Ի Տէր ննջեց Տ. Զարեհ ծայրագոյն վարդապետ Պարոնեան

armenian3

Ի Տէր ննջեց
Տ. Զարեհ ծայրագոյն վարդապետ Պարոնեանը

Ռումինիայի Հայոց թեմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին տեղեկացուել է, որ ապրիլի 13-ի առաւօտեան` կեանքի 76-րդ տարում, վախճանուել է Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զարեհ ծայրագոյն վարդապետ Պարոնեանը:

Վաստակաշատ Հայր Զարեհի վախճանը մեծ ցաւ է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը խորապէս սգում են բարեյիշատակ Զարեհ ծայրագոյն վարդապետի մահը:

Ապրիլի 19-ին, Բուխարեստի Ս. Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցում, հընթացս Ս. Պատարագի կը կատարուի Հայր Զարեհի վերջին օծումը, ապա յուղարկաւորութեան արարողութիւնը:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Տ Զարեհ ծայրագոյն վարդապետ Պարոնեանը (աւազանի անունը` Յակոբ) ծնուել է 1941 թ. հոկտեմբերի 2-ին Բուխարեստում (Ռումինիայ):
Նախնական կրթութիւնը ստացել է Բուխարեստի Հայկական վարժարանում (1948-1955 թթ.):
1955-1959 թթ. սովորել է Երեւանի Մանկավարժական ուսումնարանում:
1961 թ. ընդունուել է Ս. Էջմիածնի Գեւորգեան հոգեւոր ճեմարան, որի լսարանական բաժինն աւարտել է 1965 թ.:
1963-1964 թթ. սովորել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Զագորսկի հոգեւոր ակադեմիայում եւ պաշտպանել աւարտաճառ`«Ստեփանոս Վարդապետ Լեհացի. կեանքն ու գործը» թեմայով:
1963 թ. սեպտեմբերին Ս. Էջմիածնում ձեռնադրուել է սարկաւագ` ձեռամբ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամեանի:
1965 թ. յունուարին ձեռնադրուել է կուսակրօն քահանայ` ձեռամբ Գերաշնորհ Տ. Ասողիկ եպիսկոպոս Ղազարեանի:
1967-1970 թթ. ուսանել է Բուխարեստի Աստուածաբանական ակադեմիայում:
1969 թ. յուլիսին վարդապետական աստիճանի համար պաշտպանել է աւարտաճառ` «Յովսէփ արքեպիսկոպոս Արղութեան. կեանքն ու գործը» թեմայով:
1971 թ. ծայրագոյն վարդապետութեան աստիճանի համար պաշտպանել է աւարտաճառ`«Տեղական ժողովները եւ իրենց տեղն ու նշանակութիւնը Հայ Եկեղեցու Կանոնադրութեան մէջ» թեմայով:
1976 թ. ստացել է Աստուածաբանութեան դոկտորի աստիճան` պաշտպանելով աւարտաճառ` «Հայ Եկեղեցու Պատարագը Արեւելեան միւս եկեղեցիների պատարագների շարքում» թեմայով:
1965-2001 թթ. եղել է Բուխարեստի առաջնորդանիստ եկեղեցու հոգեւոր հովիւ:
1973-2001 թթ. սպասաւորել է Ռումինիայի հայոց թեմում որպէս առաջնորդական փոխանորդ:
Զարեհ ծայրագոյն վարդապետը հեղինակ է բազում յօդուածների եւ ուսումնասիրութիւնների, արժանացել տարբեր մրցանակների: