«ՆՈՐԱՀՐԱՇ ՊՍԱԿԱՒՈՐՔ» Թովմաս դպիր ԱՌԱՔԵԼՅԱՆ (Գևորգյան ճեմարան)

ՆՈՐԱՀՐԱՇ ՊՍԱԿԱՒՈՐՔ

     Աստվածաշունչ մատյանը քրիստոնյաներին հաճախ հարցադրումներ է առաջադրում: Դրանցից մեկը Պողոս առաքյալն է ձևակերպել. «Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգները, թե՞ սուրը» (Հռոմ. 8:35): Այս հարցին է, որ պատասխանեց հայ ժողովուրդը Ավարայրի դաշտում: Նրանք շարականի բնորոշմամբ քաջ Վարդանը, խորհրդական Խորենը, արի Արտակը, վեհ Վահանը, առաջադեմ Գարեգինը, Տաճատ զարմանալին, Արսեն ցանկալին, Հմայակը, որ Հորն ընծայվեց՝ Որդուն չարչարակից լինելով, նրանք՝ 1036 նահատակներն իրենց զինակից եղբայրների, մայրերի ու քույրերի հետ վստահաբար պատասխանեցին. «Յայսմ հաւատոց զմեզ ոչ ոք կարէ խախտել, ո՛չ հրեշտակք և ո՛չ մարդիկ, ոչ սո՛ւր, ոչ հո՛ւր, ոչ ջո՛ւր, ոչ ամենայն զինչ և են դառն հարուածք» (Եղիշե): Եվ նրանց խոսքերի վճռականությունից դողաց թե՛ թշնամին և թե՛ դավաճանը: Ինչպես Դավիթը Գողիաթի կամ առաջին քրիստոնյաները հրեաների ու կայսրերի առաջ, նրանք նետվեցին մարտադաշտ, որպեսզի «վասն հավատոյ»-ն և «վասն հայրենեաց»-ը մեզ համար այսօր ո՛չ թե վերացական, այլ գործնական գաղափարներ լինեն, որոնցով պետք է ապրենք և արարենք:

     Ավարայրի ճակատամարտին հաջորդեց պարսիկների վրեժը։ 452թ. մեր պատմության էջը դարձյալ սրբագործվեց մարտիրոսների արյամբ: Ատրորմիզդ մարզպանի դրդումով և Հազկերտ Բ-ի հրամանով նահատակվեցին Ավարայրի արծիվ Ղևոնդ երեցը, Հովսեփ կաթողիկոսը, Ռշտունյաց Սահակ եպիսկոպոսը, Արշեն, Մուշե և Սամվել երեցները, Քաջաջ, Աբրահամ սարկավագները և Դենպետը՝ հոգևորականներ նվիրապետական բոլոր աստիճաններից:

       Ղևոնդյանց հիշատակության օրը տոնն է Հայոց եկեղեցու սպասավորների, քանի որ նրանց ինքնազոհաբերության ոգով ու խորհրդով է, որ պետք է ապրի ու ստեղծագործի հայ հոգևորականը: Մի՞թե չենք կարող հավասարության նշան դնել ինքնազոհաբերվելու, մարտիրոսվելու և մինչև խոր ծերություն անձնազոհաբար մեր Տեր Հիսուս Քրիստոսին ծառայելու միջև: Քաջության մասին սբ. Հովհան Ոսկեբերանը գրում է. «Քաջ է միայն նա, ով ուժ ունի իր մեջ. նա քաջ է թեկուզ և այն ժամանակ, երբ պառկած է մահճակալին: Ինչպես նաև առանց այդ ուժի ես չէի ասի, որ նա ուժեղ է… եթե անգամ իր մարմնական ուժով հիմքից բարձրացնի սարը: Դրա պատճառն այն է, որ մեկը կռվում է ընդդեմ անմարմին չարիքի, որին մյուսը չի համարձակվի անգամ նայել»:

        Եթե պարսից զորքերը չստիպեին Ղևոնդ երեցին մի ձեռքով խաչ, իսկ մյուսով՝ զենք բռնել, եթե աղոթքը շուրթերին նա չնետվեր մարտադաշտ՝ հանապազօրյա խաղաղություն վաստակելու, եթե հնարավորություն ունենար շարունակել իր հոգևոր սպասավորությունը Վանանդի գյուղերում մի՞թե նույն աստվածահաճո ընթացքը չէր ունենալու և չէր պատերազմելու ընդդեմ անմարմին հակառակորդի: Գուցե հալածվեր Խորենացու նման, մեղադրվեր Նարեկացու պես, բայց արյան տեղ գուցե սրբալույս Մյուռոն հեղեր՝ մկրտելով և լուսավորելով մարդկանց, իր անձը պատարագելու փոխարեն Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդ դարձներ իր հոտին, խաչն ու Ավետարանը ձեռքին աղոթեր. «Դու պահեա զմեզ ի խաղաղութեան»: Հիրավի, շատ խոսուն է Կարապետ վրդ. Տեր-Մկրտչյանի հարցը. «Ինչի՞ նման կլիներ Ե դարը, եթե Հայոց գյուղերում Ղևոնդ երեցի պես քահանաներ չգտնվեին»:

      Ուրեմն՝ աղոթենք առ Աստված, որպեսզի Նա զորացնի մեր Եկեղեցու սպասավորներին, կարող դարձնի ղևոնդանալ թե՛ մարտի դաշտում և թե՛ իրենց հոտից ներս, որովհետև դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի մեր ապագան, եթե հայ զինվորի կողքին Ղևոնդներ չլինեն: Երբ քաջ հոգևորականը, իմաստուն մտավորականը, առյուծասիրտ զինվորը, ջանասեր աշակերտը, աշխատասեր գյուղացին մեկ դարձած գործում են ի շահ հայրենիքի, այդժամ միայն կարող ենք համաձայնել Վահան Թեքեյանի հետ և համարձակ կրկնել. «Դարերը կանցնին, բայց Վարդա՛նը Քաջ, բայց Վարդա՛նը Սուրբ կերթա՜ միշտ առաջ»:

Թովմաս դպիր ԱՌԱՔԵԼՅԱՆ / (Գևորգյան ճեմարան)
(Էլ. – պարբերական, Բ Տարի, թիվ 10, 2017 թ.