Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց
Սարդարապատի յուշահամալիր

         Մայիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցութեամբ այցելեց Սարդարապատի յուշահամալիր:

       Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի եւ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանի հետ ծաղկեպսակ զետեղեց յուշակոթողի առջեւ, ապա աղօթք բարձրացրեց մայիսեան հերոսամարտերում վասն Հայրենիքի եւ ազգային սրբութիւնների պաշտպանութեան զոհուած քաջարի հայորդիների հոգիների հանգստութեան համար:

           Այնուհետեւ Սարդարապատում Նորին Սրբութիւնը ներկայ գտնուեց Հայաստանի առաջին Հանրապետութեան եւ մայիսեան հերոսամարտերի 100-ամեակին նուիրուած միջոցառմանը:

     100-ամեայ յոբելեանի առիթով տեղի ունեցած «Յաղթանակների դար» զինուորական շքերթին իրենց մասնակցութիւնը բերեցին նաեւ ՀՀ Զինուած Ուժերում իրենց հոգեւոր ծառայութիւնը բերող շուրջ 70 գնդերեցները:

armenian3
Haghardzin Monastery photo by Vahagn Grigoryan (Armenien)

armenian3

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց
«Յաղթանակ» զբոսայգու յուշահամալիր

       Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Յաղթանակի ու խաղաղութեան տօնի եւ Շուշիի ազատագրման օրուայ առիթով, մայիսի 9-ին, ուղեկցութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների, այցելեց «Յաղթանակ» զբոսայգու յուշահամալիր:

         Անյայտ զինուորի յուշարձանին ծաղկեպսակներ զետեղելուց յետոյ Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեանը, պետական այրերը, ՀՀ-ում հաւատարմագրուած դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարներ ու հասարակական գործիչներ յարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախեան հերոսամարտում զոհուածների անմահ յիշտատակին:

       Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առ Աստուած աղօթեց նրանց հոգիների հանգստութեան համար:

      Վերջում Նորին Սրբութիւնը յաղթական եռատօնի կապակցութեամբ իր շնորհաւորանքներն ու հայրապետական բարեմաղթանքները բերեց նաեւ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:

armenian3

ՍԿՍԱՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԱՅՑԸ ՎԱՏԻԿԱՆ

Վատիկանի մէջ կատարուեցաւ
Ս. Գրիգոր Նարեկացիի արձանի բացումը

        Ապրիլի 4-ի երեկոյեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հրաւէրով Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, եղբայրական այցով ժամանեց Վատիկան` մասնակցելու Ս. Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողութեանը:

       Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցում էին ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը, Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը, Իտալիայի հայոց հոգեւոր հովիւ Հոգեշնորհ Տ․ Թովմայ վարդապետ Խաչատրեանը եւ Մայր Աթոռի Տեղեկատուական համակարգի տնօրէն Արժանապատիւ Տ. Վահրամ քահանայ Մելիքեանը:

     Ապրիլի 5-ի առաւօտեան Վեհափառ Հայրապետը պատուիրակութեան ուղեկցութեամբ մեկնեց Առաքելական պալատ, ուր տեղի ունեցաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ  Հռոմի Սրբազան Քահանայապետի առանձնազրոյցը:

     Հանդիպումից յետոյ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպէս նաեւ Լիբանանից ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի ու Հայ Կաթողիկէ Եկեղեցու Պատրիարք Ամենապատիւ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյեանի մասնակցութեամբ եւ ներկայութեամբ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի տեղի ունեցաւ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողութիւնը:

     2015 թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցուած Ս. Պատարագի ընթացքում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հայրերից Սուրբ Գրիգոր Նարեկացին Կաթոլիկ Եկեղեցու կողմից հռչակուել էր «Եկեղեցու վարդապետ»: Արձանի մանրակերտը ՀՀ նախագահի կողմից ընծայաբերուել էր Ֆրանցիսկոս Պապին 2016 թ. Հայաստան կատարած այցի շրջանակներում: Վատիկանի պարտէզում Ս․ Գրիգոր Նարեկացու բրոնզէ արձանը կանգնեցուել է Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Միքայէլ Մինասեանի եւ ռուսաստանաբնակ գործարար Արթուր Ջանիբեկեանի բարերարութեամբ եւ Վատիկանում ՀՀ դեսպանութեան մշակոյթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետեանի կազմակերպական ջանքերի շնորհիւ։ Արձանի հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դաւիթ Երեւանցին, ճարտարապետը՝ Միքայէլ Հասրաթեանը:

     Էկումենիկ արարողութեան ընթացքում հնչեցին Հայաստանեայց Առաքելական եւ Կաթոլիկ Եկեղեցիների շարականներ, ընթերցուեց հատուած Ս. Գրիգոր Նարեկացու աղօթամատեանից, որի ժամանակ տիար Միքայէլ Մինասեանը կատարեց սրբի արձանի բացումը։ Այնուհետեւ Ֆրանցիսկոս Քահանայապետը օրհնեց արձանը, որից յետոյ հովուապետերը աղօթքով հայցեցին սրբի բարեխօսութիւնը:

     Արարողութեանը նաեւ ներկայ էին ՀՀ ԱԺ պատգամաւորներ, ՀՀ կառավարութեան անդամներ, պետական այրեր, աշխարհասփիւռ հայոց տարբեր թեմերից ժամանած ուխտաւորներ։

armenian3Klicken Sie bitte das Bild für eine grössere Ansicht

armenian3

Լոյս տեսաւ Վազգէն Ա Կաթողիկոսի
քարոզներու եւ խօսքերու ժողովածուն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել երջանկայիշատակ Վազգէն Ա. Պալճեան (1955-1994թթ.) Ամենայն Հայոց Կաթողիկոսի Երկերի ժողովածուի Բ. հատորը`«Քարոզներ եւ խօսքեր» վերնագրով` նուիրուած Հայոց 130-րդ Հովուապետի ծննդեան 110-ամեակին:

Ժողովածուում տեղ են գտել Վազգէն Ա. Կաթողիկոսի` տարբեր եկեղեցական տօների եւ յիշարժան արարողութիւնների առիթներով խօսուած քարոզները, որոնք ի մի են բերուած ցայսօր Վեհափառ Հայրապետին նուիրուած ժողովածուներից եւ «Էջմիածին» ամսագրից:

Ժողովածուն հրատարակութեան է պատրաստուել Հրատարակչական բաժնի տնօրէն Արժանապատիւ Տ. Արարատ քահանայ Պողոսեանի ջանքերով:

Գիրքը տպագրուել է «Սարգիս Գաբրիէլեան» հիմնադրամի մեկենասութեամբ:

armenian3armenian3

Ս. Վարդանանց Տօնին Նուիրուած Հանդիսութիւն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ս. Վարդանանց Տօնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հրապարակուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի
Սրբատառ Կոնդակը

      Փետրուարի 8-ին Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց զօրավարների տօնը, որը նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անուանակոչութեան օրն է:

      Այս առիթով, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետութեամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցուեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը:  (Շար.)

armenian3

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
Շուեյցարիայի Ազգային խորհրդի պատուիրակութեանը

       Փետրուարի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շուեյցարիայի Համադաշնութեան Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բիւմանի (M. Dominique de Buman) գլխաւորած պատուիրակութեանը:

     Վեհափառ Հայրապետը, գոհունակութեամբ հաստատելով, որ հայ-շուեյցարական յարաբերութիւնները միշտ բարեկամական են եղել, ողջունեց պատուիրակութեան` երկու երկրների միջեւ համագործակցութեան առաւել զօրացմանն ուղղուած առաքելութիւնը: Նորին Սրբութիւնը գնահատանքով անդրադարձաւ այն կարեւոր զօրակցութեանը, որ Շուեյցարիան բերում է մեր երկրին` նպաստելով ինչպէս առկայ մարտահրաւէրների յաղթահարմանը, այնպէս եւ տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը:

      Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Շուեյցարիան, որտեղ գտնւում է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ), կարեւոր նշանակութիւն ունի նաեւ միջեկեղեցական կեանքում: Նորին Սրբութիւնը նշեց, որ Հայոց Եկեղեցին, անդամակցելով ԵՀԽ-ին, մասնակից է էկումենիկ շարժմանն այն համոզումով, որ կրօնական երկխօսութիւնը հիմնական դերակատարութիւն ունի ժողովուրդների միջեւ համերաշխութեան եւ խաղաղութեան հաստատման գործում: Վեհափառ Հայրապետը խօսեց Քոյր Եկեղեցիների հետ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու ջերմ կապերի եւ միջկրօնական յարաբերութիւնների մասին:

       Այս կապակցութեամբ Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց, որ Շուեյցարիան, հաւատարիմ իր դաւանած արժէքներին, միշտ մնա արդարութեան ջատագով եւ բարձրաձայնելով ճշմարտութիւնը` նպաստի ժողովուրդների միջեւ խաղաղութեան վերականգնմանը:

 Զրոյցի ընթացքում Շուեյցարիայի Համադաշնութեան Ազգային խորհրդի նախագահը շնորհակալու-թիւն յայտնեց ամենայն հայոց հոգեւոր կենտրոն այցելելու եւ Վեհափառ Հայրապետին հանդիպելու առիթով:

Պրն. Դոմինիկ դը Բիւմանը խօսեց հաւատքի կարեւորութեան մասին մարդկային կեանքում` տեղեկութիւններ փոխանցելով Շուեյցարիայի տարբեր կանտոններում Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնների վերաբերեալ առկայ մօտեցումների մասին:

     Ազգային խորհրդի նախագահը Նորին Սրբութեանը նաեւ ներկայացրեց Շուեյցարիայի կողմից իրականացուող միջազգային մարդասիրական եւ խաղաղասիրական գործունէութիւնը: Պրն. Դոմինիկ դը Բիւմանն անդրադարձաւ նաեւ Շուեյցարիայ-Հայաստան համագործակցութեանը` հաւաստիացնելով, որ Շուեյցարիան պիտի շարունակի իր զօրակցութիւնը բերել Հայաստանին: Հանդիպմանը խօսուեց ղարաբաղեան հակամարտու-թեան եւ դրա խաղաղ կարգաւորմանն ուղղուած Հայ Եկեղեցու ջանքերի մասին:

       Նորին Սրբութիւնը հիւրերին ներկայացրեց նաեւ Եկեղեցու հոգեւոր եւ սոցիալական առաքելութիւնը հայ ժողովրդի կեանքում, անդրադարձաւ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրաւէրներին:

     Վերջում Նորին Սրբութիւն Գարեգին Բ Կաթողիկոսը արդիւնաւոր առաքելութիւն մաղթեց պրն. Դոմինիկ դը Բիւմանի գլխաւորած պատուիրակութեանը` ի նպաստ երկու երկրների բարեկամութեան զօրացման եւ համագործակցութեան:

    Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը եւ Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը:

armenian3

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեցաւ
Արեւելեան Ուղղափառ-Կաթոլիկ երկխօսութեան յանձնախմբի անդամներու հետ

Փետրուարի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց յունուարի 30-ից փետրուարի 4-ը Մայր Աթոռում իր հերթական` 15-րդ հանդիպումն անցկացնող Արեւելեան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ աստուածաբանական երկխօսութեան միացեալ յանձնախմբի անդամներին:

Տարբեր երկրներից ժամանած շուրջ 30 մասնակիցներն այս օրերին քննարկում են եկեղեցաբանութեանն առնչուող մի շարք հարցեր` կենտրոնանալով հիմնականում ապաշխարութեան, ձեռնադրութեան եւ հիւանդաց օծման խորհուրդների վրայ:  (Շար.)

armenian3

armenian3

 Եկեղեցին Հայկական

Եկեղեցին Հայկական, ծննդավայրն է հոգւոյս,
Ինչպէս քարայր մ’ընդարձակ, պարզ ու խորհուրդ, մութ ու լոյս,
Իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն,
Կանգնած իր լուռ խորհանով, որ կարծես նաւ մ’է ծըփուն…

Եկեղեցին Հայկական, ես աչքըս գոց կը տեսնեմ,
Ու կը շնչեմ, կը լսեմ՝ իր Յիսուսով մանկադէմ,
Իր սեղանէն մխացող, գուլայ – գուլայ խունկերով,
Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխռով…

Եկեղեցին Հայկական բարձըր բե՛րդն է հաւատքին
Իմ պապերուս` որ հողէն զայն քար առ ար հանեցին
Եւ երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ , ամպ առ ամպ
Ու թաղուեցան անոր մէջ հանդարտութեամբ, հեզութեամբ…

Եկեղեցին Հայկական մեծ վարագոյր մ’ը բանուած,
Որուն ետեւ, սըկիհին մէջ, կ’իջնէ ի՛նքը Աստուած,
Որուն առջեւ՝ գլխահարկ կու գայ իմ ազգըս ամբողջ
Հաղորդուիլ անցեալին հաց ու գինւով կենսառողջ:

Եկեղեցին Հայկական՝ ծովուն դիմաց ալեկոծ
Նաւահանգիստ մ’է խաղաղ, ցուրտ գիշերին՝ հուր ու բոց,
Ու տռփակէզ ցերեկին անտառ մըն է ստուերոտ՝
Ուր շուշաններ կը ծաղկին Շարականի գետին մօտ:

Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի
Դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի.
Եկեղեցին Հայկական հայ հոգիին եւ մարմնոյն
Զըրահանդերձ է փայլուն՝ մինչ իր խաչերն են դաշոյն
Եւ զանգակներն են բոմբի՛ւն եւ երգերն է միշտ յաղթութիւն…

   

*Վահան Թէքէեան
Հայոց «Բանաստեղծներու Իշխան»
Ծնած է Պոլիս 1878-ին, մահացած Գահիրէի մէջ 1945-ին:
(Համառոտ կենսագրութեանը մասին կարդալ այս կայքին վրայ)

armenian3armenian3

Սուրբ Ծննդեան եւ Աստուածյայտնութեան տօնը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Յունուարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսաւորութեամբ նշուեց մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Աստուածյայտնութեան տօնը։ Տօնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցուեց հայրապետական Սուրբ Պատարագ:

Մայր Տաճարի զանգերի աւետաբեր ղօղանջների ներքոյ խաչվառազարդ թափօրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից ամպհովանիով առաջնորդեց դէպի Մայր Տաճար:

Հայրապետական ամպհովանին կրում էին գնդերեցներ Վոլոդեա սարկաւագ Նաջարեանը, Գեւորգ սարկաւագ Միրզոյեանը, Արթուր սարկաւագ Արամեանը եւ Սուրէն սարկաւագ Ջանիբեկեանը։

Հայրապետական իր օրհնութիւնը բաշխելով բարեպաշտ ժողովրդին՝ Հայոց Հայրապետը «Հրաշափառի» ներքոյ մուտք գործեց սուրբ տաճար։ Իջման Սուրբ Սեղանի առջեւ կատարուած երկրպագութիւնից յետոյ Նորին Սրբութիւնն ուղղուեց դէպի Աւագ խորան, որտեղ սկսուեց Հայրապետական Սուրբ Պատարագը։

Սրբազան արարողութեանը՝ որպէս առընթերականեր, սպասաւորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանն ու Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը։

Հայրապետական պատարագին այս տարի մասնակցում էին նաեւ տարբեր եկեղեցիներում ծառայող փոքրիկ դպիրներ` ի գնահատութիւն իրենց նուիրեալ սպասաւորութեան:

Ծննդեան Սուրբ Պատարագի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայութեանը փոխանցեց «Քրիստոս ծնաւ եւ եայտնեցաւ» հրեշտակաբարբառ աւետիսը՝ տօնի առիթով ամէնքին ուղղելով իր հայրապետական պատգամը։

armenian3

armenian3

” width=”20″ height=”20″>

This entry was posted in uncategorized. Bookmark the permalink.