Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հանրապետութեան Տօնի Առիթով Շնորհաւորական Ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ.
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

         Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ու շնորհաւորանքներն ենք բերում հայրենաբնակ եւ աշխարհասփիւռ մեր ժողովրդին՝ Հանրապետութեան օրուայ առիթով:

       Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակումը իրականութիւն դարձաւ մայիսեան հերոսամարտերում մեր հայրերի քաջագործութիւններով: Նրանց փառապանծ յաղթանակը դարձաւ հիմքը մեր անկախ պետականութեան վերահաստատման, որը դարաւոր երազանքն էր մեր ժողովրդի:

       Յանուն հայրենիքի, մեր ինքնութեան ու պետականութեան համար պայքարած խրոխտ հայորդիների սխրանքը, ազգի ու մեր սրբութիւնների հանդէպ սիրոյ եւ հաւատարմութեան վկայութիւնը պատգամ է իւրաքանչիւրիս՝ լինելու արժանաւոր ու նուիրեալ զաւակը ազգի եւ հայրենեաց: Սիրելիներ, այսօր էլ նոյն ոգով, միասնականութեամբ կարող պիտի լինենք պահպանել մեր անկախ պետականութիւնը, Հայաստանում եւ Արցախում մեր ձեռքբերումները՝ վաղուայ օրուայ լաւատեսութեամբ շարունակելով զարգացող երկիր կառուցել եւ կերտել շէն ու լուսաւոր մեր ապագան:

          Ի խորոց սրտի Մեր աղօթքն ու մաղթանքն է, որ Երկնաւոր Տէրը զօրացնի եւ անսասան պահի հայրենի մեր պետականութիւնն ու օգնական լինի աշխարհասփիւռ մեր ժողովրդին՝ արգասաւորելով ի սէր հայրենեաց բոլորիս ջանքերն ու իրագործումները:

Օրհնութեամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ.
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ