Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ տեղի ունեցաւ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի ժողով

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ տեղի ունեցաւ
Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի ժողով

Մարտի 7-9-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի ժողով ընդլայնուած կազմով:

Ժողովը բացուեց Տէրունական աղօթքով եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան ու գնահատանքի խօսքով Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներին:

Ժողովի նիստերն ատենապետեցին Հայոց Արեւելեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը եւ ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը:

Ժողովի օրակարգում ընդգրկուած էին Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու կանոնական, թեմական ու համայնքային բազմաբնոյթ հարցեր:

Ժողովի սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութեան կեանքում պատրիարքական ընտրութիւնների կազմակերպման գործընթացի շուրջ վերջին շրջանում տեղ գտած իրադարձութիւններին: Նորին Սրբութիւնը ԳՀԽ անդամներին տեղեկացրեց փետրուարի 23-24-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցած հանդիպումների մասին եւ անհրաժեշտ լուսաբանութիւններ տուեց ստեղծուած իրավիճակի ու դրա հանգուցալուծմանն ուղղուած երկօրեայ քննարկումների ընթացքում առնուած որոշումների վերաբերեալ:

Առաջին օրը ԳՀԽ անդամներին Հայոց Եկեղեցու գործառնութիւնների բարելաւման ծրագրի ընթացքի վերաբերեալ զեկոյց ներկայացրեց «Դաւիդեան» հիմնադրամի նախագահ եւ բարեգործ Ասոյ Դաւիդեանը: Տեղեկացուեց, որ առաջիկայ ամիսներին «Մըքքինզի ընդ Քոմփանի» խորհրդատուական ընկերութեան ներկայացուցիչների մասնակցութեամբ կը սկսեն անցկացուել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հարցազրոյցները, ներկայացուեց նաեւ հարցազրոյցների համար եկեղեցական ու աշխարհական թեկնածուների ընտրութեան կարգը եւ հարցաշարի բովանդակութիւնը:

Ներկայացուած արդիւնքների քննարկումից յետոյ Վեհափառ Հայրապետը  Գերագոյն հոգեւոր խորհրդի անունից գնահատանք յայտնեց տիար Ասոյ Դաւիդեանին եւ ծրագրի Գործադիր ու խորհրդատուական մարմինների անդամներին կատարուած աշխատանքի համար:

Նիստին Գերագոյն հոգեւոր խորհուրդը քննարկեց Ազգային-եկեղեցական ժողովի` 1945 թուականին գործադրութեան մէջ դրուած կանոնադրութեան լրամշակուած նախագիծը` պատրաստուած Կանոնադրութիւնների մշակման յանձնախմբի կողմից: Նախագծի հետ առնչուած անհրաժեշտ լուսաբանութիւններ տուեցին յանձնախմբի անդամներ Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը եւ իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր Գեւորգ Դանիէլեանը:

Փաստաթղթերի քննութիւնից յետոյ ԳՀԽ անդամները գոհունակութեամբ ողջունեցին իրականացուած աշխատանքը եւ թելադրեցին աւարտին հասցնել գործընթացը` յունիս ամսին գումարուելիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին նախագիծը քննարկման դնելու համար:

Յանձնախմբի կողմից ժողովին ներկայացուեց նաեւ Գերագոյն հոգեւոր խորհրդի կանոնադրութեան նախագիծը, որն անհրաժեշտ դիտողութիւններից եւ առաջարկներից յետոյ վերադարձուեց լրամշակման:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակի գործունէութեան մասին զեկոյց ներկայացրեց գրասենեակի տնօրէն, Տաւուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը: Քննարկելով արձանագրուած արդիւնքները` ժողովականները, գնահատանք յայտնելով կատարուած աշխատանքի համար, իրենց դիտարկումները ներկայացրեցին գրասենեակի յետագայ գործունէութեան առնչութեամբ:

Ժողովի վերջին նիստին Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միաւորման գործունէութեան վերաբերեալ հանգամանալի զեկոյց ներկայացրեց միաւորման նախագահ Գերաշնորհ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը:

Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակութեան եկեղեցական համայնքների մասին զեկոյցով հանդէս եկաւ հայրապետական պատուիրակ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Յովհաննիսեանը:

Առանձին քննութեան առնուեցին Բելգիայի, Հոլանդիայի, Իտալիայի եւ Իսպանիայի համայնքային կեանքին առնչուող հարցեր: Այս առնչութեամբ հաշուետուութիւններ ներկայացրեցին նաեւ Բելգիայում Հայրապետական պատուիրակի փոխանորդ Հոգեշնորհ Տ. Զատիկ վարդապետ Աւետիքեանը եւ Հոլանդիայում Հայրապետական պատուիրակի փոխանորդ Հոգեշնորհ Տ. Արէն վարդապետ Շահինեանը:

Գերագոյն հոգեւոր խորհուրդն իր գնահատանքը յայտնեց Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակին ծխական համայնքների հաստատման ուղղութեամբ տարուած աշխատանքների համար եւ թելադրեց շարունակել ջանքեր գործադրել եկեղեցական համայնքների կանոնական հիմերի զօրացման ուղղութեամբ:

Ժողովի ընթացքում ներկայացուեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ու թեմերի 2016 թ. գործունէութեան տեղեկագիրը եւ ֆինանսական հաշուետու զեկոյցը:

Ըստ այդմ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականութեան թիւը 753 է, որոնցից 52-ը` արքեպիսկոպոս եւ եպիսկոպոս, 51-ը` ծայրագոյն վարդապետ եւ վարդապետ, 35-ը` աբեղայ, 480-ը` քահանայ, 138-ը` սարկաւագ:

2016 թ. Մայր Աթոռի բաժիններում աշխատել են 930 անձեր, Հայաստանի թեմերում եւ Արցախում` 1193, Սփիւռքի թեմերում եւ Հայրապետական պատուիրակութիւններում` 4005:

Մայր Աթոռի հոգեւոր, կրթական հաստատութիւններում ընդհանուր թուով ուսանել է 283 սան, որից` 100-ը` Գեւորգեան հոգեւոր ճեմարանում, 79-ը` Սեւանի Վազգէնեան հոգեւոր դպրանոցում, 34-ը` Հառիճավանքի Թրբանճեան ընծայարանում, 25-ը` Քահանայից պատրաստման եռամեայ լսարանում, 45-ը` Կ’ալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում եւ Դաւթեան Օրիորդաց վարժարանում: «էօրնեկեան» հանրակրթական դպրոցի 25 դասարաններում ուսանել է 383 սան, Գեւորգ Էմինի անուան դպրոցում` 270 աշակերտ: «էօրնեկեան» մանկապարտէզ յաճախել է 45 մանուկ:

Անցեալ տարում Մայր Աթոռը շարունակել է քարոզչական ընդգրկուն գործունէութիւն իրականացնել ազգային կեանքի տարբեր ոլորտներում` հանրակրթութեան ոլորտում, երիտասարդութեան շրջանում, հայորդեաց տներում, ՀՀ Զինուած ուժերում եւ քրէակատարողական հիմնարկներում:

ՀՀ Զինուած ուժերում իրենց ծառայութիւնն են բերել թուով 51 հոգեւոր սպասաւորներ: ՀՀ Քրէակատարողական 12 հիմնարկներում իրենց հոգեւոր սպասաւորութիւնն են բերել 11 եկեղեցականներ: 

2016 թ. շարունակել են գործել 8 հայորդեաց տները (Էջմիածին, Աշտարակ, Գիւմրի, Վանաձոր, Երեւանում` Նորք, Մալաթիայ, Արաբկիր եւ Մանրանկարչութեան արուեստի կենտրոն), որտեղ յաճախել են 3067 երեխաներ: Տարուայ ընթացքում հայորդեաց տների կողմից իրականացուել է 266 բազմաբնոյթ միջոցառում:

Հաշուետու տարում արդիւնաւոր են եղել նաեւ եկեղեցաշինական աշխատանքները: Հայ Եկեղեցու աշխարհասփիւռ թեմերում նախորդ տարում օծուել են թուով 22 եկեղեցիներ: Մայր Աթոռի ճարտարապետաշինարարական բաժնի կողմից անցնող տարում աւարտին են հասցուել աւարտուել են 7-ը, իսկ ընթացքի մէջ են 18 շինարարական աշխատանքներ:

2016 թ. Մայր Աթոռի կողմից մեծ ծաւալի հոգեւոր-սոցիալական խնամատարութիւն է իրականացուել:

2016 թ. ապրիլեան պատերազմից յետոյ Ամենեան Հայոց Կաթողիկոսի հրաւէրով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխաւորութեամբ եւ թեմերի մասնակցութեամբ կազմակերպուած հանգանակութիւնների արդիւնքում մէկ միլիոն ԱՄՆ դոլար գումար է փոխանցուել Արցախի Հանրապետութեան կառավարութեան յատուկ հաշվեհամարին` ի զօրակցութիւն արցախահայութեան:

Ընդառաջ Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանի դիմումին, Մայր Աթոռ Ս. Էջմիածինը Տիրոջ Ս. Գերեզմանի նորոգութեան համար իր ընթացիկ բիւջէից կատարել է մէկ միլիոն ԱՄՆ դոլար գումարի փոխանցումը Պատրիարքարանին:

2016 թուականին իրենց գործունէութիւնն են շարունակել Մալաթիայի, Արաբկիրի, Նորքի, Էջմիածնի, Վանաձորի բարեգործական ճաշարանները, որտեղ օրական սնունդ է ստացել ընդհանուր թուով 1000 անձ:

«Նագգաշեան Մանուկների Տուն» երեխաների աջակցութեան կենտրոնում  խնամւում են 17 դեռահաս եւ 4 մանկահասակ աղջիկներ:

2016 թուականին «Իզմիրլեան» բժշկական կենտրոնի կողմից անհրաժեշտ բժշկական օգնութիւն է ցուցաբերուել հիւանդներին, բժշկախորհրդատուական օգնութիւն ցուցաբերելու նպատակով կազմակերպուել է բուժկենտրոնի մասնագէտներից կազմուած արտագնա բժշկական խումբ, որ այցելել է ՀՀ մարզեր եւ Արցախ:

Հաշուետու տարում նիւթական եւ դրամական աջակցութիւն է ցուցաբերուել Հայաստանի անապահով ընտանիքների, նաեւ` ապրիլեան պատերազմի ընթացքում զոհուած եւ վիրաւորում ստացած զինծառայողների, սահմանապահ զինուորների ընտանիքների, ծնողազուրկ երեխաների եւ Հայաստանում հաստատուած սիրիահայերի:

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը տարբեր ծրագրերի միջոցով աջակցութիւն է ցուցաբերել ութ հարիւր քսան միլիոն ՀՀ դրամ գումարի չափով:

Թեմերի կողմից եւս 2016 թուականին իրականացուել են հոգեւոր-քարոզչական, սոցիալական, կրթամշակութային բազմաբնոյթ ծրագրեր:

Գերագոյն հոգեւոր խորհուրդը գնահատանքով ողջունեց Հայոց Եկեղեցու լայնածաւալ գործունէութիւնը ներկայացնող զեկոյցը:

Ժողովն աւարտուեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան խօսքով եւ «Պահպանիչ» աղօթքով: