Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Անտիոքի ու Համայն
Արեւելքի Պատրիարքն Ծիծեռնակաբերդ այցելեցին
Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ն.Ս. Մօր Իգնատիուս Եփրեմ Բ Անտիոքի եւ Համայն Արեւելքի Պատրիարքը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների եւ Ասորի Եկեղեցու պատուիրակութեան ուղեկցութեամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի յուշահամալիր` յարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:
Ծաղկեպսակների զետեղումից յետոյ յուշահամալիրում` անմար կրակի մօտ, նախագահութեամբ Հայաստանեայց Առաքելական եւ Ասորի Ուղղափառ Եկեղեցիների հովուապետերի, կատարուեց հոգեհանգստեան արարողութիւն բիւրաւոր հայ եւ ասորի նահատակների լոյս հոգիների հանգստութեան համար:
Հայոց Ցեղասպանութեան ինստիտուտ-թանգարանի տնօրէն Հայկ Դէմոյեանի ուղեկցութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Անտիոքի եւ Համայն Արեւելքի Պատրիարքը ծանօթացան նաեւ Հայոց Ցեղասպանութեան ինստիտուտ-թանգարանի սրահներում կազմակերպուած ժամանակաւոր ցուցադրութեանը: