Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
Սերբիայի Հանրապետութեան նախագահին
Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտօնական այցով Հայաստանում գտնուող Սերբիայի Հանրապետութեան նախագահ Տոմիսլաւ Նիկոլիչին` ուղեկցութեամբ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանի:
Ողջունելով Սերբիայի նախագահի այցը Հայաստան եւ համայն հայութեան հոգեւոր կենտրոն` Վեհափառ Հայրապետը գոհունակութիւն յայտնեց միջպետական յարաբերութիւնների առաւել խորացման ու զարգացման ուղղութեամբ ձեռնարկուող համատեղ քայլերի առնչութեամբ: Նորին Սրբութիւնն ընդգծեց, որ նախագահի այցն ամրացնում է երկու ժողովուրդների բարեկամութեան եւ երկու պետութիւնների գործակցութեան հիմերը:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ու Սերբիայի Հանրապետութեան նախագահն անդրադարձան երկու ժողո-վուրդների պատմական առնչակ-ցութիւններին եւ հոգեւոր ընդհանրութիւններին: «Աշխարհագրօրէն թէպէտ մենք փոքր-ինչ հեռու ենք միմեանցից, սակայն դաւանուող արժէքների առումով մենք միեւնոյն արժեհամակարգի կրողն ենք», – ասաց Նորին Սրբութիւնը: Խօսուեց նաեւ հայ եւ սերբ ժողովուրդների պատմութեան մէջ արձանագրուած ողբերգական էջերի մասին: Այս առնչութեամբ Հայոց Հայրապետը նշեց. «Տառապանքներ եւ փորձութիւններ տեսած ժողովուրդ ենք մենք, սակայն քրիստոնէական հաւատը մեզ զինել է լաւատեսութեամբ եւ յոյսով, ինչը յատուկ է նաեւ սերբ ժողովրդին»:
Իր խօսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ պատմութեան ընթացքում Հայ Առաքելական եւ Սերբ Ուղղափառ Եկեղեցիների միջեւ ձեւաւորուած սերտ յարաբերութիւններն այսօր եւս շարունակւում են նոյն ջերմութեամբ ու եղբայրական ոգով: Նորին Սրբութիւնն եղբայրական իր ողջոյնները փոխանցեց Սերբ Ուղղափառ Եկեղեցու հոգեւոր պետ Իրենէոս Պատրիարքին` վստահութիւն յայտնելով, որ վերջինս ընդառաջ հրաւէրին 2015 թ. իր մասնակցութիւնը կը բերի Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումներին:
Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Հայրապետն Աստծու օգնականութիւնը հայցեց Սերբիայի նախագահին` քաջեռանդ իրագործման առաջնորդելու ժողովրդի իղձերն ու երազները, այլեւ մաղթեց, որ սերբ ժողովուրդը զօրանայ իր հաւատի ու լաւատեսութեան մէջ` յաղթահարելու իր առջեւ ծառացած բոլոր դժուարութիւնները:
Սերբիայի նախագահ Տոմիսլաւ Նիկոլիչն ու նրան ուղեկից պատուիրակութիւնը եղան Մայր Տաճարում, այցելեցին Տաճարի թանգարան: