ԿԱՏԱՐՈՒԵՑ Տ. ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋԵԱՆԻ ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ
Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վանաձորում նախագահեց Գուգարաց թեմի առաջնորդ լուսահոգի Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջեանի յուղարկաւորութեան արարողութիւնը։
Առաւօտեան Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ։ Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը խօսքով դիմեց հոգեւոր դասին, բարեյիշատակ Սեպուհ Սրբազանի վշտակիր հարազատներին եւ Գուգարաց թեմի հաւատացեալներին։
«Գերաշնորհ, հոգեշնորհ, արժանապատիւ հայրեր,
Սիրելի սգակիր հաւատացեալներ,
Կորստի ծանր զգացումով ու խոր վշտով սգում ենք մեր Եկեղեցու բազմավաստակ հոգեւորականի՝ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջեանի անժամանակ մահը։ Ամէնքիս համար դժուարին այս պահին Մեր սրտաբուխ աղօթքները թող ուղեկից լինեն լուսահոգի Սրբազանին դէպի երկնային յաւիտենական կեանք նրա ճանապարհին։
Սեպուհ Սրբազանին ճանաչել ենք հոգեւոր ճեմարանում նրա ուսանողական տարիներից։ Նա ծնուել է Արեւմտեան Հայաստանում, Փոքր Հայքի Մալաթիայ քաղաքում, ապա մանուկ հասակում ծնողաց հետ ներգաղթել հայրենիք եւ բնակութիւն հաստատել Գիւմրի քաղաքում։ Կեանքի ողջ ընթացքին Սրբազանի սիրտն ու հոգին անքակտելիօրէն կապուած մնացին իր ծննդավայրին՝ մեր պատմական հայրենիքին, մեր սրբութիւններին, մեր հայրերի ստեղծած հարուստ ժառանգութեանը։
Դեռեւս ուսանողական տարիներից Սրբազանն առանձնանում էր իր եռանդուն ու աշխոյժ բնաւորութեամբ, մեր ժողովրդի բարօրութեանն ու մեր Սուրբ Եկեղեցու պայծառութեանը իր ջանքերը բերելու ազնիւ ձգտումներով։ Աւարտելով հոգեւոր ուսումնառութիւնը՝ լուսահոգի Սրբազանը երջանկայիշատակ Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ ձեռնադրուեց կուսակրօն հոգեւորական։ Նա վարչական տարբեր յանձնառութիւններ ստանձնեց Մայր Աթոռում, հովուական սպասաւորութիւն իրականացրեց հայրենիքում եւ արտերկրում՝ իր կարողութիւններն ի սպաս բերելով մեր Սուրբ Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորմանը։
1997 թուականին երջանկայիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ լուսահոգի Սրբազանը ծառայութեան կոչուեց Գուգարաց թեմի Առաջնորդի պաշտօնին եւ արժանացաւ եպիսկոպոսական օծման՝ նոր ու առաւել պատասխանատու հանգամանքով շարունակելու իր ծառայութիւնը Բարձրեալն Աստծուն ու հաւատաւոր մեր ժողովրդին։ Բարեյիշատակ Սեպուհ Սրբազանը անսպառ եռանդով քարոզեց Աստծոյ Խօսքը իր հոգեւոր առաջնորդութեանը վստահուած հաւատաւոր հայորդիներին, Բարձրեալի եւ մեր հայրերի հանդէպ պատասխանատուութեան բարձր զգացումով կարելին ի սպաս դրեց՝ վերարթնացնելու հոգեւոր կեանքը Տիրախնամ Թեմում։ Շուրջ քառորդ դար նուիրեալ ծառայութեամբ Սրբազանը նախաձեռնեց ու քաջալերեց Թեմի տասնեակ վանքերի ու եկեղեցիների նորոգութեան ու վերակառուցման աշխատանքները։ Նա եղաւ մէկը այն երջանիկ առաջնորդներից, ում պաշտօնավարութեան շրջանում խորհրդային տարիների փլուզումից յետոյ Լոռուայ աշխարհում Աստծոյ օրհնութեամբ վերստին ղօղանջեցին զանգերը մեր վանական համալիրների, բացուեցին դռները փակուած եկեղեցիների, շարունակուեց շարականն ու աղօթքը հայ հոգեւորականի մեր բոլոր սրբավայրերում։
Հոգելոյս Սրբազանը ձեռնամուխ եղաւ նաեւ սոցիալական ու բարեսիրական ծրագրերի իրականացմանը։ Նրա նախաձեռնութեամբ Թեմի հովանու ներքոյ հիմնուեց «Ծիծեռնակ» ճամբարը, որի հարկի ներքոյ տարիներ շարունակ ամառային իրենց հանգիստը անցկացրեցին բազմաթիւ հայորդիներ կարիքաւոր ընտանիքներից։ Գիտենք, թէ ինչպիսի ուշադրութիւն ու սէր էր տածում նա մանկական այդ ճամբարի հանդէպ եւ հետեւողականօրէն հոգ տանում, որ հաստատութեան հարկի ներքոյ հանգրուանած մանուկների ու պատանիների համար ճամբարային օրերը յագեցած լինեն կրթական ու դաստիարակչական միջոցառումներով։
Վերջին տարիներին Սրբազանի նախանձախնդրութեամբ ի կատար ածուեց «Ձեռք մեկնիր եղբօրդ» բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում իր անձնական հեղինակութեան ու յարաբերութիւնների շնորհիւ կարողացաւ բնակարաններ ապահովել տասնեակ ընտանիքների համար՝ իբրեւ աջակցութիւն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուց։
Լուսահոգի Սրբազանը իր կարողութիւններն ու փորձառութիւնը ծառայեցրեց նաեւ Սուրբ Էջմիածնի շինութեանն ու պայծառութեանը՝ յանձնառութիւններ ստանձնելով Մայր Աթոռի տարբեր յանձնախմբերում եւ անդամակցելով Գերագոյն Հոգեւոր Խորհրդին։ Նրա վաստակը մեր Եկեղեցու անդաստանում Մենք գնահատել ենք շնորհելով հոգելոյս Սրբազանին Արքութեան պատիւ։
Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջեանի վախճանումով մեր Եկեղեցին կորցրեց իր նուիրեալ ու քաջակորով սպասաւորին: Սրբազանի մահուան կապակցութեամբ այս օրերին Մենք ցաւակցութիւններ ենք ստացել մեր Նուիրապետական Աթոռների գահակալներից՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսից, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանից, թեմակալ առաջնորդներից, մեր բազմաթիւ հաւատացեալ հայորդիներից։
Ի խորոց սրտի Մեր աղօթքն է, որ Բազումողորմ Տէրը ամենառատ Իր ողորմութեամբ գթա հաւատարիմ Իր ծառային՝ նորոգ հանգուցեալ Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջեանին եւ երկնային երանական հանգրուաններում խաղաղութեան մէջ ընդունի նրա լոյս հոգին` արժանացնելով փառաց անթառամ պսակին: Ամէնքիս սգակիր սրտերին մխիթարութիւն թող լինեն սիրելի Սեպուհ Սրբազանի աստուածասէր կեանքի բարի յիշողութիւնները եւ կենարար պատգամը Յիսուս Քրիստոսի. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով Իմ խօսքը լսում է ու հաւատում է Նրան, ով Ինձ առաքեց, ընդունում է յաւիտենական կեանքը» (Յովհ. 5.24):
Հայցում ենք, որ բարեգութն Աստուած Սուրբ Հոգու մխիթարութեամբ սփոփի հոգելոյս Սրբազանի ընտանիքի անդամների՝ եղբայրների, քոյրերի, հարազատների եւ համայն վշտացելոց սրտերը:
Սրբազանի լոյս յիշատակը մշտապէս պիտի ապրի Մեր, հոգեւորականաց, մեր Սուրբ Եկեղեցու հաւատացելոց հոգիներում ու սրտերում։
Յիշեսցէ Տէր զհոգի ծառային իւրոյ և հանգուսցէ զնա ի լոյս երեսաց աստուածութեան իւրոյ. ամէն», – ասաց Վեհափառ Հայրապետը։
Ս. Պատարագի աւարտին հանգուցեալ Սեպուհ Սրբազանի աճիւնը սգոյ թափօրով փոխադրուեց թեմի Առաջնորդարանի բակ, ուր, լուսահոգի Սրբազանի ցանկութեան համաձայն, ամփոփուեց Շուշիի յաղթանակին նուիրուած խաչքարի հարեւանութեամբ:
Ի Տէր ննջեց
Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջեանը
Խորը ցաւով յայտնում ենք, որ նոյեմբերի 19-ի առաւօտեան կ’որոնաւիրուսի պատճառով վախճանուել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններից Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջեանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը խորապէս սգում են լուսահոգի Սեպուհ Սրբազանի անժամանակ մահը:
Սրբազան Հօր վախճանը մեծ կորուստ է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Գուգարաց թեմի եւ նրա հաւատաւոր զաւակների համար:
Սրբազան Հօր յուղարկաւորութեան հետ առնչուած անհրաժեշտ տեղեկութիւնները կը հաղորդուեն առաջիկային:
Յիշատակն արդարոյն օրհնութէամբ եղիցի:
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
Տ. ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋԵԱՆ
Ծնուել է 1959 թ. մարտի 24-ին Թուրքիայի Մալաթիայ քաղաքում: Նախնական կրթութիւնը ստացել է Կ. Պոլսի Ներսիսեան վարժարանում:
1969 թ. ընտանիքով հայրենադարձուել է Հայաստան եւ բնակութիւն հաստատել Գիւմրի քաղաքում, որտեղ շարունակել եւ աւարտել է միջնակարգ կրթութիւնը:
1978 թ. ընդունուել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգեւոր ճեմարան:
1979 թ. զօրակոչուել է խորհրդային բանակ եւ զօրացրուելուց յետոյ ուսումը շարունակել Հոգեւոր ճեմարանում:
1985 թ. դեկտեմբերին սարկաւագ է ձեռնադրուել՝ ձեռամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Յուսիկ արքեպիսկոպոս Սանթուրեանի:
1986 թ. մարտին պաշտպանել է աւարտաճառ՝ «Ղուկաս Խարբերդցու թարգմանչական գործունէութիւնը» թեմայով: Հոգեւոր ճեմարանն աւարտելուց յետոյ, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Վազգէն Ա․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ ծառայութեան է անցել Վեհարանում` որպէս ընդունարանի քարտուղար:
1987 թ. յունիսի 7-ին` Հոգեգալստեան տօնին, ձեռամբ Տ. Ներսէս արքեպիսկոպոս Պոզապալեանի, ձեռնադրուել է կուսակրօն քահանայ՝ շարունակելով ծառայութիւնը Վեհարանում:
1987 թ. սեպտեմբերին Վազգէն Ա․ Վեհափառ Հայրապետի կարգադրութեամբ նշանակուել է Հոգեւոր ճեմարանի վերակացու եւ ապա փոխտեսուչ:
1989 թ. նոյեմբերին պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Պահքը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցում» թեմայով:
1990 թ. Վազգէն Ա․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակուել է Շուեյցարիայի Ժնեւ քաղաքի հայ համայնքի հոգեւոր հովիւ:
1991 թ. հրաւիրուել է Մայր Աթոռ եւ նշանակուել Շիրակի թեմի փոխառաջնորդ:
1995 թ. յունիսից Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Ա․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ հրաւիրուել է Մայր Աթոռ եւ զբաղեցրել Մայր Աթոռի պահեստային տնտեսութեան գոյքագրման յանձնաժողովի նախագահի եւ տնտեսական ու շինարարական գործերով կաթողիկոսի խորհրդականի պաշտօնը:
1996 թ. ընդգրկուել է Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան մարդասիրական օգնութեան կենտրոնական յանձնաժողովում որպէս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ:
1996 թ. նշանակուել է ՀՀ եւ Հայոց Եկեղեցու յարաբերութիւնների խմբում` պետութեան կողմից Մայր Աթոռին կալուածքների վերադարձման յանձնախմբի նախագահ:
1996 թ. յունիսի 3-ին Գարեգին Ա․ Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով նշանակուել է Գուգարաց թեմի առաջնորդ:
1997 թ. յունիսի 15-ին` ձեռամբ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրուել եւ օծուել է եպիսկոպոս:
2000 թ. մարտի 24-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակուել է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրութեան յանձնախմբի անդամ:
2000 թ. նոյեմբերին նշանակուել է Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամ:
2000 թ. նշանակուել է 1700-ամեակի տօնակատարութիւնների գործադիր վարչութեան անդամ:
2012 թ. մայիսի 17-ին Գարեգին Բ․ Հայրապետի սրբատառ կոնդակով Սեպուհ Սրբազանին շնորհուել է «Արքութեան» պատիւ քահանայագործութեան 25-ամեակի եւ առաջնորդութեան 15-ամեակի առթիւ:
Սրբազան Հայրը հոգեւոր սպասաւորութեան ընթացքում արժանացել է բազում կոչումների եւ պարգեւների։