Ծաղկազարդի տօնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ

armenian3

Ծաղկազարդի տօնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

           Ապրիլի 9-ին Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին տօնախմբեց մեր Տէր Յիսուս Քրիստոսի` Երուսաղէմ յաղթական մուտքի յիշատակը` Ծաղկազարդը: Տօնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ նաեւ հռչակուել է որպէս մանուկների օրհնութեան օր:

        Այս կապակցութեամբ Առաւօտեան ժամերգութեան աւարտին, Մայր Տաճարի շրջափակում, Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ, կատարուեց Անդաստանի արարողութիւն եւ մանուկների օրհնութեան կարգ: Վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնութիւնը բաշխեց տոնի առիթով Մայր Աթոռում համախմբուած բազում մանուկներին: Հայոց Հայրապետը ներկայ փոքրիկներին խաչեր նուիրեց, իսկ հաւատաւոր ժողովրդին բաժանուեցին Անդաստանի ընթացքում օրհնուած ուռենու ճիւղեր:

     Ապա Մայր Տաճարում տոնի առիթով մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, ով իր քարոզում մասնաւոր անդրադարձ կատարեց տոնի խորհրդին:

          Ս. Պատարագի աւարտին վերստին կատարուեց մանուկների օրհնութեան արարողութիւն, որի ժամանակ տաճարում ներկայ երեխաները հրաւիրուեցին ատեան, ուր արժանացան Ամենայն Հայոց Հայրապետի աղօթքին եւ օրհնութեանը: Մայր Տաճարի առջեւ Նորին Սրբութիւնը նաեւ իր հայրական օրհնութիւնը բաշխեց իր հրաւէրով Սուրբ Էջմիածին ժամանած Հրազդանի Երեխաների աջակցութեան հիմնադրամի ցերեկային կենտրոնի հաշմանդամութիւն ունեցող շուրջ 130 երեխաներին:

        Վերջիններիս համար Մայր Աթոռի Սոցիալական ծառայութեան գրասենեակի կողմից կազմակերպուեց ընդունելութիւն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից մանուկներին նուէրներ ընծայուեցին: Երեխաները Մայր Աթոռի «Հրաչ եւ Սիւզան Թուֆայան» հայորդեաց տանը ներկայ գտնուեցին իրենց համար հայորդեաց տան սաների կողմից նախապատրաստուած համերգին:

    Տոնի առիթով Վեհափառ Հայրապետի տնօրինութեամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը 2.000.000 ՀՀ դրամի աջակցութիւն կցուցաբերի Հրազդանի Երեխաների աջակցութեան հիմնադրամի ցերեկային կենտրոնին:

   Նոյն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց տարբեր թեմերի եկեղեցիներում ծառայող մանուկ դպիրներին, ովքեր Մայր Տաճարում մասնակցեցին Ծաղկազարդի Ս. Պատարագին: Իր օրհնութիւնը բերելով նրանց` Նորին Սրբութիւնը գովեց պատանիներին իրենց հաւատաւոր նկարագրի համար եւ մաղթեց նոյն ոգով շարունակել եկեղեցանուէր ծառայութիւնը Տիրոջ Ս. Խորանին: