Ս. Ղեւոնդեանց քահանայից տօնի առիթով մատուցուեց Ս. Պատարագ (2020)

Ս. Ղեւոնդեանց քահանայից տօնի առիթով
մատուցուեց Ս. Պատարագ

Փետրուարի 18-ին Ս. Ղեւոնդեանց քահանաների տօնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերից ու կառոյցներից Ս. Էջմիածնում համախմբուած 237 եկեղեցականներ Արմաւիրի թեմի Ս. Աստուածածին եկեղեցում (ք. Էջմիածին), մասնակցեցին Պատարագի սրբազան արարողութեանը:

Պատարագիչն էր Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը:

Ս. Պատարագի ընթացքում Արշակ Սրբազանը, անդրադառնալով Ս. Ղեւոնդեանց տօնի խորհրդին, ի մասնաւորի նշեց. «Սիրելի՛ քոյրեր եւ եղբայրներ, դէպի անմահութիւն մեր ուխտագնացութեան մէջ աշխարհասփիւռ մեր սուրբ եկեղեցիներում հաւատաւոր մեր ժողովուրդն այս օրերին ժամադրուած է Աւարայրի քաջակորով այրերի՝ Սրբոց Ղեւոնդեանց քահանաների եւ Վարդանանց անձնազոհ ու նուիրեալ զինուորների ու զօրականների անմահ հոգիների հետ:

Մեր Սուրբ Եկեղեցին, պանծացնելով Սրբոց Վարդանանց եւ Ղեւոնդեանց հոգեւոր սխրանքը, սրբութեան պսակ է հիւսել նրանց անուններին եւ իր տօնացոյցում սահմանել առանձին տօներ նրանց յիշատակին՝ որպէս վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց նահատակուած հոգիներ։ Սրբոց Ղեւոնդեանց քահանայից տօնն առիթ է ոչ միայն վերաբացայայտելու մեր եկեղեցու առաքելութիւնը մեր ժողովրդի կեանքում ու նրա ինքնութեան պահպանութեան գործում, այլեւ այդ լոյսի ներքոյ չափագրելու քահանայի կերպարը եւ ուղենշելու նրա ծառայութիւնը ժողովրդի կեանքում»:

Խօսելով Ս. Ղեւոնդեանց անմահ սխրանքի մասին` Պատարագիչ Սրբազանը մէջբերեց Սուրբ Եղիշէ վարդապետի հետեւեալ խօսքերը. «Մահ ոչ իմացէալ մահ է, իսկ մահ իմացէալ՝ անմահութիւն»` ընդգծելով, որ այստեղ է ամփոփուած քրիստոնեայի առաքելութեան իրական բանաձեւը:
«Սա կարգախօս է, որը մարմին է առել Քրիստոսի կեանքի պատմութեամբ` Նրա չարչարանքներով, Նրա խաչելութեամբ ու Նրա մահուամբ եւ, որ ամենակարեւորն է, Նրա Հարութեամբ։ «Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տա իր բարեկամների համար»,- ասում է մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոս։

Ահա՛ Ղեւոնդեանց քահանայից եւ Վարդանանց քաջերի անձնազոհութեան բանալին, ահա քրիստոնէութեան սիրտը։ Սիրել նշանակում է ընծայաբերել։ Ընծայաբերել անգամ ամենաթանկը՝ կեանքը, նրան, ում սիրում ես, ընծայաբերել կեանքն այն նպատակին, ինչին հաւատում ես: Այսպիսի սիրով մահը անմահութիւն դարձրին Ղեւոնդեանց նահատակները։ Նրանց առջեւ, ինչպէս յաճախ շատերի առջեւ, ծառացած էր ճակատագրական նոյն հարցը`ընտրել կենսաբեր մահը՞, թէ՞ մահաբեր կեանքը, հաւատքն ու ինքնութիւնը վճարել որպէս փրկագին բարեկեցութեան ու յարմարաւէտութեա՞ն, թէ՞ կեանքով հատուցել հաւատքի ու ինքնութեան դիմաց»,- ասաց Արշակ Սրբազանը:

Իր քարոզում Սրբազանն ընդգծեց նաեւ, որ լինել աստուածապաշտ եւ քրիստոնեայ, նշանակում է ապրել հաւատքի, համոզումների, ազատութեան ու ինքնութեան համար, եւ պատերազմել յանուն քրիստոնէական հաւատքի եւ ինքնութեան, նշանակում է պահել հաւատարմութիւնը Քրիստոսի յարութեան ու անմահութեան ուղերձին։

Ցաւով հաստատելով, որ ժամանակակից աշխարհը բազում մարտահրաւէրներ ու դժուարութիւններ է առաջադրում մեր Եկեղեցուն եւ հոգեւորականներին՝ Արշակ եպիսկոպոսը յորդորեց հոգեւոր դասին հաստատուն մնալ այն մտքի մէջ, որ Աստուած մարտահրաւէրների դիմաց նաեւ կամք ու զօրութիւն է պարգեւում իր Սուրբ Եկեղեցուն եւ նրա սպասաւորներին՝ յաղթահարելու խոչընդոտները, խիզախ ու անկոտրում մնալու մեղքի դէմ պայքարի դիրքերում եւ Ղեւոնդեանց նահատակների քաջարի ոգով ամրօրէն կառչած մնալու անմահութեան կենսաբեր իր պատգամին։

Տօնի կապացութեամբ, Սրբազան Հայրը շնորհաւորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հայոց Եկեղեցու ողջ հոգեւոր դասին` հայցելով Ս. Ղեւոնդեանց քահանայից բարեխօսութիւնը մեր Եկեղեցու հոգեւորականների քաջառողջ ու արեւշատ կեանքի եւ արգասաբեր ծառայութեան համար՝ ի պայծառութիւն մեր Ս. Եկեղեցու, ի շինութիւն մեր երկրի եւ ի բարօրութիւն մեր ժողովրդի։