար:

     Արարողութեան ընթացքում Գարեգին Բ Կաթողիկոսը եւ Արամ Ա Կաթողիկոսը ծնրադիր ընթերցեցին «Գոհանամք զքէն» աղօթքը` հայցելով, որ Աստուած իր Ամենախնամ Ս. Աջի հովանու ներքոյ պահի ու պահպանի Հայաստանի Հանրապետութիւնը եւ համայն հայոց ազգը:

         Արարողութեան աւարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսն իրենց օրհնութիւնն ու պատգամը յղեցին համայն հայ ժողովրդին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՕՍՔԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ 25-ԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

Մեծարգոյ Նախագահ Հայաստանի Հանրապետութեան,
Սիրեցեալ եղբայր, Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ,
Հոգեւոր հայրեր, յարգելի պետական այրեր,
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

        Հայաստանի Հանրապետութեան 25-րդ տարեդարձի նուիրական առիթով ողջունում եւ Մեր շնորհաւորանքներն ենք բերում ձեզ եւ հաւատացեալ համայն մեր ժողովրդին: Այսօր սրբազան այս կամարների ներքոյ ձեզ հետ միասին գոհաբանական աղօթք բարձրացրեցինք առ Աստուած հայրենի մեր երկրի խաղաղութեան ու բարօրութեան համար: Մեր երախտագիտութիւնը յայտնեցինք Երկնաւորին, որ ազատ կեանքի պարգեւն է շնորհել մեզ: «Փառք Քեզ, Աստուած, փառք Քեզ, յաղագս ամենայնի, Տէ՛ր, փառք Քեզ» (Ժամագիրք):

     Մեր ժողովուրդը երկար է մաքառել հայրենի հողում անկախ պետականու-թեան վերականգնման համար: Այսօր ունենք 25- ամեայ նորատունկ մեր հանրապետութիւնը, որը յոյսերի մարմնացումը, սէրն ու հպարտութիւնն է մեր ժողովրդի: Երիտասարդ է մեր պետութիւնը, բայց նաեւ կայացած է այնքան, որպէսզի կարողանայ իրականութեան առաջնորդել մեր ժողովրդի ձգտումները, ազգային զարթօնքի տեսիլքները:

       Պետականութեան կայացման ճանապարհը, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հեշտ չտրուեց մեզ: Մեր ժողովուրդը դիմագրաւեց բազում դժուարութիւնների ու նեղութիւնների, մինչ օրս շարունակուող շրջափակմանը, Արցախի ազատագրութեան պայքարում մեզ պարտադրուած պատերազմին, ներքաղաքական կեանքի ցնցումներին: Ամենածանր իրավիճակներում, մեր պետականութեանը սպառնացող բոլոր վտանգների ու փորձութիւնների առջեւ յաղթանակող եղան առ հայրենին մեր ժողովրդի անմնացորդ սէրն ու նուիրումը, իր ազատ, նոր կեանքը կերտելու տեսիլքը: Փառք Քեզ, Տէր, որ մեր սիրտը լցրեցիր Քո ամենաբաւական ողորմութեան լիութիւնից եւ արժանի դարձրեցիր վերակերտելու անկախ մեր պետականութիւնը: Փառք Քեզ, Տէր, որ անյաղթահարելի թուացող փորձութիւնների մէջ Քո Սուրբ Անուանը ապաւինած մեր ժողովուրդը հերոսաբար պայքարեց ու ամրացրեց հիմերը մեր պետութեան, շարունակեց ապրել ու բարին արարել եւ իր արդար իրաւունքները պաշտպանել:

         Այսօր հպարտ ենք անկախ պետականութեան ձեռքբերումներով, մեր քաջարի բանակով ու անմահ հերոսներով, անկախութեան արժէքը իրենց հոգիներում կրող մեր նոր, լուսամիտ սերնդով: Այսօր թօթափած անաստուածութեան լուծը՝ զօրանում է եւ հոգեւոր կեանքը մեր ժողովրդի: Կառուցւում ու շէնանում են մեր սրբատեղիները, քրիստոնեայ կրթւում մեր զաւակները: Հայրենի անկախ պետականութիւնը աշխարհասփիւռ մեր ժողովրդին հնարաւորութիւն է ընձեռել դրսեւորելու իր միասնականութիւնը, հայրենաշեն ծրագրերի եւ ազգային իղձերի շուրջ համախմբուելու ներուժը: Բոլոր ժամանակներում, բայց մանաւանդ անկախութեան տարիներին, սփիւռքի սիրտը ջերմօրէն բաբախել է հայրենիքի համար, որի վկայութիւնն են աշխարհի չորս ծագերում ապրող մեր զաւակների հայրենանպաստ բազում գործերը: Մեր պետութիւնը, արդարեւ, ամուր յենարան է համազգային մեր իղձերի իրագործման, Արցախում մեր ժողովրդի ազատ ապրելու իրաւունքի եւ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման ու մեր արդար դատի յաղթանակի համար:

      Այս ձեռքբերումներով հանդերձ՝ անցած 25 տարիները բաւական չեղան պետականակենտրոն համապարփակ մտածողութիւն կերտելու, թերութիւններն ու բացթողումները լիովին սրբագրելու, ամբողջովին լուծելու ընկերային եւ տնտեսական խնդիրները, որոնք յանգեցնում են անվստահութեան, անհանդուրժողութեան կամ անտարբերութեան դրսեւորումների, լարուած իրավիճակների, երբեմն նաեւ՝ մարդկային ցաւալի կորուստների:

      Սիրելիներ, հակառակ բոլոր մարտահրաւէրների ու դժուարութիւնների՝ վերելքի բարի ու արժանաւոր ուղի ենք անցել, եւ մեր առջեւ մեր երկրի հզօրացման նոյնքան պատասխանատու եւ պատուաւոր պարտաւորութիւնն է: Առաքեալը պատգամում է մեզ. «Գնա՛ արդարութեան, հաւատի, սիրոյ, խաղաղութեան եւ սրբութեան հետեւից» (Բ Տիմ. Բ 22): Այս արժէքներն են կերտում աստուածապատկեր նկարագիրը մարդու, բարձրացնում հասարակութիւնների կեանքը եւ անսասան պահում պետութիւնների հիմերը:

       Հայրենիքում եւ սփիւռքում ամէն օր մեր կեանքով ու գործերով հաստատենք, որ կրողն ենք այս առաքինութիւնների, որ սիրում ենք մեր երկիրը եւ ունենք ներուժը դիմագրաւելու բոլոր մարտահրաւէրներին՝ պահպանելով մեր կեանքը արդարութեան, խաղաղութեան, սիրոյ ու միասնութեան շաւիղներում: Միշտ յիշենք՝ միայն համախմբուածութեամբ է հնարաւոր իրագործել հզօր հայրենիքի մեր տեսիլքը, միայն օրինայարգութեամբ, արդարասիրութեամբ, ծառայանուիրումով, յանձնառութիւններով ու զոհողութիւններով կարող ենք ծաղկեցնել մեր կեանքը եւ ամուր ու հաստատուն պահել մեր պետականութիւնը: Միայն հզօր պետութիւն ունենալով կարող ենք սատար կանգնել սփիւռքի մեր համայնքներին, ազգային ինքնութեան պահպանութեան իրենց նուիրական ջանքերին եւ նեցուկ լինել նեղութիւնների մէջ յայտնուած մեր ազգի զաւակներին:

          Այս պահին, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, երբ մենք գոհաբանական աղօթք ենք բարձրացնում առ Աստուած մեր Անկախութեան 25-ամեակի առիթով, հոգու պարտք ունենք մեր խոնարհումը բերելու խնկելի յիշատակին մեր հերոս զաւակների, ովքեր իրենց կեանքն ընծայեցին հայրենիքին, խոնարհում բերելու բոլոր նուիրեալներին, ովքեր ջանք ու եռանդ ներդրեցին, քաջութիւն ու կորով դրսեւորեցին մեր պետականութեան վերահաստատման ու կայացման համար:

       Ուրախ ենք, որ այսօր Հանրապետական մաղթանքը կատարեցինք Մեր հոգեւոր եղբօր՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի հետ՝ աղօթակցութեամբ հաւատաւոր մեր զաւակների, հոգեւոր հայրերի եւ պետական այրերի՝ ի գլուխ Հայաստանի Հանրապետութեան Նախագահ տիար Սերժ Սարգսեանի: Մեր Եկեղեցին վասն հայրենեաց հանապազօրեայ իր աղօթքով եւ իր ամէն կարելիութեամբ շարունակելու է սատար կանգնել մեր պետութեանը՝ յանուն մեր երկրի առաջընթացի ու մեր ժողովրդի բարօրութեան:

         Աղօթում ենք, որ Ամենազօրն Աստուած Իր Սուրբ Աջով պահապան լինի եւ անվրդով խաղաղութիւն ու բարի առաջընթաց պարգեւի մեր երկրին, ուժ եւ կորով՝ հայրենի իշխանութիւններին, շնորհ եւ օրհնութիւն՝ համայն աշխարհասփիւռ մեր ժողովրդին՝ զօրացնելու մեր հայրենիքը եւ պայծառացնելու ազգային կեանքը:

        «Կեցո՛, Տէր, զժողովուրդս Քո եւ օրհնեա՛ զժառանգութիւնս Քո, հովուեա՛ եւ բարձրացո՛ զսոսա յայսմհետէ մինչեւ յաւիտեան». ամէն: