Մայր Աթոռ Ս. Էջմիածնում աւարտուեց
Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը
Փետրուարի 20-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցան Գերագոյն հոգեւոր խորհրդի հերթական ժողովի նիստերը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջոյնի եւ օրհնութեան խօսքից յետոյ որպէս ատենապետեր ժողովը վարելու հրաւիրուեցին ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը եւ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը:
Օրակարգի հաստատումից յետոյ ընթերցուեց եւ հաստատուեց նախորդ` 2017 թ. նոյեմբերի 1-3-ին գումարուած ԳՀԽ ժողովի արձանագրութիւնը:
Ժողովի ընթացքում Գերագոյն հոգեւոր խորհուրդը քննարկեց Գերագոյն հոգեւոր խորհրդի կանոնադրութեան լրամշակուած նախագիծը։ Կանոնադրութիւնների մշակման յանձնախմբի անդամ ի․ գ․ դ․, պրոֆէսոր Գեւորգ Դանիէլեանը լուսաբանութիւններ տուեց նախագծի վերաբերեալ։ ԳՀԽ անդամները քննարկեցին նախագծի հետ առնչուած Հայ Եկեղեցու թեմերից ստացուած դիտարկումներն ու առաջարկները։ Կարեւոր նկատելով փաստաթղթի վերջնական խմբագրման աշխատանքը՝ յանձնարարուեց պատրաստուած կանոնադրութիւնը ներկայացնել առաջիկայ Ազգային-եկեղեցական ժողովի վաւերացմանը։
2018 թուականը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակուել է Երիտասարդութեան տարի։ Այս կապակցութեամբ ծրագրուող միջոցառումների եւ երիտասարդական ուխտագնացութիւնների մասին հանգամանալի զեկոյց ներկայացրեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միաւորման նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը։ Տեղեկացուեց, որ հիմնական միջոցառումները անցկացուելու են յուլիսի 4-8-ը ժամանակահատուածում եւ եզրափակուելու են ուխտի պատարագով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Այս առիթով տարուայ ընթացքում նախատեսւում են երիտասարդական խմբերի այցելութիւններ Սփիւռքի թեմերից։
Գերագոյն հոգեւոր խորհուրդը, կատարելով անհրաժեշտ թելադրութիւնները, ողջունեց իրականացուած նախապատրաստական աշխատանքները։
Ժողովի երկրորդ օրը Հայոց Եկեղեցու գործառնութիւնների բարելաւման ծրագրի ընթացքի վերաբերեալ զեկոյց ներկայացրեց «Դաւիդեան» հիմնադրամի նախագահ եւ բարեգործ Ասոյ Դաւիդեանը։ Տեղեկացնելով կատարուած աշխատանքի եւ առաջիկայ անելիքների մասին՝ տիար Ասոյ Դաւիդեանը նաեւ պատասխանեց ԳՀԽ անդամներին յուզող հարցերին։
Տրուած պարզաբանումներից յետոյ Վեհափառ Հայրապետը Գերագոյն հոգեւոր խորհրդի անունից գնահատանք յայտնեց տիար Ասոյ Դաւիդեանին իր եկեղեցանուէր օգտաշատ ծառայութեան համար։
Հայաստանի առաջին Հանրապետութեան եւ մայիսեան հերոսամարտերի 100-րդ տարեդարձի տօնախմբման նպատակով Մայր Աթոռում ստեղծուած կազմակերպիչ յանձնախմբի աշխատանքների մասին զեկոյց ներկայացրեց յանձնախմբի նախագահ Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը։ Տեղեկացուեց 100-ամեակի առիթով կազմակերպուելիք գիտաժողովների, ցուցահանդէսների, արխիւային նիւթերի հրատարակութիւնների ու նախատեսուող այլ միջոցառումների, ինչպէս նաեւ համապետական տօնախմբման ծրագրին Հայոց Եկեղեցու մասնակցութեան մասին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր կրթական հաստատութիւնների գործունէութեան հայեցակարգի մշակման եւ կրթական գործընթացի կազմակերպման վերաբերեալ զեկոյցներ ներկայացրեցին հոգեւոր բարձրագոյն հաստատութիւնների վերատեսուչ Գերաշնորհ Տ․ Գեւորգ եպիսկոպոս Սարոյեանը եւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումեանը։
ԳՀԽ անդամները գոհունակութեամբ ընդունեցին ներկայացուած զեկոյցները՝ կարեւորելով եկեղեցականների պատշաճ պատրաստութեան ուղղութեամբ ձեռնարկուող քայլերը եւ ընդհանուր հայեցակարգի մշակումը։
Ժողովի վերջին նիստին Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը ներկայացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ու թեմերի 2017 թ. գործունէութեան տեղեկագիրը:
Անցեալ տարուայ ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունեցել է 110-ից աւելի պաշտօնական հանդիպումներ եկեղեցական ու պետական բարձրաստիճան պատուիրակութիւնների, ազգային, հասարակական եւ մշակութային գործիչների հետ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականութեան ընդհանուր թիւը 756 է, որոնցից 52-ը` արքեպիսկոպոս եւ եպիսկոպոս, 51-ը` ծայրագոյն վարդապետ եւ վարդապետ, 35-ը` աբեղայ, 480-ը` քահանայ, 138-ը` սարկաւագ: Մայր Աթոռի բաժիններում եւ ենթաբաժիններում հաշուետու տարում աշխատել է 1194 անձ:
Անցնող տարին արդիւնաւէտ եղաւ եկեղեցու ժողովական կեանքում: 2017 թ․ գումարուեցին Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովը, ԳՀԽ 4 ժողովները Մայր Աթոռում եւ Սփիւռքի թեմերում, հայաստանեան թեմակալ առաջնորդների եւ Մայր Աթոռի պաշտօնավարող եպիսկոպոսների հաւաքներ, քահանայից աւանդական ամենամեայ հաւաքը, ինչպէս նաեւ Վանական Խորհրդի, Թեմական կանոնադրութիւնների լրամշակման եւ խմբագրման յանձնախմբի, Կարգապահական յանձնախմբի, Վարդապետական եւ Ծայրագոյն վարդապետական թեզերի պաշտպանութեան յանձնախմբի, Եկեղեցու կառավարման բարձրագոյն մարմինների կանոնադրութիւնների մշակման յանձնախմբի եւ Ճարտարապետաշինարարական խորհրդի նիստեր:
Անցեալ տարի Հայոց Եկեղեցին շարունակել է իր առաքելութիւնն իրականացնել նաեւ հոգեւոր-մշակութային ոլորտներում: Կարեւոր ձեռքբերումների շարքում պէտք է արձանագրել Մայր Աթոռի «Էօրնեկէան հանրակրթական դպրոց» ուսումնական հաստատութեան նոր շէնքի եւ Երեւանում Հայկ եւ Էլզա Տիտիզեանների անուան «Վարպետաց դպրոց» հայորդեաց տան բացումը, որոնց ներկայ գտնուեցին Նորին Սրբութիւն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը։
Մայր Աթոռի հոգեւոր-կրթական հաստատութիւններում ընդհանուր թուով ուսանել է 225 սաներ, որոնցից 106-ը` Գեւորգեան հոգեւոր ճեմարանում, 74-ը` Սեւանի Վազգէնեան Հոգեւոր դպրանոցում, 32-ը` Հառիճավանքի Թրբանճեան ընծայարանում, 23-ը` Քահանայից պատրաստման եռամեայ լսարանում: Գեւորգեան հոգեւոր ճեմարանում սովորում է նաեւ ազգութեամբ սերբ մէկ ուսանող:
Անցնող տարում հոգեւոր-կրթական հաստատութիւններում կազմակերպուել են մի շարք համերգներ եւ աստուածաբանական, հայագիտական, պատմաբանասիրական դասախօսութիւններ, ճեմարանականները նաեւ մասնակցել են տարբեր մշակութային, սոցիալական միջոցառումներին, «Էջմիածին» երգչախումբը համերգային ծրագրով եղել է Մոսկուայում, Գրոդնոյում եւ ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմում:
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում եւ Դաւթեան Օրիորդաց վարժարանում կրթութիւն է ստանում 45 աշակերտ: «Էօրնեկէան հանրակրթական դպրոց»-ի 32 դասարաններում ուսանում է 453 աշակերտ, «Էօրնեկէան մանկապարտէզ» յաճախում է 43 երեխայ:
Մայր Աթոռի հովանու ներքոյ գործող եօթ Հայորդեաց տներ յաճախել է շուրջ 3500 երեխայ, իրականացուել է 150 միջոցառում։
Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներին տեղեկութիւններ փոխանցուեցին Մայր Աթոռի կողմից կեանքի տարբեր ոլորտներում իրականացուած քարոզչական գործունէութեան մասին:
Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միաւորումը կազմակերպել է տարբեր գիտաժողովներ եւ ուխտագնացութիւններ Հայաստանի սրբավայրեր, շարունակել է իրականացնել նաեւ «Ճանաչենք մեր Եկեղեցին» ծրագիրը:
Հաշուետու տարում ՀՀ Զինուած ուժերում իրենց ծառայութիւնն է բերել թուով 54 հոգեւոր սպասաւոր։ ՀՀ Քրէակատարողական հիմնարկներում հոգեւոր սպասաւորութիւն են իրականացրել 11 եկեղեցականներ։
Հաւատացեալների հոգեւոր կարիքները բաւարարելու նպատակով արդիւնաւէտ քարոզչութիւն է իրականացուել նաեւ Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի, «Էջմիածին» ամսագրի, «Քրիստոնեայ Հայաստան» թերթի, Մայր Աթոռի Տեղեկատուական համակարգի եւ «Շողակաթ» հեռուստաընկերութեան կողմից:
Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայութիւնների գրասենեակի, Հայաստանի ու Արցախի թեմերի համապատասխան կառոյցների կողմից իրականացուել են շուրջ 500,000,000 ՀՀ դրամի բարեգործական եւ սոցիալական ծրագրեր: Մասնաւոր ուշադրութիւն է դարձուել ազգաբնակչութեան կարիքաւոր խմբերին` սիրիահայերին, իրաքահայերին, ազատամարտիկներին, զոհուած զինուորների ընտանիքներին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, տարէցներին, ուսանողներին եւ հիւանդներին:
1663 ընտանիքների ցուցաբերուել է դրամական օգնութիւն, իրային աջակցութիւնն են ստացել 6223 ընտանիքներ, անխափան աշխատել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ հովանու ներքոյ գործող 5 բարեգործական ճաշարանները, ուր ամենօրեայ սնունդ է տրուել շուրջ 900 անապահով քաղաքացու:
«Իզմիրլեան» հիւանդանոցում իրականացուող «Հայաստանաբնակ կարիքաւոր սիրիահայերի բժշկական աջակցութիւն» ծրագրից օգտուել են շուրջ 300 սիրիահայեր, Մայր Աթոռի կողմից դրամական աջակցութիւն է ցուցաբերուել Հրազդանի երեխաների աջակցութեան հիմնադրամի ցերեկային կենտրոնին: Գումարային աջակցութիւն են ստացել նաեւ գլխուղեղի հիւանդութեամբ տառապող երեխաներ ունեցող 10 ընտանիքներ:
Մայր Աթոռի կողմից գնուել է 2 բնակարան` Արցախի պատերազմում վիրաւորուած եւ հաշմանդամութիւն ունեցող բազմազաւակ մէկ ընտանիքի համար Աբովեանում եւ հնգեակ լոյս աշխարհ բերած Կարապետեանների ընտանիքին Մեծամորում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան կանոնական տարածքներում գործող 33 թեմերի եւ 3 Հայրապետական Պատուիրակութիւնում եւս 2017 թ. իրականացրել են հոգեւոր-քարոզչական, սոցիալական, կրթամշակութային բազմաբնոյթ ծրագրեր:
Հաշուետու տարում Հայ Եկեղեցու աշխարհասփիւռ թեմերում օծուել են թուով 30 եկեղեցիներ:
Ժողովականների ուշադրութեանը յանձնուեց նաեւ Մայր Աթոռի ֆինանսական հաշուետու զեկոյցը։
Վերջում Գերագոյն հոգեւոր խորհուրդը գնահատանքով ողջունեց Հայոց Եկեղեցու գործունէութիւնը ներկայացնող ընդարձակ զեկոյցները։