24 Ապրիլ 2017 Հայոց Ցեղասպանութեան Ս. Նահատակաց Ոգեկոչման Արարողութիւններ

armenian3

  armenian3

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց Հայոց Ցեղասպանութեան ս. նահատակների ոգեկոչման արարողութիւններուն

      Ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակի օրը, քաղաքամայր Երեւանում եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցան ոգեկոչման արարողութիւններ:

      Առաւօտեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր: Նախագահութեամբ Վեհափառ Հայրապետի եւ ներկայութեամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի կատարուեց Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսական կարգը: Արարողութեանը մասնակցում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ, հայոց պետական աւագանին, օտարերկրեայ դիւանագիտական առաքելութիւնների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

       Յիշատակի օրուայ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցուեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը:

    Անդրադառնալով համայն հայ ժողովրդի համար նշանակալից այս օրուայ խորհրդին` Մուշեղ Սրբազանն ասաց. «…Ապրիլի 24: 2017 թուական: Հարիւր եւ աւելի տարիներ: Այլեւս չկայ սերունդը. չկան մարդիկ, որոնք ապրել, վերապրել են արհաւիրքը: Չկան նրանք, ովքեր տեսել, զգացել եւ փորձելով փորձել են մոռանալ այն: Անգամ նրանք էլ չկան, որ ծնուել էին այդ օրերին, եւ պատմում էին մեզ անպատմելի դէպքերն ու անցքերը, որ դեռ անուն չունէին: 

   Աստուածաստեղծ մարդը դեռ նման բան չէր տեսել: Կայէնից յետոյ մարդասպանութիւնը նոր որակ ստացաւ: Նմանը նմանին սպանելու, բնաջնջելու օսմանեան ոճիրը ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ կոչուեց: Եւ առաջինը հայը, հայը նահատակ դարձաւ եւ, որքան էլ ցաւալի, աշխարհին վկայեց մարդկային մի նոր նախճիրի` Եղեռնի մասին, լուռ խօսնակը դառնալով անարդարութեան:

     Ազգը մեր կորցրեց ամէն ինչ. ամենամեծ արժէքները` հայրենիքի մի ստուար հատուած եւ մի ամբողջ սերունդ, որ երկնել էր հազարաւոր այրուած ձեռագրեր, կառուցել էր հրկիզուած քաղաքներ ու գիւղեր, կանգնեցրել էր աւերակ դարձած հազարաւոր եկեղեցիներ …:

     Ազգը, որ կեանքի սկիզբը դարձաւ, Արարատի բարձունքից կենսատու աւիշ սրսկելով ջրահեղձ երկրի վրայ, այս անգամ էլ սրբազան լեռան փէշերը ոռոգեց իր սրբարար արեամբ: Ազգը մեր փորձուեց: Ազգը հայոց հոգեւոր սխրանքի ճանապարհին կանգնեց եւ մէկ անգամ եւս ապացուցեց, որ «ազգ սուրբ եւ ընտրէալ» է: Հաւաստեց եւ խոստացաւ, որ անգամ ի գին մէկ եւ կէս միլիոն իր զաւակների չի թեքուի Քրիստոսից, չի գնայ հայրենիքից:

     Ազգը մեր հետեւեց Տիրոջը, յանձն առաւ իր խաչը, կրկնեց Գողգոթան եւ յարութենակից եղաւ Քրիստոսին: Սարդարապատում, Երկրորդ աշխարհամարտում, Արցախում յաղթեց մահուանը: Յայտնուեցինք ֆիզիկապէս ոչնչանալու եզրին, բայց այսօր ունենք ազատ, անկախ Հայաստան ու Արցախ եւ համայն աշխարհում ապրող 10 միլիոնից աւել հայրենակիցնէր: Հետեւաբար` Աստուած մեզ չթողեց միայնակ, այլ փրկեց մեզ չարից ու նրա գործակիցներիցների հեռուն գնացող ծրագրերը փոշիացրեց»:

    Սրբազան Հայրը խօսեց նաեւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման մասին. «Այսօր սուգը ուրախութեան չի փոխուել, այլ համոզումի եւ գիտակցութեան, որ մենք՝ մարդիկս, հայ մարդիկս, արժանին ենք մատուցել բոլորին, ովքեր վասն հաւատոյ եւ հայրենեաց դրեցին իրենց գլուխները: Մենք էլ մեր գլուխներն ենք դնում, խոնարհւում եւ ծնրադրում նրանց սրբազան յիշատակի եւ սրբացած մասունքների առջեւ եւ հայցում, որ Ամենակարող Աստուած, յարուցեալ Յիսուս խաղաղութիւն պարգեւի աշխարհին համայն: Թող երբեք ոչ մէկը Եղեռն չտեսնի: Թող ոչ մի ազգ տարագիր չլինի: Եւ թող ժպիտը, խինդն ու աղօթքը թեւածեն ամէնուր:

    Մենք Ճանաչեցինք Հայոց Եղեռնը, վերապրեցինք եւ յաղթահարեցինք այն, յայտարարեցինք սրբութիւնը նրա նահատակների, ճանաչեցինք եւ ընդունեցինք. մեզ հետ նաեւ շատերը: Մեր շնորհակալութիւնը բոլոր նրանց, ովքեր մշտապէս հայ ժողովրդի կողքին են եղել, կան եւ կը մնան»:

     Պատարագիչ Սրբազանն ընդգծեց, որ Ցեղասպանութիւն հասկացութիւնը պէտք չէ դիտարկել պարզապէս մարմնական ոչնչացման տեսանկիւնից եւ որ այն այսօր էլ տեղի է ունենում կրօնական, մշակութային, բարոյական եւ ընկերավարութեան ասպարէզներում` մարտահրաւէր նետելով մարդկութեանը կամ ցեղասպանուելու, կամ այլոց օրինակն ունենալով` պայքարելու եւ անգամ պատրաստ լինելու կեանքի գնով յաղթահարելու իւրաքանչիւր փորձութիւն:

     Սրբազանը յաւելեց, որ մեր սուրբ նահատակներից իւրաքանչիւրը ոգու եւ հաւատքի սխրագործութեան օրինակ է, որը պէտք է ամէնքի համար այսօր դառնա կեանքի ուղեցոյց` Հայոց Եղեռնի յարութեամբ կրկնապատկելու մեր ոգեկանութիւնը, վերաարժեւորելու եւ խմբագրելու մեր յետագայ ընթացքը:

     Արարողութեան աւարտին Մայր Տաճարի շրջափակում` Աղօթքի եւ ուխտի խաչքարի առջեւ, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց բարեխօսական կարգ:
Արարողութեանը ներկայ էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի բարերարներ եւ բազում ուխտաւոր հայորդիներ: