Եկեղեցական-Ներկայացուցչական 6-րդ Ժողովն Աւարտեց Իր Աշխատանքը

Եկեղեցական-Ներկայացուցչական 6-րդ Ժողովն
Աւարտեց Իր Աշխատանքը

Յունիսի 6-8-ը, բարձր նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարուեց Եկեղեցական ներկա-յացուցչական 6-րդ ժողովը: Այս առիթով Սուրբ Էջմիածնում էին համախմբուել Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռում եւ Նուիրապետական Աթոռներում պաշտօնավարող արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ, Հայաստանի եւ Սփիւռքի թեմերի առաջնորդներ եւ Հայրապետական պատուիրակներ, առաջնորդական տեղապահներ, Նուիրապետական Աթոռների, Հայրապետական պատուիրակութիւնների ու աշխարհասփիւռ թեմերի  հոգեւորական եւ աշխարհական ներկայացուցիչներ:

Մայր Տաճարում Արեւագալի ժամերգութեանը մասնակցելուց յետոյ ժողովն սկսեց իր աշխատանքը:

Աշխարհասփիւռ եկեղեցական կառոյցների պատգամաւորներին հայրապետական իր օրհնութիւնն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` անդրադարձ կատարելով ժողովի օրակարգում ընդգրկուած մի շարք հարցերին: Խօսելով ժողովի կողմից 2009 թ. կիրառութեան մէջ դրուած թեմական կանոնադրութեան ուղենշային փաստաթղթի, 2014 թ. որդեգրուած Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրութեան, ինչպէս նաեւ Ազգային-եկեղեցական ժողովի բարեփոխեալ կանոնադրութեան քննարկուելիք նախագծի մասին` Վեհափառ Յարապետը ընդգծեց դրանց կարեւորութիւնը հոգեւոր-եկեղեցական կեանքի կանոնակարգման առումով: Նորին Սրբութիւնը արձանագրեց, որ եկեղեցական կեանքի հաստատումը կանոնադրական հիմքերի վրայ արդիւնաւորութիւն է հաղորդելու Եկեղեցու գործունէութեանը, քաջալերելու է ժողովրդի ներգրաւուածութիւնը եկեղեցական կեանքում, աւելացնելու է վստահութիւնը եկեղեցական կառոյցների նկատմամբ եւ ամրապնդելու է լաւատեսութիւնը վաղուայ օրուայ հանդէպ:

Անդրադառնալով ազգային ինքնութեան պահպանութեան գործում Եկեղեցու առաքելութեանը` Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ Հայոց Եկեղեցու առանձնակի խնամքը պիտի շարունակուի նոր սերնդի կրթութեան գործում, որպէսզի Սահակ-Մեսրոպեան դպրոցը հաւատքի, մայրենի լեզուի եւ հայրենեաց աւանդներով շարունակ ապրի մեր ժողովրդի կեանքում: Այս առնչութեամբ Նորին Սրբութիւնը տեղեկութիւններ փոխանցեց ժողովականներին Մայր Աթոռի կողմից իրականացուող ազգօգուտ կրթական եւ սոցիալական ծրագրերի եւ տարբեր այլ ոլորտներ ընդգրկող ընդարձակ գործունէութեան մասին:

«Հայաստանի Հանրապետութիւնը` անկախ պետականութեամբ ամուր խարիսխ է ողջ հայութեան համար: Ամէնքիս սրբազան պարտքն է պաշտպանել Հայաստան եւ Արցախ հայրենի մեր երկիրը, բազմադարեայ ու նուիրական մեր սրբութիւնները, ամէն ջանք ու եռանդ ծառայեցնել հայրենի մեր պետականութեան ամրացմանը եւ զօրացմանը, մեր երկրի առջեւ ծառացած տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական եւ այլ բազում խնդիրների դիմագրաւմանը», – իր խօսքում ասաց Հայոց Հովուապետը` նշելով, որ Սարդարապատի հերոսամարտի եւ Հայաստանի առաջին Հանրապետութեան ստեղծման 100-րդ տարեդարձը պէտք է առիթ դարձնել արժեւորելու մեր անկախ պետականութիւնը, նորոգելու սերն ու պատասխանատուութիւնը հայրենիքի հանդէպ:

Այս առիթով Նորին Սրբութիւնը հայրապետական իր գնահատանքը յայտնեց ուխտապահ հոգեւոր դասին, թեմական եւ համայնքային վարչական անդամներին, Հայ Եկեղեցու բարերար ու բարեգործ զաւակներին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում ժողովրդի կարիքներին մշտապէս պատրաս-տակամութեամբ աջակցութիւն ու օժանդակութիւն ցուցաբերելու համար:

Ողջոյնի խօսքով ժողովականներին դիմեց նաեւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչեանը:

Ժողովի սկզբում տեղի ունեցաւ դիւանի ընտրութիւն: Ժողովի ատենապետներ ընտրուեցին ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը եւ տիար Լեւոն Սարգսեանը (Արարատեան Հայրապետական թեմ), փոխատենապետների պաշտօնը ստանձնեցին Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչեանը եւ դոկտոր Վարուժան Ալթըբարմաք-եանը (ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմ):

Օրակարգի ընդունումից յետոյ կատարուեց Քննախոյզ, Օրինականութեան, Հաշուեքննիչ, ինչպէս նաեւ Թեկնածուներ առաջադրող, Առաջարկներ ներկայացնող եւ Կանոնադրական փոփոխութիւնների յանձնախմբերի անդամների ընտրութիւնը:

Առաջին օրը ժողովականների ուշադրութեանը յանձնուեց Ազգային-եկեղեցական ժողովի 1945 թ. կանոնադրութեան փոփոխութիւնների լրամշակուած նախագիծը, որի վերաբերեալ Հայ Եկեղեցու կառավարման բարձրագոյն մարմինների կանոնադրութիւնների մշակման յանձնախմբի անունից զեկոյց ներկայացրեց ի. գ. դ. Գեւորգ Դանիէլեանը:

Ներկայացուած նախագծի` յօդուած առ յօդուած երկօրեայ համակողմանի քննարկումներից եւ առաջարկուած լրացումներից յետոյ ժողովի մասնակիցները քուէարկութեամբ ընդունեցին ներկայացուած փաստաթուղթը, որը վերջնական հաստատում կը ստանայ առաջիկայ Ազգային-եկեղեցական ժողովի կողմից: Վեհափառ Հայրապետը եւ ժողովի անդամներն իրենց գնահատանքը յայտնեցին յանձնա-խմբին կատարուած աշխատանքի համար:

Յունիսի 7-ի նիստին Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամների ընտրութեան առնչութեամբ զեկուցեց Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը: Սրբազանը ներկայացրեց սահմանուած ԳՀԽ նոր թուակազմը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Երուսաղէմի եւ Կ.Պոլսի Հայոց Պատրիարքները ու խորհրդի 21 անդամներ: Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամների 1/3-ը նշանակւում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իսկ 2/3-ը ընտրւում Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կողմից: Ի պաշտօնէ ԳՀԽ անդամ են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիւանապետը եւ Արարատեան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը:

Զեկոյցից յետոյ տեղի ունեցած քննարկման արդիւնքում Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամ ընտրուեցին տարբեր աշխարհամասերից հետեւեալ հոգեւորականներն ու աշխարհականները`

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը,

Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջեանը,

ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը,

ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը,

Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանը,

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը,

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ, Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Յովհաննիսեանը,

ի. գ. դոկտոր Գեւորգ Դանիէլեանը (Հայաստան),

բ. գ. դոկտոր Վահան Տէր-Ղեւոնդեանը (Հայաստան, Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարան),

տիար Թագուոր Բոյաջեանը (Դամասկոսի հայոց թեմ),

ի. գ. դոկտոր Ժոզեֆ Կանիմեանը (ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմ),

դոկտոր Ալեքսանդր Ալաւերդեանը (Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմ):

Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ԵՆԺ պատգամաւորներն այս առիթով շնորհաւորեցին ԳՀԽ-ի նորընտիր անդամներին` մաղթելով արդիւնաւոր աշխատանք Գերագոյն հոգեւոր խորհրդի կազմում:

Ժողովին նաեւ անդրադարձ կատարուեց թեմերում թեմական ուղենշային կանոնադրութեան ներդրման գործընթացի արդիւնքներին: Այս ուղղութեամբ տարուող աշխատանքների եւ կանոնադրութեան ներդրման գործում արձանագրուած դժուարութիւնների մասին զեկուցեց Թեմական կանոնադրութիւնների լրամշակման եւ խմբագրման յանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանը:

Զեկոյցից յետոյ փաստաթղթի ներդրման գործընթացը ուշացնող թեմերի առաջնորդները եւ պատգամաւորները բացատրութիւններ ներկայացրեցին ուշացման պատճառների վերաբերեալ:

Գնահատելով յանձնախմբի կողմից կատարուած աշխատանքը` Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի պատգամաւորները կարեւոր նկատեցին յանձնախմբի յետագայ գործունէութիւնը: Քննարկումներից յետոյ որոշուեց ընդլայնել յանձնախմբի կազմը եւ լիազօրութիւնների շրջանակը` ուսումնասիրելու թեմերում ուղենշային փաստաթղթի ներդրման գործընթացի ուշացման պատճառները:

Յանձնախմբին յանձնարարուեց ուսումնասիրութեան արդիւնքում փաստաթուղթը չորդեգրած թեմերի կողմից գործընթացում կամայականութիւն արձանագրելու պարագային եզրակացութիւնը ներկայացնել Վեհափառ Հայրապետին` ԳՀԽ-ում հարցը քննարկելու եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

Ժողովին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միաւորման նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը ամփոփ զեկոյց ներկայացրեց 2018 թ. երիտասարդութեան տարի հռչակման ծրագրի վերաբերեալ: Հանգամանօրէն անդրադառնալով անցնող տարիների ընթացքում ՀԵՀԵՄ-ի գործունէութեանը` Հովնան Սրբազանը տեղեկացրեց 2018 թ. ծրագրուող թեմական, միջթեմական եւ տարածաշրջանային համաժողովների ու համախմբումների մասին, որոնք կը պսակուեն թեմերի կողմից կազմակերպուելիք երիտասարդական ուխտագնացութիւններով Սուրբ Էջմիածին եւ ուխտի ս. պատարագներով, ապա նաեւ «Դէպի Հայրենիք, դէպի Սուրբ Էջմիածին» կարգախօսի ներքոյ Մայր Աթոռում գումարուելիք երիտասարդական հաւաքով:

Զեկոյցից յետոյ ժողովականների կողմից ծրագրուող միջոցառումների առնչութեամբ կատարուեցին առաջարկներ: Այս առնչութեամբ Ամենայն Հայոց Հայրապետը կարեւորեց ՀԵՀԵՄ-ի եւ թեմերի կողմից իրականացուելիք ծրագրերը` ընդգծելով, որ երիտասարդութեան հետ տարուող աշխատանքը պէտք է առանցքային տեղ ունենա Հայոց Եկեղեցու առաքելութեան մէջ:

Վերջում Նորին Սրբութիւնը եւ ԵՆԺ պատգամաւորները գոհունակութիւն յայտնեցին ՀԵՀԵՄ-ի գործունէութեան եւ արձանագրած արդիւնքների կապակցութեամբ:

Ժողովին քննարկում տեղի ունեցաւ նաեւ Սարդարապատի հերոսամարտի եւ Հայաստանի առաջին Հանրապետութեան ստեղծման 100-րդ տարեդարձի առիթով Հայոց Եկեղեցու կողմից ծրագրուող միջոցառումների մասին:

Յունիսի 8-ի նիստին Հայաստանի գլխաւոր մանկաբարձ-գինեկոլոգ, Պերինատոլոգիայի, մանկաբարձութեան եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրէն, ԳԱԱ ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամեանը ժողովականներին զեկոյց ներկայացրեց Հայաստանում ծնելիութեան իրավիճակի մասին: Վերջինս անդրադարձաւ ՀՀ-ում ծնելիութեան անկման պատճառներին եւ ծնելիութեան թուի բարձրացման ուղղութեամբ ՀՀ կառավարութեան կողմից իրականացուող ծրագրերին:

Ընդունելով ներկայացուած զեկոյցը` ժողովն արձանագրեց որդեծնութեան կարեւորութիւնը ամուսնական նուիրագործուած միութեան եւ հայ ընտանիքի ամրութեան մէջ` յորդորելով, որ եկեղեցականներն իրենց հովուական ծառայութեան ընթացքում էական դեր յատկացնեն ծնելիութեան խրախուսմանը: Այս առնչութեամբ որոշում կայացուեց նաեւ հայրենիքում ծնելիութեան աճին նպաստող առողջապահական եւ բժշկական կենտրոնների պայմանների բարելաւման ուղղութեամբ միջոցնէր ձեռնարկել:

Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին ամփոփ տեղեկութիւններ հաղորդուեցին Երուսաղէմի եւ Կ.Պոլսի Հայոց Պատրիարքութիւնների, թեմերի եւ Հայրապետական պատուիրակութիւնների ընթացիկ գործունէութեան մասին:

Ժողովն ամփոփուեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան խօսքով: Նորին Սրբութիւնը, գոհունակութեամբ արձանագրելով ժողովի արդիւնաւէտութիւնը, իր գնահատանքը յայտնեց աշխարհի բոլոր կողմերից Մայր Աթոռ ժամանած Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի հոգեւորական եւ աշխարհական պատուիրակներին դրսեւորած նախանձախնդրութեան համար: Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Երկնաւոր Տէրը զօրացնի Հայոց Եկեղեցու սպասաւորներին եւ եկեղեցական կառոյցներում պաշտօնավարող աշխարհականներին, ովքեր իրենց նուիրեալ ծառայութեամբ նպաստում են Եկեղեցու պայծառութեանը եւ աշխարհասփիւռ հայ ժողովրդի բարօրութեանը:

2017 թ. Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը փակուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղօթքով եւ Հայրապետական մաղթերգով: