
Համբարձման տօնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեզ համար
հէնց Յիսուսի ոտնահետքն է այս աշխարհում»
Մայիսի 21-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբեց մեր Տէր Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնը: Այս տօնին յիշատակւում է նաեւ 1441 թուականին Ամենայն Հայոց Հայրապետութեան Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխաւորութեամբ Մայր Աթոռի միաբանութիւնը Պատարագի սրբազան արարողութեանը մասնակցեց Սուրբ Գայանէ վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը:
Սուրբ Պատարագի ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբն անդրադարձ կատարեց Տիրոջ համբարձման խորհրդին։
«Դժուար չէ պատկերացնել, որ այդքան ժամանակ առաքեալներին ներշնչման, հաւատի, սիրոյ եւ մարդասիրութեան բացարձակ օրինակ ծառայած երկնաւոր Վարդապետն այսպէս միանգամից, յարութիւն առնելուց յետոյ վերանում է երկինք, եւ նրանք այլեւս երբեք չեն տեսնելու Նրան, չեն ճաշելու Նրա հետ, չեն լսելու Նրա աստուածային խօսքերը։ Բայց Յիսուս շտապում է փարատել նրանց կասկածները՝ «Ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վախճանը»։
Որտե՞ղ պիտի փնտրէին ու գտնէին առաքեալները Յիսուսին։ Բոլոր այն վայրերում, որտեղ կար Յիսուսի ոտնահետքը, որտեղ Յիսուսի յիշողութիւնները պահպանւում էին առաքեալների մտքի մէջ․ Ձիթենեաց լեռան ստորոտում էր, որ Յիսուս արտասուեց, քրտնեց եւ աղօթեց մարդու փրկութեան համար, Բեթանիայում էր, որ Յիսուս յարութիւն տուեց իր բարեկամին՝ Ղազարոսին, եւ արտասուեց մարդու մահուան համար, Երուսաղէմ քաղաքում էր, որ Նա վերջին ընթրիքը հաստատեց եւ Իր մարմինն ու արիւնը բաշխեց առաքեալներին, ի վերջոյ Գողգոթայում էր, որտեղ Նա խաչ բարձրացաւ, մահացաւ եւ յարութիւն առաւ մարդու փրկութեան համար։ Այդ բոլոր վայրերը սրբացան հէնց համբարձման պահին, որովհետեւ հէնց այդ պահին, երբ Յիսուս օրհնեց իր աշակերտներին եւ նրանց ասաց նշանաւոր այդ խօսքերը, նրանք անմիջապէս մտաբերեցին, որ այլեւս Յիսուս ոչ թէ իրենց հետ երկրի վրայ քայլելու է, այլ մէկընդմիշտ փոխելու է իրենց կեանքը։ Մնացեալ բոլոր տարիներն առաքեալները ապրելու են Յիսուսի համբարձումից յետոյ, լինելու է այլեւս նրանց գործելու ժամանակը, Յիսուսի ներկայութիւնը մարդկանց կեանքի մէջ բերելու ժամանակը», – նշեց պատարագիչ Հայր Սուրբը:
Հայր Շահէն ընդգծեց, որ Համբարձման տօնը հէնց Յիսուսի ոտնահետքերի մասին յիշողութիւնն է ամէնքիս համար եւ աշակերտների նման բոլորին օրհնելով՝ նոյն բառերն ասել․ «Ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վախճանը»։
Պատարագիչ Հայր Սուրբը խօսեց նաեւ օրուայ մէկ այլ նուիրական խորհրդի մասին՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական յիշատակութեանը:
«Տասնհինգերորդ դարում տեղի ունեցած այս իրողութիւնը պատմական է ոչ թէ այն իմաստով, որ Սուրբ Աթոռը վերադարձել է իր առաջին եւ օրինական վայրը, այլ նրանով, որ պատմութեան դառն փորձութիւնների մէջ, երկար դարեր տեւած դեգերումներից յետոյ ի վերջոյ Լուսաւորչի տեսիլքը մէկընդմիշտ գտել է իր պատմական արդարացումն ու իրականացումը։ Այդ իմաստով, այսօր ամէնքիս՝ Սուրբ Էջմիածնի զաւակների, միաբանների եւ ողջ հայութեան տօնն է, որովհետեւ Սուրբ Էջմիածինը հայորդիների Սիոնն է, հոգեւոր կենտրոնը, որտեղից, ըստ մեր պատմիչների, Գրիգոր Լուսաւորիչը հոգեւոր իմաստով ծնել եւ մկրտել է հայ ժողովրդին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեզ համար հէնց Յիսուսի ոտնահետքն է այս աշխարհում։ Եթէ մենք կամենում ենք համբուրել այդ ոտնահետքը, բաւական է, որ մենք խոնարհուենք Սուրբ Էջմիածնի սրբացած քարերի առջեւ, եթէ կամենում ենք տեսնել, զգալ եւ շօշափել Յիսուսի իրական ներկայութիւնը հայոց հողի վրայ, ապա ամէնքս մեր հայեացքը պէտք է յառենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։
Ինչքան էլ, որ հայ քրիստոնէական քաղաքակրթական միտքը զարգանայ, այն երբեք չի բարձրանալու Սուրբ Էջմիածնի գմբէթից աւելին, որովհետեւ Էջմիածինը մեզ համար երկիր է երկրի վրայ եւ երկինք երկնքի մէջ», – ասաց Հայր Շահէն՝ յորդորելով ամէնքին աղօթել, որ Տէրն անսասան պահի Հայկազեան Աթոռը՝ առողջութիւն եւ երկար տարիների գահակալութիւն պարգեւելով նրա ազգընտիր գահակալին:
Քարոզից յետոյ, հանդիսապետութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգեւոր դասն աղօթք բարձրացրեց առ Աստուած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Հայրապետութեան անսասանութեան, պայծառութեան ու յաւէտ շէնացման համար: