Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ
տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն
Ապրիլի 22-ի երեկոյեան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ Հսկում, որով սկսուեցին Հայոց Ցեղասպանութեան նահատակների սրբադասմանն առնչուող արարողութիւնները:
Հսկման արարողութեանը մասնակցում էին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ եւ հոգեւորականներ, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի եւ սրբադասման արարողութեան առիթով Հայաստան ժամանած Քրիստոնէական Եկեղեցիների հոգեւոր պետեր ու պատուիրակութիւններ, միջեկեղեցական կազմակերպութիւնների ներկայացու-ցիչներ:
Հսկման խորհրդաւոր ծիսակարգն սկսուեց Տէրունական աղօթքով, որին յաջորդեց Գիշերային ժամերգութիւնը: Մայր Աթոռի սարկաւագաց դասի կողմից երգուեցին Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետի հեղինակած «Յիշեսցուք ի գիշերի» եւ «Առաւօտ Լուսոյ» աղօթական երգերը, քաղուեցին սաղմոսներ, Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարեանի կողմից կարդացուեցին աղօթքներ:
Հաւարտ գիշերապաշտօնի, կատարուեց նաեւ Հայոց Ցեղասպանութեան նահատակների մասունքների պահարանի` մասունքարանի օրհնութեան կարգը: Սրբոց մասունքների պահարանը սաղմոսների երգակցութեամբ լուացուեց ջրով եւ գինով, ապա օրհնուեց:
Արարողութեան վերջում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնութեան խօսքն ուղղեց ներկաներին: Վեհափառ Հայրապետը մասնաւորաբար ասաց. «Այսօր համախմբուել ենք Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում` պաշտամունք մատուցելու մեր Տիրոջը, Հսկման արարողութեան միջոցով յիշելու Հայոց Ցեղասպանութեան ընթացքին նահատակուած հայորդիներին: Մխիթարուած ենք, որ այս պահին մեզ աղօթակից են այստեղ ներկայ մեր Քոյր Եկեղեցիների պետերն ու ներկայացուցիչները, էկումենիկ կազմակերպութիւնների ղեկավարներն ու պատուիրակները:
Տիրոջ կամքով վաղը` ապրիլի 23-ին, այս սուրբ տաճարի հովանու ներքոյ հայոց առաջին քրիստոնեայ արքայի` Ս. Տրդատի անունը կրող խորանի առջեւ, պիտի կատարենք սրբադասման արարողութիւնը Ցեղասպանութեան նահատակների` հայցելով սուրբ վկաների բարեխօսութիւնը ազգային եւ հոգեւոր մեր կեանքի զօրացման ու առաջընթացի համար:
Նահատակութեան ոգին քրիստոնէական մեր կեանքի սնուցող աղբիւրն է, որ առատօրէն ոռոգել է Քրիստոսասէր ժողովուրդների հաւատքի անդաստանները: Պատմութեան ընթացքին Եկեղեցուն կենսունակութիւն է պարգեւել մարտիրոսների հեղած արիւնը: Քրիստոնեայ մեծագոյն նահատակներից Ս. Իգնատիրոս Անտիոքացի Հայրապետի խօսքով` «Ոչ կիզիչ հուրը, ոչ ջուրը չեն կարողացել մարել քրիստոնեաների սէրն առ Աստուած»: Խիզախ ու արիասիրտ քրիստոնեաների համար մեծ բարիք է այս աշխարհում Աստծոյ հետ մայր մտնելը եւ Նրա հետ յառնելը:
Հայաստան աշխարհում եւս նորածիլ քրիստոնէական կեանքը սնուցուեց Քրիստոսի Ս. Աւետարանի լոյսը տարածող մեր առաջին լուսաւորիչներ Ս. Թադէոս եւ Ս. Բարդուղիմէոս առաքեալների ու նորադարձ մարտիրոսների ու հաւատի հերոսների արեամբ: Մեր ժողովուրդը պատմութեան ողջ ընթացքում յաճախ պատարագուեց նահատակութեան խորանի վրայ` դառնալով աստուածապաշտութեան սքանչելի օրինակ: Ցեղասպանութեան տարիներին եւս մեր զաւակների կրած նահատակութեան ու չարչարանքի պատմութիւնները որքան ցաւ ու տրտմութիւն են պատճառում, նոյնքան եւ աւելի հաւատքի մէջ ամրանալու եւ խիզախելու նոր խթան դառնում ամէնքիս համար, ինչպէս պարագան էր առաջին դարերի քրիստոնեաների, որոնց համար, ըստ Պօղոս առաքեալի խօսքի. «Կեանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը`շահ» (Փիլ. Ա 21):
Նոյն հոգին մենք այսօր տեսնում ենք աշխարհի տարբեր կողմերում, մասնաւորաբար Մերձաւոր Արեւելքում, որտեղ քրիստոնեայ հաւատացեալներն իրենց կեանքով շարունակում են վկայել Քրիստոսանուէր իրենց հաւատքը: Մենք հիանում ենք այն քաջութեամբ եւ տոկունութեամբ, որ դրսեւորում են մեր քրիստոնեայ եղբայրները զրկանքների ու չարչարանքների մէջ: Նահատակութեան այս պատկերները միաժամանակ ընդգծում են անհրաժեշտութիւնը Քրիստոսի Սուրբ Եկեղեցու ջանքերի բազմապատկման` յանուն առաւել ապահով ու անվտանգ աշխարհ կերտելու, քանզի մեր Տէրը «խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան» (Ա Կորնթ. ԺԴ 33): Մեր ժողովուրդը եւ մեր Եկեղեցին, ինչպէս անցեալում, այնպէս էլ այսօր մշտապէս արտայայտել է իր նուիրուածութիւնը Քրիստոսի Սուրբ ընտանիքի`Եկեղեցու այս սրբազան առաքելութեանը:
Մեր մաղթանքն ու աղօթքն է, որ Յաղթանակած Եկեղեցուն միացած բոլոր նահատակները եւ նրանց հետ նաեւ Հայոց Ցեղասպանութեան մարտիրոս-ները բարեխօս լինեն Տիրոջ առաջ աշխարհում խաղաղութեան եւ համերաշխութեան հաստատման համար: Մենք հաւատում ենք, որ Ցեղաս-պանութեան նահատակներն այսօր եւս շարունակում են ապրել: Նրանց սխրանքը եւ ոգեշնչող ներկայութիւնը մշտապէս ուղեկից են եղել մեր ժողովրդին Ցեղասպանութեանը յաջորդած բոլոր տարիներին:
Թող Աստուած օրհնի արդարութեան եւ ազգերի միջեւ եղբայրութեան ճանապահները, որպէսզի ոչ մի ժողովուրդ այլեւս չապրի ցեղասպանութեան ողբերգութիւնը: Աղօթք եւ օրհնութիւն Ցեղասպանութեան անմեղ բոլոր զոհերի յիշատակին:
Տիրոջ սէրը եւ խաղաղութիւնը թող լինեն ամէնքիս հետ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»: