ՄԱՀԱԶԴ
Ի Տէր Հանգեաւ
Տ. Նարեկ Եպիսկոպոս Շաքարեանը
Ցաւով կը տեղեկացնենք, որ Օգոստոսի 20-ին, Գիւմրիի մէջ, կեանքի 85-րդ հասակին, երկարատեւ ծանր հիւանդութեան վախճանած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագոյն միաբաններէն Գերաշնորհ Տ. Նարեկ Եպիսկոպոս Շաքարեանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մայր Աթոռի միաբանութիւնը խորապէս կը սգան բազմավաստակ Նարեկ Սրբազանի մահը:
Հանգուցեալ Սրբազան Հօր աճիւնը Օգոստոսի 22-ին կը դրուի Գիւմրիի Յոթվէրք Ս. Աստուածածին Առաջնորդանիստ Եկեղեցւոյ մէջ վերջին հրաժեշտի համար, ուր ժամը 18:00-ին կը կատարուի Եկեղեցական Կարգ: Օգոստոսի 23-ին` ժամը 9:00-ին, յընթացս Ս. Պատարագի կը կատարուի Նարեկ Սրբազանի վերջին օծումը, ապա յուղարկաւորութեան արարողութիւնը Մայր Աթոռի միաբանական գերեզմանատան մէջ:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆԸ
Նարեկ եպիսկոպոս Շաքարեանը (աւազանի անունը՝ Արշավիր) ծնուել է 1932 թ., Դամասկոսում։ Սկզբնական կրթութիւնը ստացել է տեղի Սահակեան վարժարանում։
1946 թ. ընտանիքով ներգաղթել է հայրենիք եւ հաստատվել Լենինականում։
1956-57թթ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։
1958 թ. ընդունուել է Ս. Էջմիածնի հոգեւոր ճեմարան։
1960 թ. ձեռնադրուել է սարկաւագ՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամեանի։
1961 թ. աւարտել է հոգեւոր ճեմարանը` որպէս ավարտաճառ ներկայացնելով «Գեւորգ Զ Կաթողիկոսի կեանքն ու գործունէութիւնը» ուսումնասիրութիւնը։
1961-62 թթ. աստուածաբանության եւ Եկեղեցու պատմութեան վերաբերեալ դասախօսութիւններ է ունկնդրել եւ վկայագիր է ստացել Զագորսկի հոգեւոր ակադեմիայում (Մոսկվա)։
1962 թ. օգօստոսի 25-ին ձեռամբ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամեանի ձեռնադրուել է կուսակրօն քահանայ և վերանվանուել Նարեկ աբեղայ։ Մայր Աթոռում վարել է մի շարք պատասխանատու պաշտօններ։
1963 թ., պաշտպանելով «Հայ եկեղեցական իրաւունքը մինչեւ Ը դարը» թէզը, ստացել է մասնաւոր վարդապետութեան աստիճան։
1968 թ. Ազգային-եկեղեցական ժողովում ընտրվել է Մայր Աթոռի վերստուգիչ յանձնաժողովի անդամ եւ այդ պարտականութիւնը վարել է մինչեւ 1990 թ. վերջը։
1967-1972 թթ. եղել է Ս. Գեղարդի վանքի վանահայր։
1971 թ. դեկտեմբերի 1-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով նշանակուել է Շիրակի թեմի առաջնորդական տեղապահ, իսկ 1973 թ. յոկտեմբերին՝ Շիրակի թեմի առաջնորդ` միաժամանակ վարելով Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի պաշտոնը։
1973 թ.-ի սեպտեմբերի 30-ին, ձեռամբ երջանկահիշատակ Վազգէն Ա Կաթողիկոսի ձեռնադրուել է եպիսկոպոս` մինչեւ 1990 թ. շարունակելով պաշտոնավարել իբրեւ Շիրակի թեմի առաջնորդ։
1988-90 թթ-ին յետերկրաշարժեան աղետի ծանր օրերին ղեկաւարել է թեմի քաղաքների եւ գյուղերի վերականգնողական անյետաձգելի աշխատանքները, մասնակցելով նաեւ կարեւոր վերաշինութիւններին։
1991-2003 թթ-ին ծառայել է Ֆրանսիայում` Փարիզում եւ արուարձաններում, ապա մինչեւ 2008 թ. վարել է Նիսի եւ շրջակայքի հոգեւոր տեսչութիւնը։
Յանգստեան կոչուելով` Նարեկ Սրբազանը, վերադառնալով հայրենիք, վերջին տարիներին իր օգտակար ծառայութիւնն էր բերում Շիրակի թեմում: