Սուրբ Ստեփանոսի Տօնին Կատարուեց Սարկաւագական Ձեռնադրութիւն եւ ապա հանդիպում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ 24 12 2019

Սուրբ Ստեփանոսի Տօնին
Կատարուեց Սարկաւագական Ձեռնադրութիւն

      Դեկտեմբերի 24-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օրը, որը նաեւ Եկեղեցու անդաստանում ծառայող սարկաւագների տօնն է:

      Նախօրէին՝ դեկտեմբերի 23-ի երեկոյեան, Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Գեւորգեան հոգեւոր ճեմարանի Բ լսարանի 3 սաներ ստացան դպրութեան աստիճաններ, ճեմարանի Դ լսարանի 12 եւ Քահանայից պատրաստութեան լսարանի 4 սաներ ուրարակրութեան աստիճան, իսկ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի Է լսարանի 26 սաներ կիսասարկաւագութեան աստիճան:

        Տօնին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէն Գերաշնորհ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի ձեռամբ սարկաւագական ձեռնադրութեան արժանացան Գեւորգեան հոգեւոր ճեմարանի 26 սաներ:

        Սուրբ Պատարագի ընթացքում, Ձեռնադրութեան սուրբ խորհրդի աւարտին, Սրբազան Հայրը, անդրադառնալով Սուրբ Ստեփանոսի կերպարին ու նահատակութեան պատմութեանը, ի մասնաւորի նշեց. «Ս. Ստեփանոսի նահատակութեան հրաշալի դրուագը եւ նրա զղջացող, բարի, ողորմած կերպարը միշտ մեր սրտերի մէջ է եղել: Այսօր էլ, երբ փորձում ենք անդրադառնալ, ապա տեսնում ենք, որ Ստեփանոսն առաջին նահատակը եղաւ, նրանից յետոյ` հարիւրներ ու հազարներ: Եւ միշտ մտածում ենք՝ որքան նրանք սիրեցին Քրիստոսին, որքան կարողացան հետեւել Նրա ճշմարիտ խօսքին, որ ապրել Քրիստոսով աւելին էր, քան ապրել առանց Քրիստոսի: Միշտ մտածում ենք, որ ինչպիսի՞նն է մարդը, որ որոշում է կայացնում կամաւոր նահատակուելու յանուն հաւատքի: Այո՛յ, մենք նաեւ այդպէս կամաւոր պատրաստ ենք լինում նահատակութեան յանուն մեր երկրի, յանուն մեր հաւատքի, յանուն մեր Ս. Էջմիածնի ու քրիստոնէական կրօնի: Եւ սրա համար մարդկային շատ բարձր գիտակցութիւն եւ կերպար է հարկաւոր, ինչն իր մէջ ունէր հէնց ինքը` Սուրբ Ստեփանոս Նախավկան»:

          Շնորհաւորելով նոր ձեռնադրուած սարկաւագներին՝ Վազգէն եպիսկոպոսն ասաց. «Ձեր կեանքի ողջ ընթացքում յանկարծ երբեք չսասանուէ՛ք: Այս կոչումը, որ ստացաք, անարատ պա՛հք, ապրէ՛ք Ս. Ստեփանոս Նախավկայի կերպարով եւ ամբողջ զօրութեամբ աղօթեցէ՛ք Աստծուն եւ խնդրէ՛ք սրբի բարեխօսութիւնը, եւ Ձեզ կըտրուի ամէն բան: Սարկաւագերը մեր եկեղեցու կարեւորագոյն սպասաւորներից են: Նրանք բարեջան ծառայութիւն են մատուցում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, մեր թեմերում, Հայոց բանակում, շատ-շատ տեղերում` հոգեւոր խնամք տանելով մեր հաւատացեալ ժողովրդին»:

         Սրբազանը, իր շնորհաւորանքներն ուղղելով սարկաւագների ծնողներին տօնի խորհրդի կապակցութեամբ, հաստատեց, որ նրանք սրտի թրթիռով են սպասել այս օրուանը եւ գէթ մէկ անգամ չեն ափսոսել իրենց զաւակներին Աստծոյ սուրբ սեղանի սպասաւորութեանը նուիրելու համար:

       Վազգէն Սրբազանը ձեռնադրութեան առիթով շնորհաւորեց նաեւ Սուրբ Պատարագի արարողութեանը ներկայ Ամենայն Հայոց Հայրապետին՝ մաղթելով նրան կեանքի արեւշատ տարիներ եւ անսասան հովուապետութիւն:

       Ս. Պատարագի աւարտին եկեղեցականաց դասը եւ ներկայ բարեպաշտ ժողովուրդը հնարաւորութիւն ունեցան նաեւ համբուրելու տօնի առիթով Մայր Տաճարի աւանդատուն-թանգարանից Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցի բերուած Ս. Ստեփանոսի մասունքակիր Աջը եւ ստանալու նրանից բխող օրհնութիւնը:

Ս. Ստեփանոսի Տօնի Առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հանդիպեց Սարկաւագաց Դասի Հետ

        Դեկտեմբերի 24-ին, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տօնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի 76 միաբան սարկաւագներին եւ նոյն օրը Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցում սարկաւագական աստիճանի արժանացած 26 նորընծաներին` ուղեկցութեամբ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէն Գերաշնորհ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի եւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամեանի:

      Սարկաւագաց դասը Հայոց Հովուապետին ողջունեց «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողութեամբ, ապա միասնական Տէրունական աղօթքից յետոյ Վազգէն եպիսկոպոսը շնորհաւորեց Վեհափառ Հայրապետին եւ ներկայ կրտսեր եկեղեցականներին տօնի եւ նոր սարկաւագների ձեռնադրութեան կապակցութեամբ: Սրբազանը մաղթեց սարկաւագներին ապրել, գործել եւ ծառայել Ս. Ստեփանոսի նախանձախնդրութեամբ՝ հաւատարիմ մնալով Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ նրա գահակալին:

     Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը սարկաւագաց դասին փոխանցեց իր հայրական պատգամն ու օրհնութիւնը: Շնորհաւորելով նորաթուխ սարկաւագներին ձեռնադրութեան առիթով՝ Նորին Սրբութիւնն ուրախութեամբ փաստեց, որ նրանք գալիս են համալրելու Մայր Աթոռի միաբանութեան շարքերը:

     Խօսելով Ս. Ստեփանոս Նախավկայի կերպարի մասին՝ Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ սարկաւագութեան տարիներին սուրբն իրեն համար ծառայութեան օրինակ էր: Նորին Սրբութիւնը արձանագրեց, որ Քրիստոսի Աւետարանը քարոզելիս նա եղաւ առաջին նահատակը, ով իր կեանքը զոհաբերեց յանուն իր Վարդապետի՝ Քրիստոսի, եւ Նրա բերած այն վարդապետութեան, որի հանդէպ ունէր բացարձակ հաւատ: «Երբեմն չենք անդրադառնում այն կարեւոր բեկումնային առաքելութեանը, որ սուրբ Ստեփանոսն ունեցաւ քրիստոնէական վարդապետութեան մէջ. եղաւ առաջինը, որ նահատակութեամբ նախանշեց յաղթութեան ճանապարհը: Նրան հետեւեցին միւսները` առաքեալներ եւ Քրիստոսի այլ վկաներ», – ասաց Վեհափառ Հայրապետը:

       Ըստ Նորին Սրբութեան, Ս. Ստեփանոսը չունէր տարակուսանք, երկմտանք ու երկիւղ, եւ նրա անձի մէջ դրսեւորուեցին երկու մեծագոյն արժէքներ՝ նուիրում եւ քաջութիւն, որոնք անհրաժեշտ են հոգեւարականի համար հոգեւոր առաքելութեան ճանապարհին: Հայոց Հովուապետը հաստատեց, որ առանց սիրոյ եւ այդ արժէքների առկայութեան մարդը չի կարող քաջաբար ապրել, խիզախ լինել եւ զոհողութիւնների գնալ: «Ձգտէք նմանուել Սուրբ Ստեփանոսին եւ ապրել այդ արժէքներով», – խրատեց Նորին Սրբութիւնը՝ յորդորելով սարկաւագներին ներշնչուել Ս. Ստեփանոսի կերպարով, ապրել նրա կեանքի օրինակով, առաջնորդուել վերոնշեալ արժէքներով:

      Հանդիպմանը Գարեգին Երկրորդ Վեհափառն իր գնահատանքը յայտնեց ձեռնադրող Սրբազանին, ինչպէս նաեւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի նախորդ եւ ներկայ տեսուչներին, տեսչութեան անդամներին ու դասախօսներին՝ սաներին կրթելու, դաստիարակելու եւ նրանց հոգեւոր աստիճան ստանալու մէջ մեծ ներդրում ունենալու համար:

       Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր գնահատանքը, աղօթքն ու օրհնութիւնը յղելով սարկաւագներին իրենց լուսաւոր տօնի կապակցութեամբ, հայցեց Բարձրեալ Աստծուց, որպէսզի Իր առատաբուխ շնորհները հեղի սարկաւագաց դասի վրայ: Հայրապետը մաղթեց, որ Ս. Ստեփանոսի օրինակն ու բարեխօսութիւնը զօրացնեն նրանց՝ քաջութեամբ եւ նուիրումով իրենց անսակարկ ծառայութիւնը բերելու Հայ Եկեղեցուն, ժողովրդին եւ հայրենիքին:

     Տօնի կապակցութեամբ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը սարկաւագներին գրքեր ընծայեց: