Աւարտեցաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Այցը Արցախ (Յունիս 2021)

Աւարտեցաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
Հայրապետական Այցը Արցախ

       Հունիսի 6-ին՝ Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս առիթով եկեղեցում հավատացելոց խոնարհումի և օրհնության համար դրվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքները, որպեսզի զորանան հավատքով ու լավատեսությամբ իրենց նոր կյանքը կերտելու ճանապարհին։

       Տաճարի առջև Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորեց եկեղեցականների թափորը։ «Հրաշափառի» երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը, օրհնելով ներկա բարեպաշտ ժողովրդին, առաջնորդվեց դեպի խորան, ուր երկրպագությունից հետո սկսվեց Պատարագի սրբազան արարողությունը։

     Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էր պետական ավագանին՝ գլխավորությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի վաստակյալ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի պատվիրակությունը, թեմի եկեղեցականներ, զինծառայողներ և հավատավոր բազում արցախցիներ։

     Պատարագի արարողության ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն Արցախի խաղաղության և անվտանգության, հավատավոր ժողովրդի՝ ապահով և բարօր կյանքի համար։ Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Արցախ ողջունեց թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը՝ ընդգծելով, որ պատմական օրեր է ապրում Արցախը, քանզի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արարատյան շաբաթն ու Սուրբ Էջմիածնի տոնն անցկացնում է Սյունիքի և Արցախի իր զավակների հետ։ Սրբազանը նկատեց, որ առկա դժվարին պայմաններում Հայոց Հայրապետի այցը մեծ մխիթարություն էր և քաջալերանք արցախցիների համար։

     Սրբազանի ողջույնի խոսքից հետո ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ․ Վեհափառ Հայրապետը։ «Տիրոջ ողորմածությամբ համախմբվել ենք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում մեր միասնական աղոթքը վերառաքելու առ Աստված, որ Տերը մեզ ուժն ու զորությունը տա հաղթահարելու պատերազմի արհավիրքները, վեր ելնելու վշտերի ու տառապանքների ծանր շրջանից և վիրավոր մեր կյանքը նորոգելու տերունական օգնությամբ։ Համախմբվել ենք աղոթելու Հայաստան և Արցախ մեր աշխարհի խաղաղ ու ապահով կյանքի, հայրենի մեր պետությանց զորացման ու բարօրության համար, ռազմի դաշտում անմահացած մեր հերոսների, խաղաղ բնակչության շրջանում մեր ունեցած զոհերի, պատերազմի ընթացքում վիրավորվածների, անհայտ կորածների, գերեվարված մեր զավակների համար», – նշեց Նորին Սրբությունը։

    Վեհափառն անդրադարձավ նաև օրվա խորհրդին՝ Սուրբ Էջմիածնի տոնին, Աստծո Միածին Որդու էջքով Մայր Տաճարի հիմնմանը՝ ընդգծելով․«Այս լուսեղեն իրողությունը վկայությունն է մեր ազգին տրված հարության շնորհի, Տիրոջ օգնությամբ մեզ պատուհասած փորձությունների հաղթահարման։ Դարերի մեջ մենք շատ ծանր ու դաժան ժամանակներ ենք ապրել, ավեր ու կոտորած, ցեղասպանություն տեսել, բայց միշտ առ Աստված ապավինությամբ հառնել ենք բարօր ապագա կերտելու ամուր կամքով և հույսով։ Այսօր էլ մենք նույն հավատն ունենք, որ խաչյալ և հարուցյալ մեր Փրկչի շնորհով պիտի զորանանք և հաղթահարենք պատերազմի ծանր հարվածները՝ վեր ելնելով մեզ պատած նեղություններից դեպի մեր կյանքի նոր արևաշող հորիզոններ»:

     Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև Արցախին պատուհասած դժվարություններին և վերազարթոնքի անհրաժեշտությանը։ «Սիրելիներ, Արցախը հայրենի մեր բնօրրանի սրբազան մասն է, քրիստոնյա մեր ժողովրդի հարստությունը՝ իր պատմությամբ ու սրբություններով։ Արցախի սիրով եք դուք ամուր և կանգուն ձեր հարազատ հողին, այդ ոգով եք վճռական՝ այստեղ ձեր կյանքը շարունակելու և նոր իրագործումներով բարեզարդելու։ Դուք հիանալի օրինակն եք տվել այս նվիրական երկրում արիասիրտ սխրանքների ու աստվածահաճո արարումների։ Դուք խիզախորեն պաշտպանել եք ձեր երկիր հայրենին, նորոգել ու պայծառացրել եք ձեր քաղաքներն ու շեները, ձեր այգեստանները, ձեր սրբավայրերը, նոր աղոթավայրեր կառուցել, որի լուսաշող վկայություններից մեկն է Սուրբ Աստվածածին հոյակերտ այս եկեղեցին։ Մեր նախնյաց փորձառությունը և ոգին հավաստում են, որ մեզ պատուհասած ավերներն ու պատերազմի արհավիրքները և ոչ մի նեղություն չեն կարողանալու մեզ ընկճել և սասանել հայրենիքում անկախ ապրելու մեր հաստատակամությունը։ Հայի ոգին չի ընկրկում դժվարությունների առջև, չի կոտրվում ցավից ու վշտից։ Մենք ահասարսուռ պատուհասների հաղթահարումի ու մեր ազգի հարության փորձառությունն ունենք, որը մեզ ուժ է տալու այս նոր ժամանակներում ևս ելնել նոր արարումների, հավատալ մեր ապագային, հավատալ մեր հայրենիքի ու կյանքի զարթոնքին։ 

    Սիրելիներ, վեր հառնելու ճանապարհին, պահելով հավատն առ Աստված և սերն առ հայրենին, մենք առավել պիտի զորանանք, առավել պիտի զորանա մեր կամքը ապրելու և արարելու նոր եռանդով ու ձեռքբերումներով։ Մեր վերելքներով ու հաջողություններով է նաև, որ արժևորելու ենք մեր նահատակների անձնազոհության ու հայրենանվիրումի մեծագույն սխրանքը։ Պատերազմի ընթացքում մենք կորցրեցինք հարազատ երկրի զգալի մասը։ Սակայն գիտենք՝ ձեր ոգին աննկուն է, և հույսը անջնջելի, որ հակառակ ամեն խոչընդոտի վերականգնելու և շենացնելու եք Արցախը: Արցախը մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության և ազատ ու անկախ ապրելու վճռականության խորհրդանիշն է։ Մեր պատմական հայրենիքի այն նշխարը, որի վրա շարունակում ենք ապրել, պիտի հզորացնենք և դարձնենք անվտանգ ու բարգավաճող, ամուր պետականությամբ, համազգային միաբանությամբ, համընդհանուր ջանքերով», – ասաց Նորին Սրբությունը՝ պատգամելով հույսով ամուր մնալ, հավատով՝ անսասան, աննկուն լինել նեղությունների հանդիման։ Վեհափառը հորդորեց չվհատվել ընդդեմ դժվարությունների, այլ միաբան լինել մարտահրավերների դիմագրավման և միասնական՝ փորձությունների հաղթահարման մեջ։ «Այս ծանր փորձությունից պետք է հետևություն անենք՝ սխալներ թույլ չտալու, մեր ազգային միաբանությունը չտկարացնելու, գործելու ազգի ու հայրենիքի գերագույն շահով, մեծագույն պատասխանատվությամբ», – ընդգծեց Հայոց Հովվապետը՝ հայրական իր սերն ու օրհնությունները բերելով ամենքին և վստահեցնելով, որ համայն հայ ժողովուրդը, Սուրբ Եկեղեցին իր թեմերով ու կառույցներով արցախցիների հետ է Արցախի խաղաղ ու ազատ կյանքը հաստատելու և կորուստները վերականգնելու իրենց ջանքերում։

     Հայոց Հայրապետը հայցեց Տիրոջ զորակցությունն ու օգնականությունը Արցախի ժողովրդին և պետական այրերին պատերազմի հետևանքների հաղթահարման, Արցախի կյանքի բնականոն ընթացքը վերահաստատելու կարևոր գործում։ Նորին Սրբությունը իր օրհնությունը բերեց Պաշտպանության բանակի սպաներին ու զինվորներին, որ անձնվիրումով կանգնած են հայրենյաց պաշտպանության դիրքերում՝ ընդգծելով նաև, որ Արցախի յուրաքանչյուր զավակ հայրենյաց մարտիկ է և Արցախում իր կեցությամբ է պահում հայրենի երկիրը։ Հայրապետն իր բարձր գնահատանքը բերեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը, ազգային-եկեղեցական անդաստանում շարունակական նպաստ բերող և պատերազմական դժվարին պայմաններում էլ Արցախին աջակցած բարերար բոլոր զավակներին, աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին։

    Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց Արցախի թեմի երկարամյա առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Արցախի թեմի ներկայիս առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հոգևոր դասին՝ Արցախի թեմը շենացնելու, հայորդյաց հավատքն ամրապնդելու, նաև պատերազմական ծանր շրջանում հավատավոր իրենց զավակների հետ լինելու, նրանց քաջալերելու և մխիթարելու գովարժան ծառայության համար։

   Արցախի սրտից Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքն ու շնորհակալությունն ուղղեց Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խաղաղության հաստատման ջանքերի համար, որով կանխվեցին մարդկային նոր կորուստները և հայկական բնակավայրերի ավերումները Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմում: Նորին Սրբությունը նաև իր եղբայրական սերն ու շնորհակալությունը հայտնեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին խաղաղության հաստատման, ի մասնավորի Դադիվանքի հոգևոր կյանքի անխաթար ապահովման գործում իր բերած ջանքերի համար։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով անդրադարձավ նաև Արցախում ռուս խաղաղապահների՝ անվտանգության ու իրավիճակի կայունության ապահովման գործում կարևոր առաքելությանը։

     Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց արցախյան պատերազմում զոհված զինվորների համար՝ վերստին մխիթարություն հայցելով Տիրոջից  զոհվածների հարազատներին, ամենքի սրտերին ու հոգիներին։ և շուտափույթ վերադարձ մաղթելով գերիներին և անհայտ կորածներին։ 

       Իր պատգամի վերջում Նորին Վեհափառությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքներով օրհնելով Արցախի հավատավոր ժողովրդին, հայցեց, որ Փրկիչ Տերը ամենազոր Իր Սուրբ Խաչի հովանու ներքո անսասան խաղաղության մեջ պահի Արցախի Հանրապետությունը և Աստծո ողորմությամբ զորանա արցախահայությունը՝ կերտելով ստեղծագործ ու զարգացող կյանքի նորանոր հաջողություններ: