Ոգեկոչում Սրբոց Նահատակացն Ս. Էջմիածնի մէջ: 24 Ապրիլ 2016

Genocide Symbol 100 Հայոց Ցեղասպանութեան Ս. Նահատակներու
Ոգեկոչման Արարողութիւնները
Ծիծեռնակաբերդի Յուշահամալիրի եւ
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ

Memor166Memor165Memor164Memor162Memor161Memor163

       Ապրիլի 24-ին Հայաստանում եւ Սփիւռքի հայկական համայնքներում տեղի ունեցան Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների ոգեկոչման արարողութիւններ: Դեռեւս 2015 թ. ապրիլի 23-ին, երբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարուեց Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի սրբադասման արարողութիւնը, ապրիլի 24-ը հռչակուեց «Յիշատակ Սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեան Հայոց վասն հաւատոյ եւ վասն Հայրենեաց»:

       Ապրիլի 24-ի առաւօտեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցութեամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների, այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, որտեղ,  նախագահութեամբ Ամենայն Հայոց Հայրապետի եւ ներկայութեամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի,  կատարուեց մասնաւոր արարողութիւն, որով հայցուեց Հայոց Եղեռնի սուրբ նահատակների  բարեխօսութիւնը:

    Նոյն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցուեց Ս. Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր-կրթական բարձրագոյն հաստատութիւնների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյեանը:

       Սրբազան արարողութեան ընթացքում Գեւորգ եպիսկոպոսն անդրադարձաւ օրուայ խորհրդին:

     «Այս առաւօտ օրացոյցը հայ ժողովրդի համար ամենատխուր հանգրուաններից մէկն է ազդարարում, Հայկազեան տոհմի հազարամեայ գոյութեան ամենասեւ էջը, Ապրիլ 24:

   …Այս օրը առաւօտ կանուխ սկսւում է մարդկանց հոսքը դէպի Ծիծեռնակաբերդի յուշարձան, գնում են բոլորն անխտիր, անկախ սեռից եւ տարիքից, տպաւորութիւնն այնպիսին է ասես հազարամեակներով սրբագործուած կարեւոր ծէսի են մասնակցում, կարծես միշտ քայլել են այս ճանապարհով, քայլել են յամառ, քայլել անկոտրում: Բոլորի հոգիներում խորհրդաւոր լռութիւն է, մարդիկ մտովի մենախօսութեան մէջ են, ամէն մէկը յիշում է իր մեծ ծնողներից լսած պատմութիւնները, յիշում է ու քայլում առաջ, յաղթահարելով Ծիծեռնակաբերդի բարձունքը: Կարծես թէ հայ ժողովրդի ճակատագրի անբաժանելի մասն է եղել բարձունքներ յաղթահարելը, եւ ամենակարեւորը՝ միշտ անշեղ քայլել առաջ, առաջ մինչեւ բաղձալի երազի իրականացում:

      Ասում են, որ ժամանակը բուժում է վէրքը, ճիշտ է, ամենացաւոտ կորուստներն անգամ սպիանում են տարիների հետ, բայց կան նաեւ վէրքեր, որ ժամանակը պարզապէս անզօր է բուժելու. միայն անկեղծ զղջումն ու ներողութիւնը կարող են դարմանել դրանք:

     Սրանից 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանութեան արհաւիրքը հայ ժողովրդի մարմնի վրայ բացուած այդպիսի մի վէրք է, որ ժառանգել ենք մեր արեան յիշողութեամբ, այսօր այն անժխտելիօրէն մեր ինքնութեան մի մասն է:

   Իւրաքանչիւր հայ գիտի, թէ ինչ եղաւ 1915 թուականին Արեւմտեան Հայաստանում եւ Օսմանեան կայսրութեան տարբեր շրջաններում ապրող մէկ ու կէս միլիոն ժողովրդի հետ, գիտեն, որ ուրիշ հարիւրաւոր հազարներ դարձան վտարանդի, ճակատագրի սեւ հողմերից քշուեցին աշխարհով մէկ, ոմանք էլ բռնաճնշումների ներքոյ ստիպուած եղան ուրանալու հաւատ եւ ազգութիւն: Այսօր արդէն ողջ աշխարհը գիտի այս մասին…», – ասաց պատարագիչը:

       Սրբազան Հայրը, անդրադառնալով 2015 թ. նշուած Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին, երբ անկախ ազգութիւնից եւ դաւանանքից շատ պետութիւններ, մարդասիրական կազմակերպութիւններ եւ ազնիւ հոգիներ իրենց բողոքի ձայնը միացրեցին յանուն հայ ժողովրդի արդար դատի, ընդգծեց, որ միջոցառումների տրամաբանական լրումը հանդիսացաւ «վասն հաւատոյ եւ հայրենեաց» նահատակուած հայորդիների սրբադասման հանդիսաւոր արարողութիւնը, որով արդարութեան համար մղուող պայքարի մի նոր սկիզբ ազդարարուեց հայ կեանքում:

   «Եղեռնի նահատակների սրբադասումը հայոց համազգական կամքի արտայայտութիւնն էր, որ այլեւս դարձել էր հրամայական. այն գալիս է նոր ներշնչում եւ ուժ հաղորդելու մեզ՝ լսելի դարձնելու արդարութեան ձայնն աշխարհին, յաղթանակով պսակելու մեր ուղին:

      Այսօր ոգեկոչում ենք նրանց հաւատի ամրութիւնն ու անկոտրում կամքը, որ արհամարհելով ամէն տեսակի տանջանք ու հալածանք նախընտրեցին մահը կեանքի փոխարէն. նրանք կարող էին ազատուել թուրքի սրից, եթէ համաձայնէին ուրանալ իրենց կրօնն ու ազգութիւնը. պատմութիւնը փաստում է, որ ոմանք այդ ճանապարհով փրկեցին իրենց կեանքը, իսկ աւելի ճիշտ գոյութիւնը:

      Սուրբ նահատակների հաւատքի օրինակն օգնում է վերաարժեւորելու մեր ինքնութիւնը նոր լոյսի ներքոյ, այն սովորեցնում է մեզ, որ հայ ժողովրդի համար ամենամեծ արժէքն ազատութիւնն է… Մա՛հ կամ ազատութիւն: Այսուհետեւ ապրիլեան վկաները մեզ համար Վարդանանց շարքում են, քանզի նոյն ոգուց թելադրուած զոհեցին իրենց կեանքը: Արարատի յանդիման վեր խոյացող Ծիծեռնակաբերդի յուշարձանն այլեւս կորուստի զգացում չպիտի ծնի մեր մէջ, այլ յաղթանակի կամք պիտի դաստիարակի մեր ոգում՝ շարունակելու պայքարը, լծուելու անկախ Հայաստանի, ազատագրուած Արցախի վերաշինութեան սրբազան առաքելութեանը, սփիւռքի զարթօնքի ազգաշէն գործին…:

        Սիրելի՛ քոյրեր եւ եղբայրներ,

    Մեզ համար բացարձակ մերժելի է այն պառակտող գաղափարը, որ հայ ժողովուրդը կոտորուել է, կոտորուող ազգն անընդունակ է վերածնուելու, միայն նահատակութեանը պատրաստ ժողովուրդը կարող էր ուժ գտնել իր մէջ յաղթահարելու անասելի ցաւն ու կորուստի զգացումը: Մենք այսօր պէտք է հպարտանանք հայոց նոր վկաներով, քանզի նրանք զոհեցին իրենց կեանքը համոզումից դրդուած: Նրանց հաւատի արիութիւնն այսօր աւելի է ամրացրել մեր ոգին, դարձրել անպարտելի», – ընդգծեց Գեւորգ Սրբազանը` կոչ անելով միասնութեան ոգով շարունակել ցեղասպանութեան ճանաչմանն ու դատապարտմանն ուղղուած պայքարը, որը, Սրբազան Հօր համոզմամբ, այլեւս ազգայինից վերաճել է համամարդկայինի, դարձել է պայքար յանուն մարդու, յանուն նրա կեանքի իրաւունքի:

        Ս. Պատարագի աւարտին Մայր Տաճարի հարեւանութեամբ գտնուող Աղօթքի եւ ուխտի խաչքարի մօտ, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց Բարեխօսական կարգ:

     Արարողութեանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, վանաբնակ միաբաններ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ «Փիւնիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիէլ Չենբերջեանը և Հրաչ Թուֆայեանը, բազում հաւատավոր հայորդիներ:

armenian3