Ամենայն Հայոց Կաթողիկոսի Շնորհաւորական Ուղերձը

armenian3

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՒ ԴՊՐՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՅ ԱՌԻԹՈՎ

           Գիտելիքի, գրի եւ դպրութեան օրուայ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ու բարեմաղթանքներն ենք բերում կրթութեան ոլորտի բոլոր պատասխանատուներին, մանկավարժներին ու դասախօսներին, աշակերտներին եւ ուսանողներին:

      Այսօր վերստին բացւում են դռները հայրենի ուսումնական հաստատութիւնների, բացւում են դռները հայ գրի եւ դպրութեան ազգային դարբնոցների:

      Մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում առանձնայատուկ կարեւորութիւն է ընծայել գիտելիքին ու դպրութեանը՝ Աստուածապարգեւ հայոց այբուբենի իւրաքանչիւր տառը դիտարկելով հայոց ինքնութեան պահպանութեան կոչուած զինուոր եւ դպրոցը՝ որպէս ազգի յարատեւման անխորտակելի ամրոց:

      Կրթութեան ոլորտի սիրելի մշակներ, երախտարժան առաքելութիւն էք դուք իրականացնում մեր երկրի կեանքում՝ գիտելիքի հանդէպ ձեր հոգու սէրն ու նուիրումը փոխանցելով ձեր սաներին ամուր եւ անհոգնաբեկ ջանքերով ծաղկուն պահելով մեր կրթօջախները: Այս նուիրական օրը ուժ եւ եռանդ ենք մաղթում ձեզ`սահակ-մեսրոպեան ոգով եւ ներշնչումով շարունակելու բարի ներդրում բերել կրթութեան եւ դաստիարակութեան ասպարէզում:  

       Սիրելի աշակերտներ եւ ուսանողներ, մեր ժողովուրդը մեծ սպասումներ ունի ձեզանից: Մեր յորդորն ենք բերում ձեզ, որ քաջեռանդ ու հետեւողական լինէք ուսման մէջ՝ ձեր միտքն ու հոգին բացելով իմացութեան լոյսի առջեւ, որպէսզի հասակ առնէք իբրեւ հաւատաւոր, լուսաւոր անձեր` զօրաւոր` ձեր հոգով, ամուր` ձեր գիտելիքներով եւ նախանձախնդիր` հայոց աշխարհի ապահով ու երջանիկ յարագնայ ընթացքի կերտման սրբազան առաքելութեան մէջ:

     «Տէրն է տալիս իմաստութիւնը, եւ Նրանից են բխում գիտութիւնն ու հանճարը» (Առակ. Բ 6), – ասում է Սուրբ Գիրքը: Աղօթում ենք, որ Բարին Աստուած առատապէս օրհնի ու շնորհազարդի ձեզ՝ ընթանալու աստուածահաճոյ ճանապարհներով եւ ձեզ փոխանցուած գիտելիքը ծառայեցնելու ի բարին:

       Թող Բարձրեալի հովանու ներքոյ նոր ուսումնական տարին արգասաւորուի նորանոր ձեռքբերումներով ի պայծառութիւն մեր հայրենիքի եւ ի զօրացումն հայոց կեանքի:

armenian3