Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել։
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ
գեղեցկի՛ն‚
Բարու՛ն‚
Վսեմի՛ն‚
Լավի˜ն
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել.
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն‚
Դարձեա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։
Եթե գերել ենք՝
Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք՝
Լոկ մեր ձիրքերով
Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚
Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։
Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
Ու˜ր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚
Ջանացել ենք մենք ամենքի՛ համար.
Շինել ենք կամուրջ‚
Կապել ենք կամար‚
Ամե˜ն տեղ հերկել‚
Հասցրել բերքեր‚
Ամենքի˜ ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ ր՝
Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից‚-
Ամե˜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚
Մեր հոգուց՝ մասունք‚
Եւ նշխար՝ սրտից
Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ –
իտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚
Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
գիտենք թշնամու կողը մխրճվել
Ու բարեկամին դառնալ աջակից.
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասն հատուցելով
Յօգուտ արդարի եւ արեգակի
գիտենք քվեարկել մեր կյանքով նաեւ
Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝
Մենք գիտենք մխա՛լ – եւ կրա˜կ մարել.
Իսկ եթե պետք է խավարը ցրել՝
գիտենք մոխրանալ որպես վառ կերոն.
Եւ գիտենք նաեւ մեզ կրքոտ սիրել‚
Բայց ուրիշներին մի˜շտ էլ հարգելով
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մենք էլ գիտենք –
Մեզ հայ են ասում։
Եւ ինչու՞ պիտի չի հպարտանանք
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ – շատանա˜նք։