Նորակերտ Ս. Յովհաննէս Մկրտիչ Եկեղեցի (Քաղաք Աբովեան)

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծուեցաւ
Աբովեանի Սբ. Յովհաննէս Մկրտիչ Եկեղեցին

Մայիսի 14-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ և ներկայութեամբ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի և Հայաստանում պաշտոնական այցով գտնուող Բելառուսի Հանրապետութեան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, տեղի ունեցաւ Աբովեանի Սբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու օծման արարողութիւնը: Եկեղեցին, որի հիմնարկեքը կատարուել էր 2006 օգոստոսի 24-ին, կառուցուել է տիար Գագիկ Ծառուկեանի բարերարութեամբ:

Եկեղեցու օծմանը մասնակցում էին բազում հրավիրեալներ` Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ՀՀ ԱԺ ներկայացուցիչներ, ՀՀ կառավարութեան անդամներ, քաղաքական և հասարակական գործիչներ, Գերագոյն հոգևոր խորհրդի անդամներ, Համայն Ռուսիոյ Պատրիարքի առաջնորդական փոխանորդ, Վոսկրեսենսկի եպիսկոպոս Սավվայի գլխաւորած պատուիրակութիւնը, Անդրկովկասում Պապական նուիրակ Նորին Սրբազնութիւն Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկին, ԵՀԽ Բոսեի էկումենիկ դպրոցի տնօրէն Հայր Իուան Սաուկան (Ռումին Ուղղափառ Եկեղեցի):      

Նորակառոյց եկեղեցու առջև Նորին Սրբությանը դիմաւորեցին թեմակալ առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամեանը և թեմի հոգևոր դասը, մարզային ու քաղաքային իշխանութիւնների ներկայացուցիչները և եկեղեցու բարերար Գագիկ Ծառուկեանը: Ողջոյնի արարողութիւնից յետոյ Վեհափառ Հայրապետն եկեղեցականների թափորով, օրհնելով հաւաքուած ժողովրդին, առաջնորդուեց Սբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցի, ուր սկսուեց տաճարի օծման հանդիսաւոր կարգը:                

Սաղմոսերգութեանը, աղօթքներին ու շարականներին յաջորդեց օծումը, երբ Սբ Խորան բերուեց Սրբալոյս Միւռոնը, որով և Նորին Սրբութիւն օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը:

Արարողութեանը մասնակից Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարեանը, ԱՄՆ Հայոց Արևելեան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը, ԱՄՆ Հայոց Արևմտեան թեմի առաջնորդ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տերտերեանը, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսեանը, Արարատեան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոեանը, Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ, Հրատարակչական բաժնի տնօրէն Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչեանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսեանը, Հարաւային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսէս եպիսկոպոս Մովսիսեանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիւանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականեանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդեանը, Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Յովնան եպիսկոպոս Յակոբյանն օծեցին եկեղեցու մկրտության աւազանը և բոլոր սիւները:              

Յաւարտ արարողության Ամենայն Հայոց Հայրապետը ներկայ ժողովրդին բերեց հայրական իր պատգամն ու օրհնութիւնը: ,… Եօթ տարիներ առաջ Երկնաւորի բարեհաճ կամքով Աբովեան քաղաքի բազմաթիւ հաւատաւոր Մեր զաւակների աղօթական ներկայութեամբ կատարեցինք տիար Գագիկ Ծառուկեանի բարերարութեամբ կառուցուող սրբազան այս աղոթավայրի հիմնարկեքի արարողությունը: Մեռոնադրոշմ օծմամբ դրվեցին հիմքերը եկեղեցու, որը շինարարության ընթացքում բարերարի խանդավառ նախաձեռնությամբ ավելի ընդարձակվեց ու ճոխացավ: Այսօր այս բարձունքի վրա շքեղակառույց հառնել է նորակերտ եկեղեցին` ի սպասավորություն Աբովյանի և շրջակայքի հավատավոր Մեր ժողովրդի:            

Եկեղեցու մասին խօսելով` առաքեալն ասում է. Ամբողջ կառոյցը Տիրոջով վերածւում է մի սուրբ տաճարի, որի մէջ դուք էլ նրա հետ կառուցւում էք որպէս բնակարան Աստուծոյ` Սուրբ Հոգու միջոցով»: Հաւատացելոց համար եկեղեցական կառոյցը ճարտարապետական կոթողից առաւել Աստծոյ տունն է, որտեղ երկնառաք օրհնութիւնն ու շնորհներն են բաշխւում հաւատացեալներին` նրանց դարձնելով տաճար Սուրբ Հոգու: Եկեղեցին ճշմարիտ հաւատն է, որ միաբանում է մեզ Աստծոյ Որդու ճանաչողութեան շնորհի մէջ, ինչպէս վկայում է Սուրբ Սահակ Պարթև Կաթողիկոսը: Եկեղեցու նուիրական, սրբագործող յարկի ներքոյ աստուածպաշտական արարողութիւնները, Քրիստոսի կենսատու Աւետարանի քարոզութիւնը հաւատացելոց հաղորդակից են դարձնում Բարձրեալին, զօրացնում հաւատով, կրթում ու դաստիարակում տէրունական պատգամներով, ոգեշնչում քաջ ու բարի գործերի, ճշմարիտ ու արդար ընթացքի, և պարգևում յոյսն ու զօրութիւնը` վերազարթօնքի և լուսաւոր գալիքի: Դարերի հոլովոյթում մեր ժողովուրդն անցել է բազում նեղութիւնների ու տառապանքների, ջարդերի ու կոտորածների միջով, սակայն երբէք չի վհատուել և յոյսով, հավատքով ու աղօթքով յաղթականօրեն վեր է յառնել ամեն փորձութիւնից` ամենուր եկեղեցի ու դպրոց կառուցելով, կազմակերպելով ազգային-եկեղեցական իր կեանքը: Ինչպիսին էլ եղել են ժամանակները` անգամ օտարների տիրապետութեան ծանր լծի ներքոյ, փորձութիւնների ու նեղութիւնների մէջ չի սասանուել եկեղեցի կառուցելու նախանձախնդրութիւնը մեր ժողովրդի, քանզի թէեւ թշնամեաց կողմից աւերուել են մեր աղօթավայրերը, ոտնակոխ արուել մեր սրբավայրերը, սակայն միշտ կանգուն ու անսասան, անառիկ ու անկործանելի է մնացել մեր հոգու տաճարը, ուր անլռելի հնչել է փառաբանութիւնը Բարձրեալն Աստծոյ: Եկեղեցին Աստծոյ պարգևն է, որ Բարձրեալը շնորհում է հաւատաւոր ժողովրդին մարդկանց միջոցով: Նրա հիմքերը դրուած են անսասան վէմի հաստատութեան վրայ. ոչ մարդիկ կարող են այն շարժել, և ոչ հրեշտակները` սասանել,- ասում է Սուրբ Եղիշէ պատմիչը:  Մեր պատմութեան մէջ շարունակական եկեղեցաշինութիւը վկայութիւնն է մեր ժողովրդի հոգևոր տաճարի ամրութեան, նրա ստեղծարար, աննկուն ոգու` հիմնուած առ Քրիստոս զօրեղ հաւատքի վրայ, որով յարատև պիտի ապրի մեր ժողովուրդը և առաջնորդուի դէպի փրկութիւն, որ Տիրոջից շնորհուած է Եկեղեցու միջոցով: 

Սիրելի հավատավոր զավակներ, նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցին մեզ հրավիրում է աղոթքի և Բարձրյալին փառաբանության` պատմելով մեր պատմության և մեր Սուրբ Հայրերի մասին, հիշեցնելով մեր անցյալը, մեր նախնյաց ավանդները, ձեռքբերումները, որոնցով պարտավոր ենք արժևորել մեր ներկան և կերտել գալիքը: Այստեղ են պատկերները Սուրբ Մեսրոպ Մաշտոցի և Սուրբ Սահակ Պարթևի, նրանց աշակերտների, Հայ Եկեղեցու մեծ վարդապետների, երախտարժան գործիչների, ովքեր նախանձախնդիր ջանքերով խնամել ու հոգացել են, որ միշտ վառ մնա հայոց հավատքի ջահը, զորացնելով հոգևոր կենսական ուժերը մեր ժողովրդի, որպեսզի ազգս հայոց պայծառացնի իր կյանքն ու հայրենիքը` անվարան հետևելով մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ով կենարար լույսն է աշխարհի (Հովհ. 8:12)…», – նշեց Վեհափառ Հայրապետը` պատգամելով ժողովրդին բարեպաշտ ներկայութեամբ, ջերմագին աղօթքով նորակառույց եկեղեցին դարձնել հաւատքի պայծառութեամբ լեցուն Աստուծոյ տուն:          

Իր խօսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի և Բելառուսի Հանրապետութեան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպէս նաև պատուաւոր հիւրերի, քոյր Եկեղեցիների և Հայաստանում հաւատարմագրուած դիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչների ներկայութիւնը հոգեպարար այս արարողութեանը` մաղթելով, որ Բարձրեալի օրհնութեամբ նորանոր ձեռքբերումներով արդիւոնաւորուեն եղբայրական կապերը և փոխհամագործակցութիւնը Եկեղեցիների և պետությունների` ի խնդիր մարդկութեան խաղաղ, բարօր ու առաջընթաց կեանքի:        

Նորին Սրբութիւնը նաև իր բարձր գնահատանքն ու օրհնութիւնը բերեց եկեղեցու բարերարին ու նրա ընտանիքին` հայցելով Սուրբ Յովհաննէս Մկրտչի պահպանութիւնը նրանց ընտանիքին, և բոլոր այն անձանց, որոնց ջանքերով հնարաւոր եղաւ Սուրբ Յովհաննէս եկեղեցու կառուցումը:           

Այս առիթով, հայրապետական իր գնահատանքը յայտնելով թեմի հոգևոր դասին, Վեհափառ Հայրապետն երկարամեա գովարժան գործունէութեան համար Առաքել Սրբազանին շնորհեց արքութեան պատիւ` մաղթելով նրան աննուազ եռանդ և նորանոր յաջողութիւններ առաջնորդական պատասխանատու առաքելութեան մէջ:   

Վերջում նորակառոյց եկեղեցուն Ամենայն Հայոց Կաթողիկոսը փոխանցեց Մայր Աթոռից բերուած Ս. Յովհաննէս Մկրտչի մասունքը: Նախորդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում յատուկ արարողութեամբ Մայր Աթոռի մասանց պահարանում պահուող Ս. Յովհաննէս Մկրտչի մասունքն ամփոփող մասունքարանից հանուեց սրբի ոսկորից մի փոքր հատուած և սաղմոսների ու շարականների երգեցողութեան ներքոե, ներկայութեամբ եկեղեցու բարերարի ընտանիքի, զետեղուեց նորակառոյց եկեղեցու համար պատրաստուած  խաչ-մասունքարանի մէջ:                 

Արարողութիւնն աւարտուեց «Պահպանիչ» աղօթքով: Մասունքակիր գեղեցկազարդ խաչով օրհնելով  արարողութեան մասնակիցներին` Նորին Սրբութիւնը մաղթեց, որ Սուրբ Յովհաննէս Մկրտչի բարեխօսութիւնը առ մեր Տէրը օգնական լինի համայն հայ ժողովրդին, հաստատի արդար ու բարի գործերի մէջ և պարգևի շնորհը` մշտապէս հաւատարիմ մնալու հայրերի սուրբ հաւատքին ու աւանդներին: 

Օծման արարողութիոնից յետոյ եկեղեցում մատուցուեց առաջին Ս. Պատարագը: Պատարագիչն էր թեմակալ առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամեանը:  

50 մեդր բարձրութիւն ունեցող շքեղակառոյց  տաճարի ճարտարապետը Արտակ Ղուլեանն է, նախագծի կոնստրուկտորները՝ Յովհաննէս Մեյրոեանը և Տիգրան Դադաեանը: Որմնանկարների հեղինակներն են հայր և որդի Աբրահամ ու Հայկ Ազարեանները: Եկեղեցու քանդակազարդման աշխատանքներին մասնակցել է շուրջ 40 քանդակագործ և զարդագործ-վարպետ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատուական համակարգ 14 Մայիսի, 2013