Նշանավոր ճեմարանականի անկյունը
Հայ մեծանուն գիտնականի էջմիածնական տարիները
«Մարդու ուղեղը աշխատող գութանի խոփի նման է, որքան աշխատանում է, այնքան պայծառանում է»:
Հրաչյա Աճառյան
Հանճարների անխամրելի աստղաբույլից է Աճառյանը, որի կատարածը մեծագույն սխրանք էր, իսկ կյանքը՝ բացառիկ հրաշք: Համառ աշխատանքի արդյունքում էր որ լեզվաբանության տեսադաշտն ընդլայնվեց և զուգադրվեց համեմատական լեզվաբանության հետ:
Հայագետ-լեզվաբան լինելուց զատ՝ նա նաև անկեղծ հուշագիր է՝ պատմական դեպքերը պատմաբանի գրչով, հետազոտողի աչալրջությամբ և կենսագրի անվրեպությամբ շարադրող:
Նա իր կյանքի ոդիսականը շարադրել է «Կյանքիս հուշերից» գրքում, որի երկրորդ մասը Հայաստան կատարած նժդեհական ուղևորության տարեգրությունն է՝ հետաքրքիր և անկեղծ մանրամասնությունների նկարագրությամբ:
Եվրոպայում ուսանողական երկար դեգերումներից հետո, որոնք թերևս նրա երիտասարդությունն էլ չէին խլել, վերադառնում է հայոց աշխարհ և օմնիբուսով շտապում Էջմիածին՝ քայլելով Տրդատա դռնից մինչև Վեհարանի դիմաց գտնվող Ղազարապատ շենքը, որը իր հետամնաց և գյուղական անկազմակերպ վիճակով, ընչազուրկ ու հաց մուրող ժողովրդով միանգամից հակադրվում է զարգացած եվրոպական ցոփընթաց ու հարուստ միջավայրին:
Պակաս տարբերվող չէր և արդեն Փարիզի լեզվաբանության անդամ դարձած հնացած շորերով, պատառոտված կոշիկներով, Տուրգենևի պատկերած աղքատ, այտուցված ու ոջլոտ հերոսների կերպարանքով ուսանողը, որը սկզբից տհաճություն է առաջացնում հյուրանոցի պետ Սիոն վարդապետի մոտ, բայց երբ վարդապետը լսում է պրոֆեսոր Ռոռբախի հետ գերմաներենով նրանց մտերմիկ զրույցը, ինքնասիրությունը շոյվում է, և նա մի կեղտոտ սենյակ է հատկացնում անպահանջ ուսանողին, որը փարիզյան օրերից արդեն իսկ համակերպվել էր ապրելու այդ կենցաղավարությանը: Բայց հաջորդ օրերից սկսում է նետվել Էջմիածնի մշակութային հնոցի մեջ և անհագուրդ հետաքրքրությամբ ուսումնասիրում Էջիածնի մատենադարանում եղած հարյուրավոր հատորներում տեղ գտած ստուգաբանությանը նվիրված հոդվածները. ասես մեղուն գտել էր բազմաբույր մի ծաղիկ և պոկ չէր գալիս կենսավետ նեկտարից. մինչև կյանքի վերջը նրա հաղորդությունը եղավ գիտության ամբրոսիան:
Արձակուրդից վերադարձած Խրիմյան կաթողիկոսի հետ հանդիպելուց հետո Աճառյանը նշանակվում է ճեմարանում որպես տաճկերենի ուսուցիչ. այդ շրջանից էլ սկսվում է նրա ծանոթությունը գիտության անխոնջ մշակների հետ (թեև արդեն ծանոթ էր օտարազգի Մեյեին ու Հյուբշմանին): Աճառյանը եղել է ճեմարանի վերջին դասախոսը տաճկերենի, քանի որ նրանից հետո մասնագետ չի ճարվել: Առաջին հայացքից նրա ուշադրությունը գրավել է վերակացու Մարտիրոս Հալնազարյանը. բարբառագետ Աճառյանի համար առիթ էր բարեկամանալու իր բարբառը իմացող մեկի հետ, որը կօգներ նրան իր ձեռնարկած գործը, որն էր Ագուլիսի բարբառի բառարանի կազմումը, ավարտին հասցնել:
Չնայած իր ջերմ ընկերական միջավայրին՝ ամեն տաճկահայի պես արհամարհված ու ատելի էր Աճառյանը. պատճառը թուրքական կառավարության դժնի քաղաքականությունն էր, որը սկիզբն էր արևմտահայոց կոտորածների: Ռուս խստահայաց կառավարությունը տաճկահայերին թույլ էր տալիս միայն դասավանդել ֆրանսերեն ու տաճկերեն առարկաները. բայց դա էլ բավական էր, որ ճեմարանական ոչ մի միջոցառման չմասնակցեին նրանք. «․․․ես ապօրինի ուսուցիչ էի», – ցավով եզրակացնում է Աճառյանը: Նրա դեմ առաջին օրերից չարությամբ էր լցված նաև ճեմարանի տեսուչ «անհրապույր ու խոժոռ» Կ. Կոստանյանցը, որը ճեմարանականների շրջանում հայտնի էր «Սուլթան Համիդ» ծաղրանվամբ.: Հակառակ այս գորշ իրականությանը՝ այլ պատկեր է Աճառյանի և մյուս դասախոսների մտերմությունը:
Նրան առաջին ողջունողը եղել է մանկավարժ Սեդրակ Մանդինյանը, որը, լինելով թիֆլիսեցի, զարմացել էր Աճառյանի՝ վրացերենի իմացության վրա: Մանդինյանի քենակալը պատմաբան Ստեփանոս Կանայանն էր, որը ճեմարանում դասավանդում էր հայ և ընդհանուր եկեղեցու պատմություն: Ընկերների մեջ տարբերվում էր «իրենից դուրս ոչ ոքի չճանաչող» Մանուկ Աբեղյանը, որը նույն արգահատելի վերաբերմունքն ուներ տաճկահայերի նկատմամբ. Աբեղյանի համար արևմտահայերից սիրելի են եղել միայն հասարակական բարքերը և խարխուլ միջավայրը երգիծող Հ. Պարոնյանը և էպոսն առաջինը գրի առնող Գ. Սրվանձտյանցը: Նրա ինքնահավան բնավորությունը սեպեց նրանց մեջ մի անջրպետ, և գիտության երկինքը մխրճված երկու հայագետների միջև այդպես էլ չեղավ ընկերային ջերմ կապ. պատճառը միջուցե գրական նախանձն էր: Աճառյանն առանձին էջեր է նվիրել իր հայրենակից և բարեկամ Կոմիտասին, որի հետ թերևս ճեմարանում աշխատելու տարիներին ամենամոտն էր. երկուսն էլ հայագիտության տաճարում սպասավորելու մեջ անգերազանցելի էին:
Աճառյանի վիճակը ճեմարանում փոխվել է, երբ վերացել է Կոստանյանցի մեկտարյա «սուլթանական իշխանությունը» և նրան փոխարինելու է եկել բարեկիրթ, Գերմանիայում կրթված Կարապետ վրդ. Տեր-Մկրտչյանը, որը ոչ միայն բարձրացրեց Աճառյանի աշխատավարձը, այլև նշանակեց «Արարատ»-ի և ճեմարանի սրբագրիչ: Էջմիածնում լինելու ժամանակ նա ականատես է լինում ռուս-թուրքական հարաբերությունների սրմանը, բարձրանում է Մասիսի սպիտակափառ գագաթը, ինչպես իրենից առաջ որպես թարգման բարձրացել էր Խ. Աբովյանը, շահի գալու կապակցությամբ անգամ մի երգ է գրում, որը Կոմիտասի ղեկավարությամբ կատարում է ճեմարանի երգչախումբը, Վեհափառի հետ կազմակերպում է Մուզաֆֆերրեդդին շահի ընդունելությունը… Մի քանի օր ևս անցկացնում է ճեմարանում, ապա չմերժելով առաջարկը՝ մեկնում է Շուշի։
Պատրաստեց Նարեկ Գասպարյանը
Գևորգյան ճեմարան Էլ. – պարբերական
Gevorkian Seminary E – Newsletter
Բ Տարի, թիվ 12 և 13
2017 թ. Մայիս Ա և Բ