Սայաթ-Նովա (Յարութիւն Սայաթեան) 1712 – 1795

 

sayat_nova

            Սայաթ-Նովան (Արութին կամ Հարություն Սայադյան) ծնվել է 1712թ. հունիսի 14-ին: Ամենայն հավանականությամբ նրա նախնիները Թիֆլիս են եկել Կիլիկյան Հայաստանից: Սայաթ-Նովան գրել-կարդալ է սովորել հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն (թուրքերեն) լեզուներով: 12 տարեկանից սկսել է զբաղվել ջուլհակությամբ և կարճ ժամանակ անց այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստում:

           Երգն ու երաժշտությունը նրան գրավել են դեռ մանկուց: Նա մինչև մոտ 30 տարեկանը կատարելագործել է իր աշուղական արվեստը: Սովորել և գրել է մեղեդիներ, հորինել է բանաստեղծություններ, որոնք էլ կատարել է ժողովրդական հավաքույթների ժամանակ: Շրջագայել է Մերձավոր Արևելքում, Պարսկաստանում, Հնդկաստանում, Օսմանյան Կայսրությունում և այլ երկրներում: Գնացել է աշուղների հովանավոր Տարոնի Մշո սուրբ Կարապետ վանքը և մկրտվել է ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ (երգի որսորդ) աշուղական անվամբ: Նա սկսել է ստեղծագործել սկզբում ադրբեջաներեն (թուրքերեն), հետո անցել է հայերենին և վրացերենին: Մեզ է հասել Սայաթ-Նովայի մոտ 230 խաղ, որոնք ամփոփված են իր իսկ ձեռքով գրած, որդու` Օհանի արտագրած և կազմած, վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերացրած դավթարներում: Հայերեն են թարգմանվել վրացերեն բոլոր 36 երգերը, իսկ ադրբեջաներեն (թուրքերեն) 125 երգից 65-ը:

         Ըստ տաղաչափական առանձնահատկությունների` Սայաթ-Նովայի խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր` թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ, այբբենականներ, ուչլամաներ, որոնք ապացուցում են, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել:

      Սայաթ-Նովան մեծ ժառանգություն ունի ուշ միջնադարի հայ գրականության և հոգևոր մշակույթի մեջ: Նա հայ իրականության մեջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործությամբ մեծ դեր է խաղացել Կովկասի ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում: 18-րդ դարի 2-րդ կեսից նրա ազդեցությունն են կրել վրացի, թուրք (նաև ադրբեջանցի) և հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ:

        Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ հեղաշրջում է կատարել. մասնավորապես` նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ: Նա առաջինն էր, որ հորինել ու երգել է վրացական խաղեր` օգտագործելով պարսկական բանաստեղծական ձևերը: Այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի թագավոր Հերակլ II-ի սազանդար: Շուրջ 10 տարի նա ապրել ու ստեղծագործել է պալատում: Նրա կյանքը միշտ էլ բարդ ճանապարհներով է անցել, և նմանօրինակ դեպքեր են զարգացել նաև պալատական կյանքում: Շատ էին նրա դեմ դավեր նյութվում, հավանաբար այն բանի համար, որ նա ճշմարտությունը, մարդկանց վերաբերմունքն ու վարքը, հատկապես պալատում, արտահայտում էր իր իսկ երգերի միջոցով, որն էլ արդյունքն էր այն բանի, որ մի քանի անգամ հեռացվում և նորից հետ է կանչվում պալատ:

       1759թ. ավարտվում է Սայաթ-Նովայի` իբրև բանաստեղծ-երգահան երաժշտի կյանքը: Հերակլ II-ը հարկադրում է, որ նա քահանա ձեռնադրվի` Տեր Ստեփանոս անունով, իսկ ավելի ուշ ուղարկում է Կասպից ծովի հարավային ափին գտնվող Էնզելի նավահանգիստը: Այստեղ Սայաթ-Նովան արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմը:

      1766թ. ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտրական ճանապարհի վրա գտնվող Կախի ավանում, որտեղ արտագրել է Աստվածաշնչի հատվածներից բաղկացած մի ժաղովածու:

             1768թ. մահացել է կինը` Մարմարը, թողնելով 4 անձափահաս զակակ:

          1769թ. Սայաթ-Նովան տեղափոխվել է վանք` ծառայելով Թբիլիսիում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում:

          1778թ. (Հաղպատի վանքի վերակառուցումից հետո) կարգվել է սուրբ Նշան վանքի լուսարար: Հետագայում նորից միաբանության հետ վերադարձել է Թիֆլիս:

          1795թ. սեպտեմբերին, Աղա-Մահմուդ խան Ղաջարի արշավանքի օրերին զոհվել է, և թաղված է սուրբ Գևորգ եկեղեցու բակում:

ՔԱՆԻ ՎՈՒՐ ՋԱՆ ԻՄ

Քանի վուր ջան իմ, յա՛ր, քի ղուրբան իմ. աբա ի՞նչ անիմ,
Արտասունք անիմ, շատ հոգոց հանիմ, – յա՛ր, ղադետ տանիմ:
Ասիր. «ջեյրան իմ». թուղ քի սե՛յր անիմ. յա՛ր մըտիկ անիմ:
Մո՛ւթ բախչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՛ր, իլթիմազով:

Մազիրըդ դաստա, պըռոշըդ փըստա, հեյրանի վախտ է.
Եկ գնանք չոլըն, վուր հասնինք գոլըն, ջեյրանի վախտ է:
Բըլբուլըն վարդին, վարթըն՝ բաղաթին. սեյրանի վախտ է.
Մո՛ւթ բախչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՛ր, իլթիմազով:

Շուռ գանք հանդամով. յիրգնային նամով, թուփըն բացվիլ է.
Խաղ կանչինք հանգով, լալեքն ռանգով, վարդըն բացվիլ է.
Սուսան սըմբուլով, ղարիբ բըլբուլով, բաղըն լցըվիլ է.
Մո՛ւթ բախչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՛ր, իլթիմազով:

Պատվական շինած, նըման նըմանած, Լեյլու դիդարին.
Յա՛ր, ուշքըս գընաց, մազիրըդ մընաց վրա մուհաջարին:
Բաղըն զարդարած, բլըբուլըն քընած, վարդի սաջարին. –
Մո՛ւթ բախչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՛ր, իլթիմազով:

Հաքիլ իս ատլաս, թուրլու զարդ ու խաս՝ սալբու դալ բովուն.
Ձեռիդ ունիս թաս, լըցնիս ու ինձ տաս, ղուրբան իմ քովուն:
Թաք դուն բախչեն գաս՝ անիս մասնե մաս քու Սայաթ-Նովուն:
Մո՛ւթ բախչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՛ր, իլթիմազով:

ԱՇԽԱՐՈՒՄԸՍ ԱԽ ՉԻՄ ՔԱՇԻ

Աշխարումըս ախ չիմ քաշի, քանի վուր ջա՛ն իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքն օսկե փընջան իս ինձ ամա.
Նըստիմ, վըրես շըվաք անիս՝ զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմացի՛, էնենց սըպանե՝ Սուլթան ու Խան իս ինձ ամա:

Մեչկըտ սալբու չինարի պես, ռանգըտ Փըռանգի ատլաս է,
Լիզուտ շաքար, պռոշըտ ղանդ, ակռեքըտ մարքրիտ ատլաս է.
Օսկու մեչըն մինա արած, աչկիրըտ, ակնակապ թաս է.
Պատվական անգին ջավայիր, լալ-Բադեշխան իս ինձ ամա:

Յիս էս դարդին վո՞ւնց դիմանամ՝ մակամ սիրտըս ունիմ քարած,
Արտասուքս արուն շինեցիր, խելքըս գըլխես ունիմ տարած,
Նուր բաղ իս, նուր բախչի մեչըն բոլորքըտ վարթով չափարած.
Վըրետ շուռ գամ բըլբուլի պես՝ սիրով սեյրան իս ինձ ամա:

Քու էշխըն ինձի մաստ արավ, յիս զարթուն իմ, սիրտըս է քընած.
Աշխարս աշխարով կըշտացավ, իմ սիրտըս քիզնից սով մընաց.
Յա՛ր, քիզ ինչո՞վ թարիփ անիմ՝ աշխարումըս բան չը մնաց.
Կրակե, ծովեմեն դուս էկած, ռաշ ու ջեյրան իս ինձ ամա:

Ի՞նչ կուլի մեկ հիդըս խոսիս, թե վուր Սայաթ-Նովու յար իս.
Շուխկըտ աշխարըս բըռնիլ է՝ արեգակի դեմըն փար իս.
Հուտով հիլ, միխակ, դարչին, վարդ, մանիշակ, սուսամբար իս,
Կարմըրագուն՝ դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա:

ԹԱՄԱՄ ԱՇԽԱՐ

Թամամ աշխար պըտուտ էկա, չը թողի Հաբաշ, նազանի.
Չը տեսա քու դիդարի պես՝ դուն դիփունեն բաշ, նազանի.
Թե խամ հաքնիս, թե զար հաքնիս, կու շինիս ղումաշ, նազանի.
Էնդու համա քու տեսնողըն ասում է վա՜շ, վա՜շ, նազանի:

Դուն պատվական ջավահիր իս, է՛րնեկ քու առնողին ըլի.
Ով կու գըթնե՝ ա՛խ չի քաշի, վա՛յ քու կորցընողին ըլի.
Ափսոս, վուր շուտով մեռիլ է, լուսըն քու ծընողին ըլի.
Ապրիլ էր, մեկ էլ էր բերի քիզի պես նաղաշ, նազանի:

Դուն էն գըլխեն ջուհարդար իս, վըրետ զարնըշան է քաշած.
Դաստամազիտ թիլի մեչըն մե շադա մարջան է քաշած.
Աչկիրըտ օսկե փիալա՝ չարխեմեն փընջան է քաշած.
Թերթերուկըտ՝ նիտ ու նաշտար, սուր ղալամթըրաշ, նազանի:

Էրեսըտ՝ փարսևար ասիմ, նըման է շամս ու ղամարին.
Բարակ մեչկիտ թիրման շալըն նըման է օսկե քամարին.
Ղալամըն ձեռին չէ կանգնում, մաթ շինեցիր նաղըշքարին.
Յիփ նըստում իս՝ թութի ղուշ իս, յիփ կանգնում իս՝ ռաշ նազանի:

Յիս է՛ն Սայաթ-Նովասին չիմ, վուր ավզի վըրա հիմնանամ.
Աջաբ, միզիդ ի՞նչ իս կամում՝ սըրտետ մե խաբար իմանամ.
Դուն կըրակ, հաքածըտ կըրակ, վո՞ւր մե կըրակին դիմանամ.
Հնդու ղալամքարու վըրեն ծածկիլ իս մարմաշ, նազանի:

ԱՇԽԱՐԸՍ ՄԵ ՓԱՆՋԱՐԱ Է

Աշխարըս մե փանջարա է, – թաղերումեն բեզարիլ իմ.
Մըտիկ տըվողըն կու խուցվի, – դաղերումեն բեզարիլ իմ.
Էրեգ լավ էր կանց վուր էսօր, – վաղերումեն բեզարիլ իմ.
Մարթ համաշա մեկ չի՛ ըլի, – խաղերումեն բեզարիլ իմ:

Դովլաթըն էյթիբար չունե, յիփոր կերթա ուրուշ-քարով.
Լավ մարթն էն է՝ գլուխըն պահե աշխարհումս էյթիբարով.
Աշխարըս միզ մընալու չէ՝ իմաստնասիրած խաբարով, –
Գուզիմ թռչի բլբուլի պես, – բաղերումեն բեզարիլ իմ:

Ո՞վ կոսե, թե յիս կու ապրիմ առուտեմեն ինչրու մուտըն՝
Աստծու ձիռումըն հիշտ է մարթու աշխարք ելումուտըն.
Ղուրթըս էնդուր ճամփա չէ գնում՝ շատացիլ է խալխի սուտըն.
Քըսանըն՝ մե ղուլ չին պահում, – աղերումեն բեզարիլ իմ:

Աշխարհըս միզ մընալու չէ, քանի նըստինք զող ու սափին.
Հում կաթնակիր – Աթա՛մի զաթ, նա՛լաթ ըլի էտ քու բափին.
Համփիրութինըս հատիլ է, չիմ դիմանում խալխի գափին.
Դոստիրըս դուշման ին դառի – յաղերումեն բեզարիլ իմ:

Սայաթ-Նովեն ասաց՝ դարդըս կանց մե ճարըն շատացիլ է.
Չունիմ վաղվան քաղցըր փառքըս, հիմի դառըն շատացիլ է,
Բըլբուլի պես էնդուր գու լամ՝ վարդիս խարըն շատացիլ է.
Չի՛ն թողնում վախտին բացվելու, – քաղերումեն բեզարիլ իմ:

ԴՈՒՆ Է՛Ն ԳԸԼԽԵՆ

Դուն է՛ն գըլխեն իմաստուն իս, խիլքտ հիմարին բաբ մի՛ անի,
Էրազումըն տեսածի հիդ միզի մե հեսաբ մի՛ անի,
Յիս խոմ էն գըլխեն էրած իմ, նուրմեկանց քաբաբ մի՛ անի,
Թե վուր գիդիմ բեզարիլ իս, ուրիշին սաբաբ մի՛ անի:

Չը կա քիզ պես հուքմի-հեքիմ. դու Րոստոմի Զալ՝ թագավուր.
Ասկըտ ասկերումըն գոված՝ հա՛մդ ունիս, գոզալ թաքավուր.
Թե էսանց էլ սուչ ունենամ, գլուխս արա տալ, թագավուր.
Մըտիկ արա քու ստեղծողին՝ նահախ տիղ ղազաբ մի՛ անի:

Յարալուն հեքիմն էնդուր գուզե՝ դի՛ղ տալու է, ցա՛վ տալու չէ.
Քանի գուզե արբաբ ըլի՝ ղուլըն աղին դավ տալու չէ.
Դու քու սիրտըն իստակ պահե, յադի խոսկըն ավտալու չէ.
Աստծու սերըն կանչողի պես դըռնեմետ ջուղաբ մի՛ անի:

Ամեն մարթ չի կանա խըմի՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է.
Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է:
Բունիաթըս ավազ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է՝
Սելավի պես, առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի՛ անի:

Քանի գոզե քամին տանե՝ ծովեմեն ավազ չի պակսի.
Թեգուզ ըլիմ, թեգուզ չըլիմ՝ մեջլիսներուն սազ չի պակսի,
Թե դու պակսիմ, քիզ կու պակսիմ՝ աշխարիս մե մազ չի պակսի.
Սայաթ-Նովու գերեզմանըն Հինդ, Հաբաշ, Արաբ մի՛ անի:

ՅԻՍ ՔՈՒ ՂԻՄԵԹԸՆ ՉԻՄ ԳԻԴԻ

Յիս քու ղիմեթըն չիմ գիդի՝
Ջավահիր քարի նըման իս.
Տեսնողին Մեջլում կու շինիս՝
Լեյլու դիդարի նման իս:

Աշխարումըս իմըն դուն իս,
Բեմուրվաթ իս, մուրվաթ չունիս.
Պըռոշներըտ՝ նաբաթ ունիս, –
Ղանդ ու շաքարի նըման իս:

Դադա պիտի՝ թարիփտ ասե, –
Ակռեքըտ յաղութ-ալմաս է,
Ռանգըտ փըռանգի ատլաս է, –
Զար-ղալամքարի նըման իս:

Մազիրըտ նըման ռեհանի,
Դուն ուրիշ խիալ մի անի,
Ռահմ արա, հոքիս մի հանի՝
Մուրվաթով յարի նըման իս:

Վունց դիմանամ էսչափ չարին՝
Աչկեմես կաթում է արին.
Սայաթ-Նովա, նազլու յարին՝
Գընած նոքարի նըման իս:

ԱՄԵՆ ՍԱԶԻ ՄԵՉԸՆ

Ամեն սազի մեչըն գոված դուն թամամ տա՛սն իս, քամանչա՛,
Նաքազ մարթն քիզ չի տեսնի, դուն նըրա պա՛սն իս քամանչա՛,
Ղաստ արա՝ է՛լ լավ օրերու էդիվըն հասնիս, քամանչա՛,
Քիզ ինձնից ո՞վ կանա խըլի, աշուղի բա՛սն իս քամանչա՛:

Անգաճըտ էրծաթեն պիտի, գըլուխըտ ջավահիր քարած,
Կութըտ շիրմայեմեն պիտի, փուրըտ սադափով նաղշ արած,
Սիմըտ օսկեն քաշած պիտի, էրկաթըտ փանջարա արած.
Օչով ղիմեթըտ չի գիդի – լալ ու ալմասն իս, քամանչա՛:

Ճիպուտըտ վարաղնած պիտի՝ թահր ունենա հազար ռանգով.
Ձարըտ ռաշի կուդեն պիտի, վուր դուն խոսիս քաղցըր հանգով.
Շատին զարթուն կու լուսացնիս, շատին կու քընեցնիս բանգով՝
Անուշահամ գինով լիքըն դուն օսկե թասն իս, քամանչա՛:

Ածողիտ էրկու կու շինիս. առաչ չայի, ղափա գուզիս,
Կու մեձըրվիս այվընումըն, պարապ վախտի րափա գուզիս,
Յիփ վեր գու քաս՝ մեջլիսումըն քաղցըր զող ու սափա գուզիս.
Բոլորքըտ գոզալնիր շարած մեջլիսի կեսն իս, քամանչա՛:

Շատ տըխուր սիրտ կու խնդացնիս, կու կըտրիս հիվընդի դողըն.
Յիփ քաղցըր ձայնըտ վիր կոնիս, բաց կուլի հիդըտ խաղողըն.
Խալխին էս իլթիմազն արա՝ ասին. «ապրի քու ածողըն».
Քանի սաղ է Սայաթ-Նովեն, շա՛տ բան կու տեսնիս, քամանչա՛:

ՓԱՀՐԱԴԸՆ ՄԻՌԱԾ

Փահրադըն միռած, Շիրինն ասաց՝ ղարեն էրված իմ.
Քաշվիլ է վարթըն, մոդ չի թողնում, խարեն էրված իմ.
Բըլբուլըն ասաց՝ «վարթիս խաթրի քարեն էրված իմ».
Տասնումեկ ամիս մունջ իմ կացի տարեն էրված իմ.

Աստված կու սիրիս, զար մի հաքնի զարեն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ:

Չըկա փաչահի խազինումըն մալ քիզի լայիղ.
Հալա չին գորձի Քիրմանումըն շալ քիզի լայիղ.
Օսկե մատնումըտ դուն դըրիլ իս լալ քիզի լայիղ.
Հաքիլ իս ատլաս, ռանգըն գուլգազ-ալ քիզի լայիղ.

Աստված կու սիրիս, զար մի հաքնի զարեն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ:

Խոսքիրըտ քախցըր, լիզուտ շաքար-շարթի միչումըն.
Գարունքվան, ծաղիկ, բաց իս էլի մարտի միչումըն.
Մազիրըտ ռեհան, փաթըթված է զարթի միչումըն՝
Կանաչ տերեվեն նամ չը կաթի զարթի միչումըն.

Աստված կու սիրիս, զար մի հաքնի զարեն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ:

Սայաթ-Նովեն իմ, էնդուր գու լամ, դարդիրըս արբաբ.
Մազիրըտ ռեհան, կըլապիտոն է, հուսիրըտ շարբաբ.
Բարակ ղամաթիտ խիստ սազ գու քա դիբա ու զարբաբ.

Աստված կու սիրիս, զար մի հաքնի զարեն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ:

ԲԸԼԲՈՒԼԻ ՀԻԴ

Բլբուլի հիդ լաց իս էլի,
Վարթի նման բաց իս էլի,
Վարթաջըրով թաց իս էլի,-
Թաց իս էլի.

Չկա քիզի նման, չկա քիզի նման,
Քիզ նման, քիզ նման,-
Դուն իս աննըման:

Սիրունութինտ էլավ արբաբ.
Մազիր ունիս՝ սիմ ու շարբաբ.
Քի սազ գու քա ղուշլու զարբաբ.-
Ղուշլու զարբաբ.

Էրեսըտ է շամս ու ղամար.
Ջանըս դուս գու քա քիզ ամար.
Միչկիտ ունիս օսկե քամար.-
Օսկե քամար.

Հաքիտ զարդըն ալ իս արի.
Բըլբուլի հիդ լալ իս արի.
Բարկ էրեսիտ խալ իս արի.-
Խալ իս արի.

Դարդըս ասիմ՝ կու լան սարին.
Էս ի՞նչ բան էր, վուր դուն արիր.-
Սայաթ-Նովուն ջունուն արիր.-
Ջունուն արիր.

ԱՐԻ ԻՆՁ ԱՆԳԱ՛Ճ ԿԱԼ

Արի ինձ անկա՛ճ կալ, ա՛յ դիվանա սիրտ,
Հայա սիրե, ադաբ սիրե, ար սիրե.
Աշխարքըս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի՝
Աստված սիրե, հոքի սիրե, յար սիրե:

Էն բանն արա, վուր Աստըծու շարքումն է,
Խըրատնիրըն գըրած Հարանց վանքումն է.
Յիրիք բան կա՝ հոգու, մարմնու կարքումն է՝
Գիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե:

Ե՛կ, ա՛րի, սի՛րտ, մընա դուն մե դամաղի,
Հալալ մըտիկ արա հացի ու աղի.
Հենց բան արա՝ մարթ վըրետ չը ծիծաղի՝
Խրատ սիրե, սաբըր սիրե, շար սիրե:

Հըպարտութին չանիս՝ դուր գու քաս Տերիտ,
Խոնարութիտ արա կանց քիզ դեվերիտ,
Աստված դիփունանցըն մին հոքի էրիտ՝
Աղկատ սիրե, ղոնաղ սիրե, տար սիրե:

Սայաթ-Նովա, էրնեկ քիզ, թե է՛ս անիս՝
Հոքուտ խաթրի մարմնուտ ումբրը կես անիս.
Թե գուզիս, վուր դադաստան չը տեսանիս՝
Վանք սիրե, անապատ սիրե, քար սիրե:

ՊԱՏԿԻՐՔԸՏ ՂԱԼԱՄՈՎ ՔԱՇԱԾ

Պատկիրքըտ ղալամով քաշած, թահրըտ ռանգե ռանգ իս անում.
Էրեսիտ խալըն ծածկվում է՝ մազիրըտ խափանգ իս անում.
Բացվիլ իս կարմիր վարթի պես, բըլբուլի հիդ հանգ իս անում.
Ակռեքըտ օսկումըն շարած, պըռոշըտ, մահանգ իս անում:

Էրեսըտ նուր լուսնի նըման քանի կեհա, կու բոլըրվի,
Դաստամազըտ նամ չի ուզի՝ առանց հուսիլ կու օլըրվի,
Էնդու համա քու տեսնողըն իր ճամ փեմեն կու մոլըրվի.
Յիփ մըտնում իս մեջլիսումըն, շանգ շուխի-շափանգ իս անում:

Էրեսըտ տեսնելու գու քան քաղաք քաղկով, գիղ՝ գիղի պես.
Մեռնողըն քիզմեն կու առնե անմահական դիղ՝ դիղի պես.
Յիփ տիղեմետ ժաժ իս գալի, շըխշըխկում իս ջիղջիղի պես՝
Ի՞նչ կոնիմ սանթուր քամանչեն՝ զուգսըտ չոնգուր, չանգ իս անում:

Ծուցիտ մեչըն վարթ, մանիշակ, սընբուլ ու սուսան իս շինի.
Քու տերըն բաղըն ի՞նչ կոնե՝ քու հետըն ռեհան իս շինի.
Քամին մեչըն անց է կենում՝ մազերըտ էլքան իս շինի.
Աշխարքըն ծով, դուն մեչըն նավ – ման իս գալի, լանգ իս անում:

Տասնեմետ մեկըն չին ասի, թեգուզ աշխարըս քիզ գովին.
Նովափար ծաղիկ ծովային, մանիշակ բաց արած հովին.
Բաս քու էշխին վո՞ւնց դիմանամ, ջուրըն տանե Սայաթ-Նովին.
Թե տեսնողըտ մեկ էլ տեսավ՝ դիվանա – դաբանգ իս անում:

ԹԵԳՈՒԶ ՔՈՒ ՔԱՇԸՆ

Թեգուզ քու քաշըն մաքրիտ տան, բրոյի-բրոյի,
Թեգուզ քու քաշըն ալմազ տան, բրոյի-բրոյի,
Յա՛ր, չիմի տա, չիմ հիռացնի քեզ քու յարեմեն, բարեբարեմեն:

Չիմ քաշվի էկած մահեմեն, բրոյի-բրոյի,
Րաղիփի տըված ահեմեն, բրոյի-բրոյի,
Թեգուզ րաղամ գա Շահեմեն, բրոյի-բրոյի,
Յա՛ր, չիմի տա, չիմ հիռացնի քեզ քու յարեմեն, բարեբարեմեն:

ՄԵ ԽՈՍԿ ՈՒՆԻՄ

Մե խոսկ ունիմ իլթիմազով, անգաճ արա, ո՛վ աչկի լուս.
Սըրտումըս ինթիզար ունիմ, քու տիսըն բարով, ա՛չկի լուս,
Աջաբ քիզ ի՞նչ գեթ իմ արի՝ կենում իս խըռով, ա՛չկի լուս.
Աշխարս աշխարով կըշտացավ, յիս քիզանից սով, ա՛չկի լուս:

Մակամ օչով յա՞ր չէ սիրի, էս ի՞նչ արիր, էլ ի՞նչ բան ա.
Էշխեմետ ջունուն իմ էլի, ման իմ գալի յանա-յանա.
Էս դարդեն օչով չը քաշե, վուր մե դանգին չի դիմանա.
Սիրտըս լուրի պես խորվեցիր էշխիտ կըրակով, ա՛չկի լուս:

Դոստիրըս դուշման շինեցիր, յադերուն ի՞նչպես դոստ անիմ.
Անցկացած օրըն չիմ տեսնում, քանի գուզե վուր ղաստ անիմ.
Աստվաձ վկա, խիստ դժվար է, գըլուխըս ի՞նչպես դուս տանիմ՝
Յիս մե փուքըր նավի նըման, քու էշխըն է՝ ծով, ա՛չկի լուս:

Գուզիմ բերանըս բաց անիմ, գովքըտ ասիմ թարիփի պես.
Տաս տարի է ման եմ գալիս փադիշահի շարիփի պես.
Օխտըն տարի էլ ման գու քամ սազըն ձիռիս Ղարիբի պես՝
Բութա Շահսանամըն դուն իս, էլ չունիմ օչով, ա՛չկի լուս:

Թեգուզ հազար դարդ ունենամ, յիս սըրտումըս ա՜հ չիմ քաշի.
Իմ հուքմի-հեքիմըն դուն իս, յիս էլ ուրիշ Շահ չիմ ասի.
Սայաթ-Նովեն ասաց. զա՛լում, յիս էն մահին մահ չիմ ասի՝
Հենչաք ըլի՝ դուն վըրես լաս մազըտ շաղ տալով, ա՛չկի լուս:

ԱՌԱՆՑ ՔԻԶ Ի՞ՆՉ ԿՈՆԻՄ

Առանց քիզ ի՞նչ կոնիմ սոյբաթն ու սազըն.
Ձիռնեմես վեր կոծիմ չանգիրըն մեմեկ.
Չունքի ուշկ ու միտկըս իրար շաղեցիր՝
Փահմես կու հիռացնիմ հանգիրըն մեմեկ:

Մե դուգունըն էրկու դաղին ի՞նչ անե,
Մե նոքարըն էրկու աղին ի՞նչ անե,
Մե բաղմանչին էրկու բաղին ի՞նչ անե,
Փեյվանդ գուզե թազա տընգիրըն մեմեկ:

Ղուրթ ին ասի փիր ուստաքար դադիրըն.
«Բաղ շինեցի, վարթըն քաղից վադիրըն».
Ջափեն յիս քաշեցի, սափեն յադիրըն.
Րաղիփն էկավ միզ, էս րանգիրըն մեմեկ:

Առանց քիզ ի՞նչ կոնիմ աշխարիս մալըն.
Չի՛մ անի քալագըն, չի՛մ անի ղալըն,
Կու հաքնիմ մազեղեն, կու հաքնիմ շալըն,
Կերթամ ման գու քամ վանքիրըն մեմեկ:

Բըլքամ մե մարթ ռաստ գա, վուր ինձ խըրատե,
Գո՛զալ, քու էշխեմեն սիրտըս ազատե.
Կանց յոթըն իմասնասիրացըն շատ է
Էս քու Սայաթ-Նովու բանքիրըն մեմեկ:

ՁԵՆԸՏ ՔԱՂՑԸՐ ՈՒՆԻՍ

Ձենըտ քաղցըր ունիս՝ լամզով կու խոսիս.
Նա պահե քիզ, ումնոր ծա՛ռա իս, գո՛զալ.
Մեչկըտ ջեյրանի է, ռանգըտ՝ շաքարի,
Փռանգըստանու էկած խարա իս գո՛զալ:

Ղումաշ անիմ՝ շուրեղեն է, կու մաշվի,
Սալբի ասիմ՝ ախր մին օր կու տաշվի,
Ջեյրան ասիմ՝ շատ մարթ քիզիդ կու յաշվի,
Բաս վո՞ւնց թարիփ անիմ՝ մարա իս, գո՛զալ:

Թե մանիշակ ասիմ՝ սարեմեն կոսին,
Թե ջավայիր ասիմ՝ քարեմեն կոսին,
Թե վուր լուսին ասիմ՝ տարեմեն կոսին,-
Արեգակի նըման փարա իս, գո՛զալ:

Գո՛ւզիմ թե համաշա դըռանըտ գամ ուխտ՝
Աչքիրըտ կարմիր վարթ, նուր բացարած տուխտ,
Լիզուտ՝ գըրիչ ունիս, ձեռըտ՝ գուլգազ թուխտ.
Ծովեմեն դուս էկած զարա իս, գո՛զալ:

Սիրա սիրմըտ սըրտիս մեչըն ցանեցիր,
Նազ ու ղամզով, յա՛ր, իմ հոքիս հանեցիր,
Էս քու Սայաթ-Նովուն դո՛ւն սըպանեցիր.
Գըլխիտ էկած ղադեն առա յիս գո՛զալ:

ՈՒՍՏԻ՞ ԳՈՒ ՔԱՍ

Ուստի՞ գու քաս, ղարիբ բըլբուլ,
Դու մի՛ լաց լի, յիս իմ լալու.
Դու վարթ պըտռե, յի՛ս գոզալին,-
Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու:

Ա՛րի, բըլբուլ, խո՛սի բարըն,
Օխնըվի քու էկած սարըն.
Քի վարթն էրից, ինձ իմ յարըն,-
Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու:

Ման իմ գալի դիդարի հիդ,
Վունց ղարիբ բըլբուլ խարի հիդ.
Դու վարթի հիդ, յիս յարի հիդ,-
Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու:

Սալբուի նըման կանանչ իմ,
Ե՛կ խոսի՝ ձայնիտ ճանանչ իմ.
Դու վա՜րթ կանչէ. յիս յա՜ր կանչիմ,
Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու:

Ղա՛րիբ բըլբուլ՝ ձայնըտ մալում,
Յիս ու դուն էրվինք մե հալում.
Սայաթ-Նովեն ասաց՝ զա՛լում,-
Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու:

ՇԱՏ ՍԻՐՈՒՆ ԻՍ

Շատ սիրուն իս, Շախաթայի ասողին՝ խար չիս անի,
Անջաղ գըցիս էշխի մեչըն, յիդ կեհաս՝ քար չիս անի:

Էշխըն հեստի կըրակ ունի՝ վունց կու էրվի, վունց կերթա.
Թեգուզ նընգնիմ ծովի մեչըն՝ հովնալու ճար չիս անի:

Բաս աշուղն վո՞ւնց դիմանա էտ քու տըված կեծակուն,
Դուն ինքնակալ թագավուր իս՝ բեհուբազար չիս անի:

Թե վուր սարերուն հանդիբիս, կու հալիս մումի նըման.
Թե վուր քաղաք տիղ հանդիբիս, կու քանդիս – վար չիս անի:

Իսկի բեհուբազար չունի Շախաթայի չասողըն.
Էնդո՛ւ համա, Սա՛յաթ-Նովա, շատ էյթիբար չիս անի:

ԴԻԲԱ ՈՒ ԵՆԳԻԴՈՒՆԻԱ

Դիբա ու ենգիդունիա, զարբաբ ու զար իս գովելի.
Հինդու դիարեմեն էկած զար ղալամքար իս, գովելի.
Շա՛տ սովդաքար քիզ կու պըտռե՝ դու անգին քար իս, գովելի.
Անտակ ծովի միչեն հանած անգին գովհար իս, գովելի:

Յիփ դու բաղչեն սեյրան կեհաս՝ ծովի նման գու քա ալիտ.
Գըլուխըտ պահելով արա՝ նամ չը դիպչի խաթու-խալիտ.
Տեսնողըն հեյբաթ կու մընա էտ քու սիրուն մահ-ջամալիտ.
Աշխարումըս նուր դուս էկած թազա նուգբար իս, գովելի:

Արի՛, միզիդ մե լավ կացի, ղուրբան ըլիմ մուրվաթումըն.
Ման էկա յիրկիր՝ չը տեսա էտ քու նըման ջուրաթումըն.
Վո՛ւնց Հինդու դիարումըն կա, վո՛ւնց Փըռանգի սուրաթումըն –
Քաշվիլ իս քարգահի մեչըն, ուրիշ թահար իս, գովելի:

Թարիփըտ դավթար իմ արի, փիլ պիտի, վուր գիրքըն տանե.
Դուն քու մըտկի հիդ մի՛ էհա, էտ խիալըն սըրտետ հանե.
Մեչկըտ՝ հադիդեմեն քաշած սիրմա մավթուլի նըման է.
Աշխարիս շըվաք իս անում՝ սալբ ու չինար իս, գովելի:

Յիս քիզանից չի՛մ հիռանա՝ թե չը հասնի մահիս վադեն.
Յիփ մեռանիմ, շա՛ղ տու վըրես դաստամազի թիլի շադեն.
Հենչաք ըլի՝ ուրախ կենաս. Սայաթ-Նովեն առնե ղադեն.
Շատ մարթ կոսե, թե յար ունիմ, դուն ո՛ւրիշ յար իս, գովելի:

ՅԻՍ ԿԱՆՉՈՒՄ ԻՄ

Յիս կանչում իմ լալանին.
Բադեշխանեն լալ անին.
Վա՛յ թե հասրաթետ մեռնիմ,
Բլբուլ լիզուս լալ անին.
Դոստիրըս հիռու կանգնին, յադիրըն գան լան անին:

Քի սազ գու քա ղումաշըն, նազանի.-
Ե՛կ ճակատիտ կապե զարլու մուղայիշ.
Ձիռիտ բըռնե օսկեջըրած մըկրատըն,
Խուճուճ-խուճուճ կավերուտ տուր արայիշ:

Յիս կանչում եմ յարանին.
Թեջնիս, վարսաղ, յարանին.
Ո՞վ ասավ, թե նըհախ տիղ
Յարիտ մեչըն յար անին.
Ավետարանն կու տա խոնար մարթուն երանի:

Պատվական տեսնելու նովաբին-աջար.
Բլբուլին սպանող թոփ վարթի սաջար.
Աչկիրուտ ունքիրըտ էլավ մուհաջար.
Թերթերուկիտ մազըն զար, օսկու զարնիշ:

Յիս կանչում իմ զանային.
Նու ու այիբ զայ անին.
Դուն իս ասի՝ նըհախ տիղ
Յարի սիրտըն զայ անին.
Շա՛հն էր քաշի, չէր դիմանա էս իմ քաշած զայանին:

Հուտըտ աշխար բռնեց, փըռա՛նգի մաջում.
Դաստամազըտ դառավ սիմ ու աբրեշում.
Կըռնիրըտ շիմշատ է, մատնիրըտ է մում.
Ծուցըտ բաղչա ունիս, մեչկըտ է զամիշ:

Յիս կանչում իմ մերանին,
Ըսկըսպնական մերանին.
Թուղ դոստիրըս շատանան,
Թըշնամիքըս մեռանին.
Ասի՛ թե յիս քու ախպեր, քու մերն ինձի մեր անին:

Բեմուրվաթ յա՛ր, խիլքըն գըլխես մի տանի.
Դարդիրըս շատացավ քանի՜ մե քանի.
Գիդիմ վուր, յա՛ր դուն ինձ լայիղ չիս անի՝
Դուն մե թաքավուր իս, յիս մե խեղճ դավրիշ:

Յիս կանչում իմ մասանին.
Սեր ու այիբ մաս անին.
Յիս քիզնից չիմ հեռանա,
Գուզե ինձ անմաս անին,
Սայաթ-Նովեն քո՛ւ յարն է, թեգուզ մասնեմաս անին:

Դաստամազըտ նըման սըմբուլ սուսանի.
Վախում իմ, թե սերըտ սիրտըս կես անի.
Կու մեռնիմ, էլ ինձի պես չիս տեսանի.
Քու Սայաթ-Նովեն իմ, մի՛ անի ղիմիշ:

ԴՈՒՆ ԷՆ ՀՈՒՐԻՆ ԻՍ

Դուն էն հուրին իս, վուր գեմի կու զավթե,
Չունքի ինձ զավթեցիր խափով, նազանի,
Արիվիլք, արիվմուտ, հարավ ու հյուսիս
Չը կա քիզի նըման՝ չափով, նազանի:

Շատ մարթ քու էշխեմեն կու դառնա յիզիդ.
Արի մե ռահմ արա, լա՛վ կացի միզիդ.
Գուզիմ թե համաշա դամ անիմ քիզիդ՝
Սանթուրով, քամանչով, դափով, նազանի:

Դարդիրըս շատացավ՝ ասիլ իմ ուզում.
Աչկեմես արտասունք հուսիլ իմ ուզում.
Համաշա, յա՛ր, քիզիդ խոսիլ իմ ուզում.
Սիրտըս չէ կըշտանում գափով, նազանի:

Հայալու իս՝ ադաբ ունիս, ար ունիս.
Ձիռիտ դաստա կապած սուսամբար ունիս.
Տուր ինձի սըպանե՝ իխտիար ունիս.
Հենչաք ըլի՝ կենաս բափով, նազանի:

Սայաթ-Նովեն ասաց՝ արզ ունիմ խանին.
Ղաբուլ ունիմ՝ քու խաթրու ինձ սըպանին.
Հենչաք ըլի, յա՛ր, գաս իմ գերեզմանին,-
Ածիս խողըն վըրես ափով, նազանի:

ԷՇԽԸՆ ՎԱՌ ԿԸՐԱԿ Է

Էշխըն վառ կըրակ է՝ էրվելով գու քա.-
Շատ մարթ կոսե՝ յիս յարի հիդ ման գու քամ…
Էս դարդեմեն ով չէ քաշի՝ վո՛ւչ քաշե.
Ով յար սիրե, է՛լ չասե թե՝ ջան գու քամ:

Շատ մարթ կա՝ էն գըլխեն սըրտում ունե ղամ.
Բազի մարթ չէ քաշի, էշխեմեն է խամ.
Ինչ ասիս կոնիլ տա՝ սերն է անըսկամ.-
Հալվեցա, մաշվեցա. էլ ի՜նչ ջան գու քամ:

Էշխըն վուր կա՝ հազար բաբաթ հանգ ունե.
Ուշկ ու միտկըն կու քնեցնե՝ բանգ ունե.
Բըռնածըն չի թողնի՝ ղայիմ չանգ ունե,-
Էնդու համա՝ խան հիդ կեհամ, խան գու քամ:

Թե դուն էշխի հիդ մանգալըն հարցընիս՝
Չի դիմանա Րոստոմ Զալըն՝ հարցընիս.
Թե բեմուրվաթ յարի հալըն հարցընիս՝
Ասում է, թե. «սուլթան գու քամ, խան գու քամ»:

Սայաթ-Նովեն ասաց՝ շատի ջանք դըրի.
Մե բափա չը տեսա հում կաթնակիրի.
Ովոր ինձ չի սիրի՝ յիս է՛լ չիմ սիրի.
Սերըն սեր կու բերե, սիրեկան գու քամ:

ՇԱՏ ՄԱՐԹ ԿՈՍԵ

Շատ մարթ կոսե՝ յիս յարեմեն հասրաթ իմ՝
Լեյլի-Մեջլումն էլ չի էլի էս հալով.
Մարթ պիտի համաշա բերանըտ տընդղե՝
Խոսկ իս ասում առակավուր-մասալով:

Լիզուտ քաղցր ունիս՝ շաքար ու շարթին.
Մազիրըտ ռեհան է փաթըթած վարթին.
Քի զարթարած տեսնիմ հիդ ծաղկազարթին՝
Հաքիլ ըլիս զար-զարբաբըն խաս ալով:

Յա՛ ինձի կորցըրեք, յա մե բան արեք,
Խփեցեք մե տիղըս, մե նշան արեք,
Թեգուզ էստու համա քարասպան արեք՝
Չի՛մ կըշտանում գոզալի հիդ խոսալով:

Աջաբ վո՞ւնց դիմանամ յիս էսչափ դարին,
Աչկեմես արտասունք դուս գու քա՝ արին,
Օրըն իր շափաթով կարոտ իմ յարին,
Վունցոր ղարիբ բըլբուլ՝ վարթին տիսալով:

Խիլքըս տարավ՝ ջադուքարին չի՛մ տեսի.
Բեմուրվաթին, բեիղրարին, չի՛մ տեսի.
Սայաթ-Նովեն ասաց՝ յարին չի՛մ տեսի,
Ման իմ գալի արտասունքըս հուսալով:

ՉԻ՛Ս ԱՍՈՒՄ

Չի՛ս ասում, թե լա՛ց իս էլի.
Բարով տեսա, իմ սիրեկան.
Վարթի նըման բաց իս էլի
Խարերով,
Խարերով.
Բարով տեսա, իմ սիրեկան:

Արի՛, մե դարդըս իմացի,
Էշխեմետ համան իմ լացի.
Օրըս էսպես անց է կացի
Դարերով,
Դարերով.
Բարով տեսա, իմ սիրեկան:

Յիփ կու հաքնիս ալ ու ատլաս,
Տեսնողին կու շինիս մաս-մաս,
Դոշիտ պիտի լալ ու ալմաս
Շարերով,
Շարերով.
Բարով տեսա, իմ սիրեկան:

Յիս քիզ գովիմ խաղի մեչըն,
Շամամնիրըտ թաղի մեչըն.
Ման իս գալի բաղի մեչըն
Յարերով,
Յարերով.
Բարով տեսա, իմ սիրեկան:

Սայաթ-Նովեն վունց դըրջանա,
Աչկիրըտ օսկե փընջանա.
Դուշմանի լիզուն մընջանա
Չարերով,
Չարերով.
Բարով տեսա, իմ սիրեկան:

ՄԵՋԼՈՒՄԻ ՊԵՍ

Մեջլումի պես՝ կորավ յարըս,
Լե՜յլի ջան, ման իմ գալի, յանա-յանա.
Էրվեցավ խունի ջիգարըս,
Արնի պես աչկս է լալի, յանա-յանա, յանա-յանա:

Բլբուլի նման լացիլ իմ,
Աչկիրըս արնով թացիլ իմ, յանա-յանա,
Էշխեմետ հիվանդացիլ իմ,
Պառկած եմ դըժար հալի, յանա-յանա, յանա-յանա:

Էշխեմետ դառիլ իմ յիզիդ,
Հալվեցա, մաշվեցա, քիզիդ, յանա-յանա,
Ռա՛հմ արա, մե խոսի միզիդ,
Բե՛մուրվաթ, ձեն իմ տալի յանա-յանա, յանա-յանա:

Էրվում իմ, կանչում իմ ա՜ման.
Ծուցըտ բաղ, ունքիրըտ քաման. յանա-յանա.
Աշխարիս մեչըն քիզ նըման
Չիմ տեսած, ման իմ գալի յանա-յանա, յանա-յանա:

Մանուշակ բաց արած հովին,
Կարմիր վարթ, ծաղիկ հուտովին, յանա-յանա,
Շատ մի լացնի Սայաթ-Նովին,
Ա՛չկի լուս, կսկծալի՝ յանա-յանա, յանա-յանա:

Ի՞ՆՉ ԿՈՆԻՄ ՀԵՔԻՄԸՆ

Ի՞նչ կոնիմ հեքիմըն, ի՞նչ կոնիմ ջարեն՝
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ:
Էրում է մըհլամըն, չէ լավնում յարեն.
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ:

Ասաց թե. «հիռացի՛ գըլխեմես գընա՛,
Քու ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ.
Էտ քու արարմունքսըն քիզի չի մնա,
Քու ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ. ուրիշ տիղ, ամա՜ն, ուրիշ տիղ»:

Ասի թե. «էշխեմետ չի՛մ հանքչում տանըս,
Ձիռնիրըս թըլացավ՝ չէ շինում բանըս,
Էրվեցավ ջիգյարըս, մաշվեցավ ջանըս՝
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ»:

Ասաց. «իմ դիղեմեն քիզ չը կա չարա,
Գընա՛ թե խիլք ունիս՝ գլխիտ ճար արա,
Թե չէ՝ անիլ կուտամ քիզ փարա-փարա.
Քու ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ»:

Յիս բըլբուլ իմ, վարթըն մընաց խարումըն.
Կըրակ դըրիր սըրտիս խուցի յարումըն.
Վո՛ւնց գըրանքումըն կա, վո՛ւնց դավթարումըն՝
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ:

Ասաց թե. «քի զարար շինեցիր շահըտ.
Կըտրեցիր ադաբըտ, կըտրեցիր ահըտ.
Մի վիթի արունըտ, մի շանց տա մահըտ,
Քու ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ»:

Ասի թե. «մազիրըտ սիրման իս անում,
Հենց գիդիսց չի՛մ գիդի, յա՛ր, չիմ իմանում.
Սերըտ ինձ մահ դառավ՝ էլ չի՛մ դիմանում.
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ուրիշ դիղ»:

«Թագավուրի թագի լայիղ քարըն իմ,
Շիրինի պես Փահրադի դիլդարըն իմ,
Յիս էն գըլխեն Սայաթ-Նովու յարըն իմ,
Քու ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ»:

Հիդըս խոսի՛, մի՛ կենա խըռովի պես.
Տալղա տըվիր՝ գեմիս տարար ծովի պես.
Կո՜ւ մեռնիմ, – չիմ տեսնի Սայաթ-Նովի պես.
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ:
Ամա՜ն, ուրիշ դիղ:

ԱՐԻ ՀԱՄՈՎ

Արի համով ղուլուղ արա, խալխի նոքար Սայաթ-Նովա.
Ամեն մարթ չի՛ կանա ճանգի շահով շըքար, Սայաթ-Նովա.
Ով քիզի լիղի պարքիվե, դուն տու շաքար, Սայաթ-Նովա.
Ղաստ արա՝ շուշետ չը կոտրին, չը խըփին քար, Սայաթ-Նովա:

Թեգուզ դըբրատանըն պահ տաս՝ ծեծով չի խըրատվի խիվըն.
Ինչրու անձնեն չը դուս էհա անախտիլի էն չար դիվըն.
Բեդասըլն՝ ասըլ չի՛ դառնա. թոլով չի՛ սիպտակի սիվըն,
Ծուռըն փետըն չի՛ դըրըստի ռանդան, դուրգար Սայաթ-Նովա:

Թեգուզ իմանաս, գիդենաս աստղերու համբարքըն սիրուն.
Անբարի գուրձըն կորած է՝ կարթա Հարանց վարքըն սիրուն.
Ավիտարանի խոսկիրըն մարքարիտ է, կարքըն՝ սիրուն.
Մի՛ ածի խուզի առչիվըն լալ ու գովհար, Սայաթ-Նովա:

Թե էս կենաց փառքըն չո՛ւզիս՝ էն կենաց ալմասըն կու տան.
Թե հոքուտ խաթիր շալ հաքնիս՝ զար քաշած ատլասըն կու տան.
Թե վուր լալով զըխճում անիս՝ անմահացըն մասըն կու տան.
Խոստովանիս արած միխկըտ՝ չանիս ինքար, Սայաթ-Նովա:

Վուր տիղ հարսնիք, վուր տիղըն սուք, վուր տիղ սոյբաթ խաղ է ըլում.
Վուր տիղ ժամ, վուր տիղ պատարաք, վուր տիղ սիրով տաղ է ըլում.
Թե վուր հոքուտ կամքն իս անում, մարմինըտ բեդամաղ է ըլում՝
Վո՞ւր մե դարդին կու դիմանաս դուն, ջըրատար Սայաթ-Նովա:

 

Աղբիւր՝  Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն

Badwiran nor dam tzez 4

Namen-Bedeutungen / Männlich

Namen-Bedeutungen / Weiblich

Անձնաննուներն ու Իմաստները (Արական)

Անձնաննուներն ու Իմաստները (Իգական)

Granat1