Համբարձման տօնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ (2021)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ
նշուեցեւ Համբարձման տօնը

         Մայիսի 13-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբեց մեր Տէր Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնը: Այս տօնին յիշատակւում է նաեւ 1441 թուականին Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը:

         Տէրունական տօնի կապակցութեամբ Մայր Աթոռի միաբանութիւնը Սուրբ եւ Անմահ Պատարագին մասնակցեց Սուրբ Գայանէ վանքում։ Պատարագիչն էր Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը։

     Իր քարոզում Սրբազան Հայրն անդրադարձաւ Տէր Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի խորհրդին՝ ի մասնաւորի նշելով. «Այսօր Հայ Եկեղեցին տօնախմբում է Տիրոջ Համբարձման տօնը, Նրա վերադարձը դէպի իր երկնաւոր Հայրը։ Այսինքն՝ այն Յիսուսը, ով իր խորհախորհուրդ ծննդեամբ երկինքը բերել էր երկիր, այժմ իր հրաշալի համբարձմամբ երկիրը բարձրացնում է դէպի երկինք։ Յիսուս վերադառնում է այնտեղ, որտեղից ծնունդ էր առել, այսինքն՝ դէպի Աստուած: Աստծոյ Որդին որպէս մարդ եկաւ դէպի մեզ, որպէսզի մարդկօրէն մօտ լինի մեզ: ․․․որքան էլ Յիսուս այսօր մեզ մեր երկրային մարմնաւոր աչքերով տեսանելի չէ, մենք չենք կարող նրան շօշափել, նա մարմնաւոր իմաստով չի քայլում մեզ հետ ու մեր կողքին, այնուհանդերձ նա այնտեղ է, ուր մենք ենք՝ նրա հետեւորդներս, նա մեզ հետ է մինչեւ «ի կատարած աշխարհի»»:

       Սերովբէ եպիսկոպոսը հաստատեց, որ հաւատացեալները Յիսուս Քրիստոսին հանդիպում են նաեւ Սուրբ Պատարագի միջոցով, Սուրբ Հաղորդութեան ճաշակմամբ, եւ Եկեղեցին մեզ համար այն վերնատունն է, ուր մենք հաւաքւում ենք հանդիպելու Տիրոջն ու Փրկչին, եկեղեցում, Տիրոջ խորհախորհուրդ ներկայութեամբ երկինքն ու երկիրը հանդիպում են իրար։

      ««Երկինքն» այնտեղ է, ուր Աստուած է ապրում։ Աստուած ապրում է այնտեղ, ուր տիրում է սէր ու խաղաղութիւն, ուր կատարւում է Աստծոյ կամքը, ուր Աստծոյ շունչն է փչում»,- ընդգծեց Սրբազան Հայրը։

       Պատարագիչ Սրբազանը յիշեցրեց ներկայ հաւատաւոր ժողովրդին, որ այսօր նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական յիշատակութիւնն է՝ փաստելով, թէ ճիշտ էին արեւելեան վարդապետները, երբ որոշում կայացրեցին Հայ Եկեղեցու հոգեւոր կենտրոնը, Հայոց Կաթողիկոսութեան նստավայրը վերադարձնել դէպի իր աստուածօրհնեալ բնօրրանը՝ Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածին։

      «Սուրբ Էջմիածինը, Աստուծոյ կողմից մեզ ընծայուած այն մսուրն է, այն սրբազնասուրբ վայրն է, ուր մենք միասին ենք հաւաքւում` փնտրելու Յիսուս Քրիստոսին, լսելու Նրա աստուածային ձայնը եւ հետեւելու նրան: Եւ երբ ես ասում եմ Սուրբ Էջմիածին, ես հասկանում եմ ոչ միայն յաւէրժական Արարատի փէշերին վեր խոյացող Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, ուր իջաւ Աստծոյ Միածին Որդին՝ Յիսուս Քրիստոս, այլ աշխարհասփիւռ ողջ Հայ Եկեղեցին, որի սրբազան խորաններում Յիսուս է իջնում երկնքից ի վար՝ տեսքով նշխարի ու կարմիր գինու, որպէս կենսաբեր Մարմին ու Արիւն` «Էջ Միածին», իջաւ Միածինը: Եւ մենք բոլորս կոչուած ենք Սուրբ Էջմիածինը, Տիրոջ յաւէրժական նուէրը մեր ազգին, դարձնելու մեր հոգեւոր հայրենիքը, որը բանաստեղծի բառերով ասած` «Ծննդավայրն է մեր հոգու եւ դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամփայ մը ունի»»,- ասաց Սերովբէ եպիսկոպոսը՝ հաստատելով, որ ամէն օր Սուրբ Էջմիածինը կանչում է մեզ նաեւ այս Սուրբ Պատարագի միջոցով՝ փնտրելու, գտնելու այդ ճամբան եւ այդ ճանապարհին լսելու Տիրոջ կանչող ձայնը, ընդունելու, որ «Նա է Տէրը» եւ հետեւելու Նրան»:

     Հաւարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանի, կատարուեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգեւոր դասն ու հաւատացեալ ժողովուրդն աղօթք բարձրացրեցին առ Աստուած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Ամենայն Հայոց Հայրապետութեան անսասանութեան եւ յաւէրժ պայծառութեան համար: