Աւարտեցաւ Գերագոյն Հոգեւոր Խորհրդի ժողովը (2022)

Աւարտեցաւ Գերագոյն Հոգեւոր Խորհրդի ժողովը

       Մարտի 7-10-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, տեղի ունեցաւ Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը:

      Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջոյնի եւ օրհնութեան խօսքից յետոյ ժողովի նիստերն ատենապետեց Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը:

    Ժողովին քննարկուեց Մայր Տաճարի հիմնանորոգութեան եւ ամրակայման աշխատանքների ընթացքը: Կատարուած աշխատանքների վերաբերեալ հանգամանալից տեղեկութիւններ փոխանցեց Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ եւ լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը: Մայր Տաճարի վերանորոգման նպատակով կազմակերպուած հանգանակութիւնների եւ անհրաժեշտ միջոցների հաւաքագրման ընթացքի մասին զեկոյց ներկայացրեց ԱՄՆ Արեւմտեան Հայոց թեմի առաջնորդ եւ հանգանակութեան յանձնախմբի ատենապետ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը:

    ԳՀԽ ողջունեց կատարուած աշխատանքները, կարեւորեց Մայր Տաճարի հիմնանորոգութեանն ուղղուած ջանքերը եւ ներդրումները` յոյս յայտնելով, որ այն առաջիկայում դռները կբացի բարեպաշտ ժողովրդի առջեւ:

    Ժողովի ընթացքին զեկոյցով հանդէս եկաւ նաեւ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանը, ով ներկայացրեց պատրիարքութեան առկայ կացութիւնը: Ամենապատիւ Սրբազան Հայրը տեղեկութիւններ փոխանցեց պատրիարքութեան հոգեւոր դասի, եկեղեցական կառոյցների, ծխական համայնքների, կրթօջախների գործունէութեան վերաբերեալ:

     Ժողովականներին Արցախի սրբավայրերի պահպանութեան ուղղութեամբ Մայր Աթոռի կողմից իրականացվող աշխատանքների եւ առաջիկայ ծրագրերի վերաբերեալ համապարփակ տեղեկութիւններ ներկայացրեց Մայր Աթոռի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան հարցերով գրասենեակի տնօրէն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումեանը: Հայր Սուրբն ընդգծեց, որ գրասենեակի գործունէութեան հիմնական նպատակն է յուշարձանների պահպանութեամբ զբաղուող միջազգային կառոյցների, պետական պատկան մարմինների, ինչպէս նաեւ միջեկեղեցական կառոյցների եւ Քոյր Եկեղեցիների ուշադրութիւնը հրաւիրել Արցախի յուշարձաններին սպառնացող վտանգների եւ դրանց պահպանութեանն ուղղուած ծրագրերի անհրաժեշտութեան վրայ: Գրասենեակի գործառոյթն է նաեւ տրամադրել գիտական աղբիւրների վրայ հիմնուած տեղեկատուութիւն` կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի պատմական անցեալի եւ Արցախի հայկական հոգեւոր ու պատմամշակութային յուշարձանների պատկանելիութեան վերաբերեալ փաստերի խեղաթիւրումը եւ կեղծ տեղեկատուութեան տարածումը:

     Ժողովին Արշակ եպիսկոպոսի կողմից ներկայացուեց նաեւ Հայ Եկեղեցու հոգեւորկանաց պատրաստութեան, թեմական եւ ծխական կեանքի կազմակերպման, սոցիալական, կրթադաստիարկչական, քրիստոնէական արժեհամակարգին նետուած մարտահրաւէրների, ֆինանսատնտեսական վիճակի բարելաւման եւ Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդման առաքելութեան ուղենշային փաստաթղթերի վերաբերեալ զեկոյցը:

     Կարեւորելով ուղենշային փաստաթղթերի ձեւաւորումը, ԳՀԽ-ն թելադրեց խմբագրական խորհրդին, դրանք կազմող յանձնախմբերի հետ շարունակել փաստաթղթերի լրամշակման աշխատանքները:

     Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միաւորման (ՀԵՀԵՄ) հոգեւոր պատասխանատու Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը ներկայացրեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենեակի կողմից սոյն թուականի մարտի 1-6-ը կազմակերպուած ՀԵՀԵՄ Եւրոպայի տարածաշրջանային ֆորումի արդիւնքները, որին մասնակցում էին ՀԵՀԵՄ Եւրոպայի տարածաշրջանի Հայրապետական պատուիրակութիւնների, թեմերի եւ հովուութիւնների երիտասարդներ, թեմակալ առաջնորդներ: Սրբազան Հայրը կարեւորեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենեակի եւ թեմերի երիտասարդական կառոյցների ջանքերը աշխարհասփիւռ հայ երիտասարդների համախմբման եւ առաջիկայում համահայկական ուխտագնացութեան կազմակերպման ուղղութեամբ:

    ԳՀԽ-ի անդամներին Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնների եւ առկայ մարտահրաւէրների վերաբերեալ զեկուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիւանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը: Արձանագրուեց, որ դեռեւս 2019 թուականին Եկեղեցի–պետութիւն յարաբերութիւնների կանոնակարգման նպատակով ձեւաւորուած յանձանախմբի աշխատանքները տակաւին վերականգնուած չեն եւ այս բնագաւառում լուծման կարօտ են մնացել մի շարք խնդիրներ, մասնաւորաբար կրթական, մշակութային, արարողակարգային, օրէնսդրական, հարկային, մաքսային եւ կարեւորագոյն այլ որոլորտների հետ առընչուած:

    ԳՀԽ մտահոգութեամբ անդրադարձ կատարեց ռուս-ուկրաինական հակամարտութեանը եւ Ուկրաինայի հայութեան առջեւ ծառացած մարտահրաւէրներին: Այս առնչութեամբ ժողովականներին զեկոյց ներկայացրեց Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը: Սրբազան հայրն ընդգծեց, որ Վեհափառ Հայրապետն այս օրերին մշտական կապի մէջ է Ուկրաինայի եւ Եւրոպական երկրներում Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդների հետ` տեղեկանալով տիրող իրավիճակին եւ Ուկարինայի հայ համայնքի ու Եւրոպական տարբեր երկրներում հանգրուանած հայորդիների կարիքներին: ԳՀԽ անդամներն աղօթեցին տարածաշրջանում հակամարտութեան շուտափոյթ աւարտի եւ խաղաղութեան հաստատման համար:

    ԳՀԽ ժողովին քննարկուեցին նաեւ Եկեղեցու կանոնական ու հովուական կեանքին, կարգապահական ու իրաւական հարցերին, կրթական ու սոցիալական ծրագրերին եւ Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորմանը վերաբերող հարցեր:

     Ժողովի վերջում ներկայացուեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2021 թուականի գործունէութեան տեղեկագիրը: Դրանց շրջանակում արձանագրուեց, որ անցնող տարում իրականացուել են մշակութային, հոգեւոր–քարոզչական, կրթական, սոցիալական ծրագրեր` ՀՀ Զինուած Ուժերում, քրէակատարողական հիմնարկներում, կրթական ու մշակութային հաստատութիւններում եւ համայնքներում:

    Քառօրեայ ժողովն ամփոփուեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութեան եւ գնահատանքի խօսքով:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ սկսաւ
Գերագոյն Հոգեւոր Խորհրդի ժողովը

       Մարտի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, սկսուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովն ընդլայնուած կազմով:

     Ժողովը բացուեց Տէրունական աղօթքով, որից յետոյ Գերագոյն հոգեւոր խորհրդի հոգեւորական եւ աշխարհական անդամներին իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբութիւնն առանձնակի գոհունակութեամբ ընդգծեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի մասնակցութիւնը ԳՀԽ-ին: Վեհափառ Հայրապետը նաեւ շնորհաւորեց Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրեանին Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ ընտրուելու կապակցութեամբ` մաղթելով արդիւնաւէտ առաքելութիւն:

    Ժողովի օրակարգում ընդգրկուած են ազգային, եկեղեցա-վարչական, իրաւական, կանոնական եւ Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորմանն առնչուած հարցեր: