Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2018-ի գործունէութեան ամփոփ տեղեկագիրը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2018-ի
գործունէութեան ամփոփ տեղեկագիրը

             2018 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականութեան ընդհանուր թիւը 756 էր, որոնցից 52-ը` արքեպիսկոպոս եւ եպիսկոպոս, 52-ը` ծայրագոյն վարդապետ եւ վարդապետ, 28-ը` աբեղայ, 499-ը` քահանայ, 131-ը` սարկաւագ: Անցեալ տարի ձեռնադրուել են 19 ամուսնացեալ քահանաներ եւ 35 սարկաւագներ, կատարուել է նաեւ մասնաւոր վարդապետութեան աստիճանների 4 տվչութիւն: Արտերկրում ուսանող եկեղեցականների թիւը համալրուել է երեքով:

         Մայր Աթոռի բաժիններում եւ ենթաբաժիններում աշխատել է 1142 աշխարհական եւ հոգեւորական անձ:

           Նորին Սրբութեան օրհնութեամբ 2018 թ. փետրուար ամսից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում մեկնարկել է Քահանայից վերապատրաստման երեքշաբաթեայ ծրագիրը, որին տարուայ ընթացքում մասնակցել են 161 եկեղեցականներ Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի թեմերից:

    Հոգեւոր-մշակութային ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունէութեան շրջանակներում կազմակերպուել են մի շարք գիտաժողովներ եւ ցուցահանդէսներ:

    Հոգեւոր-կրթական հաստատութիւններում` Գեւորգեան հոգեւոր ճեմարանում,  Սեւանի Վազգէնեան հոգեւոր դպրանոցում, Հառիճավանքի Թրբանճեան ընծայարանում, Քահանայից պատրաստման եռամեայ լսարանում, ընդհանուր թուով ուսանել է 160 սան:

       Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնը անցեալ տարուայ ընթացքում շարունակել է իր գործունէութիւնը նախադպրոցական, միջնակարգ, կիրակնօրեայ կրթութեան ոլորտներում: Մայր Աթոռի հովանու ներքոյ գործող «Էօռնեկէան հանրակրթական դպրոց»-ի 35 դասարաններում ուսանում է 519 աշակերտ, «Էօռնեկէան մանկապարտէզ» յաճախում է 42 երեխայ: Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում եւ Դաւթեան Օրիորդաց վարժարանում (Հնդկաստան) ուսանում է 76 աշակերտ:

         2018 թ. Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միաւորման կողմից կազմակերպուել են մի շարք միջոցառումներ, որոնց շարքում «Դէպի Հայրենիք, դէպի Սուրբ Էջմիածին» կարգախօսի ներքոյ համահայկական երիտասարդական հաւաքը, որին մասնակցել է 20 երկիր ներկայացնող շուրջ 600 եկեղեցասէր երիտասարդ:

          Անցեալ տարի Մայր Աթոռի հովանու ներքոյ գործող 7 Հայորդեաց տներ (Էջմիածին, Աշտարակ, Գիւմրի, Վանաձոր, Երեւանում` Նորք, Մալաթիայ եւ Արաբկիր) եւ Մանրանկարչութեան արուեստի կենտրոն յաճախել է շուրջ 4000 երեխայ, կազմակերպուել են բազմաբնոյթ միջոցառումներ, ցուցահանդէսներ, համոյթների մենահամերգներ, հանդիսութիւններ, մրցոյթներ եւ այլ ծրագրեր:

          ՀՀ Զինուած Ուժերի հոգեւոր առաջնորդութիւնում իրենց ծառայութիւնն են բերել 61 հոգեւորականներ, ՀՀ Քրէակատարողական 12 հիմնարկներում` 10 եկեղեցականներ:

       Հաւատացեալների հոգեւոր կարիքները բաւարարելու նպատակով Մայր Աթոռի հրատարակչական բաժնի կողմից լոյս է ընծայուել 36 անուն գիրք: Առաւել լայն լսարանի համար քարոզչութիւն է իրականացուել «Էջմիածին» ամսագրի, «Քրիստոնեայ Հայաստան» թերթի, ինչպէս նաեւ համացանցի, հեռուստառադիոյ հաղորդաշարերի եւ «Շողակաթ» ու «Լոյս» հեռուստաընկերութիւնների միջոցով:

        2018 թ.-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակել է իր առաքելութիւնը սոցիալական ծառայութիւնների ոլորտում՝ մասնաւոր ուշադրութիւն դարձնելով հասարակութեան կարիքաւոր խմբերին` փախստականներին, սիրահայերին, ազատամարտիկներին, զոհուած զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, տարէցներին, ուսանողներին եւ հիւանդներին: 

      Շուրջ 650 ընտանիքների ցուցաբերուել է դրամական եւ նիւթական օգնութիւն` 60.496.384 ՀՀ դրամի չափով, անխափան աշխատել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ հովանաւորութեան ներքոյ գործող 5 բարեգործական ճաշարանները, որտեղ սնունդ են ստանում շուրջ 900 անապահով քաղաքացիներ:

      2018 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական Ծառայութեան գրասենեակի ջանքերով բացուեց «Քիւրքչեան» երեխաների աջակցութեան կենտրոնը, որտեղ մշտական խնամք են ստանում 12 մանուկներ։

     Այսու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սոցիալական ծառայութիւնների բնագաւառում իրականացրել է ընդհանուր 360.070.173 ՀՀ դրամի (երեք հարիւր վաթսուն միլիոն եօթանասուն հազար հարիւր եօթանասուներեք) ՀՀ դրամի բարեգործական եւ սոցիալական ծրագրեր, որոնց շարքում աջակցութեան ծրագրեր  հայաստանաբնակ կարիքաւոր սիրիահայերին, երկրաշարժից տուժած ընտանիքներին, սահմանամերձ շրջանի 9 քահանաներին, մանկատներին, արեան լեյկոզով տառապող փոքրիկների,  հաշմանդամ երեխաների եւ աւտօվթարի հետեւանքով զոհուած 4 զինծառայողների ընտանիքներին:

       Անդրադառնալով թեմական կեանքին` տեղեկացուեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան կանոնական տարածքներում գործում է 33 թեմ եւ 3 Հայրապետական պատուիրակութիւն, 718 եկեղեցի ու վանք, 812 ծուխ եւ ծխական առաքելութիւն, որտեղ կան 263 կիրակնօրեայ դպրոցներ, նաեւ տիկնանց եւ երիտասարդաց միութիւններ: Թեմերում 2018 թ. իրականացուել են հոգեւոր-քարոզչական, սոցիալական, կրթամշակութային բազմաբնոյթ ծրագրեր:

         Հայ Եկեղեցու աշխարհասփիւռ թեմերում նախորդ տարում օծուել են թուով 18 եկեղեցիներ, որոնցից` 1-ը` Արարատեան Հայրապետական թեմում, 3-ը` Գուգարաց թեմում, 1-ը` Սիւնեաց թեմում, 1-ը` Արագածոտնի թեմում, 1-ը` Տաւուշի թեմում, 5-ը` Արցախի թեմում, 3-ը` Վիրահայոց թեմում, 2-ը` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմում եւ 1-ը` Ուկրաինայի Հայոց թեմում: