ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՍՊԱՆ
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2022 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 8-ը կիրականացնի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը («Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում»)։
Այն նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի և Արցախի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանը՝ նոր գիտելիքների և հմտությունների փոխանցման ճանապարհով, նպաստել Սփյուռքի տարբեր համայնքները ներկայացնող երիտասարդների, նաև Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև կապերի ստեղծմանը:
Ծրագիրն ունի տեսական և գործնական բնույթ. ներառում է մի շարք դասախոսություններ, աշխատաժողովներ և հանդիպումներ: Երիտասարդները կայցելեն պետական, գիտակրթական, մշակութային, տեխնոլոգիական հաստատություններ, հիշատակի վայրեր, կմասնակցեն մշակութային միջոցառումների:
Ծրագիրը մեկամյա է. մասնակիցները Հայաստանում կգտնվեն շուրջ 2 շաբաթ. մնացյալ ժամանակահատվածը նախատեսված է իրենց բնակության երկրներում միջոցառումների իրականացման համար, ինչպես՝ համայնքային հանդիպումներ, մասնակիցների միջև միջհամայնքային աշխատանքների փորձի փոխանակման ձեռնարկներ, սոցիալական հարթակներում և լրատվական միջոցներում գրասենյակի, հայաստանյան այլ ծրագրերի վերաբերյալ հրապարակումներ և տեղեկատվական նախաձեռնություններ:
Ծրագրի լեզուն հայերենն է. այն հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագրեր։
Ծրագրի մասնակիցները հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը, իրենց հաշվին ձեռք են բերելու ճամփորդության ապահովագրություն։
Ծրագրի շրջանակներում ապահովվում են մասնակիցների
-
-
- կեցությունն ու սնունդը Հայաստանում,
- մուտքը թանգարաններ, մշակութային և հասարակական վայրեր/հաստատություններ,
- ծրագրի հայաստանյան հատվածի շրջանակներում տեղափոխման ծախսերը:
-
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ: