Գերմանիոյ Դաշնային Հանրապետութեան կանցլեր Մերկելը այցելեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

       Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցաւ Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլեր Անգելայ Մերկելի հետ:

    Ողջունելով բարձրաստիճան հիւրին՝ Նորին Սրբութիւնն ընդգծեց, որ Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան նոր խթան կը հանդիսանայ երկու երկրների գործակցային յարաբերութիւնների զարգացման եւ արդիւնաւորման համար:

    Վեհափառ Հայրապետն անդրադարձաւ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրաւէրներին եւ քաղաքական կեանքում տեղ գտած փոփոխութիւններին` նշելով, որ իբրեւ Քրիստոսին հաւատացող ժողովուրդ մեր ժողովուրդն յոյսով ու լաւատեսութեամբ ջանքեր է ներդնում կերտելու իր խաղաղ, ապահով եւ բարօր կեանքը, պատրաստակամ` յաղթահարելու բոլոր դժուարութիւնները: Հայոց Հայրապետը հաստատեց, որ Հայոց Եկեղեցին եւս, պիտի շարունակի ըստ ամենայնի ջանքեր գործադրել այս ուղղութեամբ` դրանում զօրակից լինելով նաեւ ՀՀ իշխանութիւններին:

     Գարեգին Բ Կաթողիկոսն իր երախտագիտութիւնը յայտնեց Գերմանիայի ժողովրդին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման համար՝ հաստատելով, որ միմիայն այդ ճանապարհով է հնարաւոր բացառել աշխարհում այդօրինակ նոր ոճիրները:

      Տիկին Անգելայ Մերկելն իր հերթին ուրախութիւն արտայայտեց Մայր Աթոռ` հայ ժողովրդի հոգեւոր կենտրոն այցի հնարաւորութեան համար` լինելով Սուրբ Էջմիածին եւ Հայաստան այցելող Գերմանիայի առաջին կանցլերը։

    Կանցլեր Անգելայ Մերկելը Նորին Սրբութեանը ներկայացրեց այցից եւ հանդիպումներից ստացած իր տպաւորութիւնները: Նա գոհունակութեամբ փաստեց, որ իր այցը համընկաւ Հայաստանում տեղ գտած փոփոխութիւններին` հաստատելով, որ Գերմանիան ցանկանում է այդ ճանապարհին բարեկամ ու գործընկեր լինել եւ վերահաստատում է պատրաստակամութիւնը ընդլայնելու գործակցութիւնը տարբեր ոլորտներում:

    Զրոյցի ընթացքում քննարկուած մի շարք թեմաների մէջ առանձնացուեց Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու եւ Գերմանիայի Կաթոլիկ եւ Աւետարանական Եկեղեցիների հետ գործակցութիւնը: Վեհափառ Հայրապետն ի դէմս կանցլեր Անգելայ Մերկելի նաեւ իր շնորհակալութիւնը յայտնեց Գերմանիայի իշխանութիւններին հայկական համայնքի հանդէպ դրսեւորուող հոգատար վերաբերմունքի համար:

    Հանդիպմանը մտքեր փոխանակուեցին նաեւ ղարաբաղեան հակամարտութեան ներկայ վիճակի առնչութեամբ: Վեհափառ Հայրապետն իր մտահոգութիւնն արտայայտեց Ադրբեջանի ղեկավարութեան կողմից չդադարող ռազմատենչ յայտարարութիւնների կապակցութեամբ, ինչը մեծապէս վտանգում է հակամարտութեան խաղաղ կարգաւորման հեռանկարները: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անթոյլատրելի նկատեց Ադրբեջանի կողմից հայութեան հանդէպ ատելութեան եւ թշնամանքի հրահրումը։ Վեհափառ Հայրապետը Գերմանիայի կանցլերին նուիրեց ներկայիս Ադրբեջանի տարածքում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր արժէքների հետեւողական ոչնչացման մասին պատմող մի գիրք։

     Տեղեկացնելով ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ի նպաստ կազմակերպուող երկու երկրների հոգեւոր առաջնորդների հանդիպումների արդիւնքների մասին` Նորին Սրբութիւնը յոյս յայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրութեան ջանքերով ղարաբաղեան հիմնախնդիրը կը գտնի իր խաղաղ կարգաւորումը:

   Հանդիպմանը նաեւ մտահոգութիւն արտայայտուեց Թուրքիայում քրիստոնէական փոքրամասնութիւնների իրաւունքների սահմանափակման վերաբերեալ:

   Գերմանիայի կանցլերը, կիսելով ներկայացուած մտահոգութիւնները, հաստատեց, որ Գերմանիայի կողմից եւս ջանքեր կը գործադրուեն նպաստելու համար արծարծուած խնդիրների յանգուցալուծմանը: Տիկին Անգելայ Մերկելը հանդիպման ընթացքում նաեւ իր շնորհակալութիւնը յայտնեց Սիրիայից փախստականներ ընդունելու եւ նրանց աջակցելու համար:

    Զրոյցին ներկայ էին ՀՀ Արտաքին գործերի նախախար Զոհրաբ Մնացականեանը, Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբէ վարդապետ Իսախանեանը եւ երկու երկրների դեսպանները: